07/06/2020

Մանվելի հորդորն ու վարչապետի գրառումը. ով է բացել սահմանը

Մանվելի հորդորն ու վարչապետի գրառումը. ով է բացել սահմանը

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գեներալ Մանվելի ամառանոցում ԱԱԾ բացահայտումները երրորդ հանրապետության խոշոր կոռուպցիոն սկանդալն են: Հստակեցման կարիք ունի իհարկե՝ առա՞յժմ խոշորն են, այսինքն՝ մինչ ա՞յժմ բացահայտվածների շարքում, թե՞ խոսքը վերաբերում է մի գործի, որը, այսպես ասած, կծիկի ծայրն է, եւ այն քանդելը արդեն, ըստ էության, տեխնիկական խնդիր է կամ ինչպես թեւավոր դարձած խոսքն է ասում՝ «ուչաստկովիի մակարդակի գործ»:

Կասկած լինել չի կարող, որ գեներալ Մանվելի ամառանոցի պահեստարաններում հայտնվածը չէր կարող գալ առանց քաղաքական համաձայնության կամ հովանու: Բանն այն է, որ խոսքը միայն ծավալների մասին չէ, այլ բնույթի: Այսինքն՝ գողացվել է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո եկածը կամ հավաքվածը: Այսինքն՝ գողություն է կատարվել մի ժամանակահատվածում, երբ ամեն ինչ, ըստ էության, պետք է որ լիներ խոշորացույցի ներքո, գերուշադիր եւ աչալուրջ հայացքի ներքո, որովհետև պատերազմ էր, եւ այդ պատերազմում մեր դիմադրունակությունը կախված էր ինչպես յուրաքանչյուր կյանքից, որոնցից ավելի քան 100-ը մենք չկարողացանք պահել, այնպես էլ կախված էր յուրաքանչյուր միավորից, ռեսուրսից, արկղից, արկից և այլն:

Ըստ այդմ՝ այստեղ առաջանում է ոչ միայն տանողի բարոյական եւ իրավական վարքագծի հարցը, այլ նաեւ թույլ տվողի եւ առաջին հերթին՝ նաեւ թույլ տվողի, որովհետեւ դա, ըստ էության, հավասարազոր էր սահմանը պահելուն: Այսինքն՝ քառօրյա պատերազմում կամ դրանից հետո զինվորի համար նախատեսվածը տանելը, ըստ էության, նշանակում է դիրք հանձնել՝ անկախ, թե ինչ են տարել: Ըստ այդմ՝ ինչ-որ մեկը չի պահել դիրքը, այս դեպքում թիկունքի: Հետևաբար, կա՛մ ինչ-որ մեկը ցուցաբերել է հանցավոր, ազգային անվտանգությանը սպառնացող անփութություն, կա՛մ տեղի է ունեցել գլոբալ դավադրություն, եւ «սահմանը» բացվել է այս դեպքում Մանվելի առաջ: Հետեւաբար, իրավիճակը պետք է գնահատվի նաեւ այս տրամաբանությամբ, եւ այդ դեպքում գուցե արդեն բոլորովին այլ մանրամասներ ի հայտ գան ոչ միայն տվյալ գործով գողությունից, այլ ընդհանրապես ապրիլյան քառօրյա պատերազմից եւ շատ ու շատ այլ գործերից:

Ահա այս համատեքստում է, որ բացահայտումը իրապես դառնում է երրորդ հանրապետության խոշորագույնը, որովհետեւ տվյալ պարագայում չափման միավորը կամ ելակետը գողացված կամ յուրացված փողի կամ երեւույթի ֆինանսատնտեսական ծավալի մասին չէ, այլ անվտանգության մակերեսի եւ խորության: Ի վերջո, դրանում գեներալ Մանվելը կարող է լինել իսկապես միայն մակերեսին ելածը, մինչդեռ առավել կարեւոր է դառնում բացահայտել այն, ինչ եղել է խորության մեջ, որովհետեւ, մեղմ ասած, չի բացառվում, որ խորության մեջ եղածը դեռ կա եւ շարունակում է գործել:

Մանվել Գրիգորյանը երեկ հայտարարությամբ է հանդես եկել՝ խորհրդարանին հորդորելով զրկել իրեն անձեռնմխելիությունից եւ ասելով, որ ինքը ունի հակափաստարկներ, որոնք կներկայացնի քննությանն ու կվերականգնի իր բարի համբավը: Դժվար է, իհարկե, պատկերացնել, թե ինչ ասել է հակափաստարկ եւ բարի համբավի վերականգնում, եւ անկասկած է նաեւ, որ անկախ Գրիգորյանի հորդորից՝ խորհրդարանը նրան կզրկեր անձեռնմխելիությունից: Տողատակում, սակայն, նրա հայտարարությունն ուշագրավ է, որովհետեւ գրեթե կասկած չկա, որ այս դեպքում էլ գործ կարող ենք ունենալ իրավիճակի հետ, երբ գեներալի նկուղում արտահայտվել է քաղաքական պայմանավորվածություն, ինչպես սուպերմարկետների բանջարեղենի բաժնում: Այսինքն՝ ամեն տեղ գործել է նույն տրամաբանությունը, որը սակայն հին համակարգում եղել է ոչ թե հանցավոր, այլ փոխշահավետ:

Այդ իմաստով, Մանվել Գրիգորյանի հորդորը խորհրդարանին իրականում ունի թերեւս լիովին հակառակ ենթատեքստ, եւ նա այդ առիթն օգտագործում է պարզապես հրապարակավ մեսիջ հղելու համար նրանց, ում հարկն է, որ՝ կա՛մ հոգ տանեն իր «բարի համբավի» մասին, կա՛մ խնդրի առաջ կկանգնի ոչ միայն ինքը: Ի դեպ, ահա այս համատեքստում էլ հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանի երեկ ֆեյսբուքյան էջում արած գրառումը, որ որոշ հեռուստաընկերություններ օգտվելով խոսքի անսահման ազատությունից՝ հակապետական քարոզչություն են իրականացնում, իշխանության հանդուրժողությունը ընկալելով իբրեւ թուլություն: Մի արեք, նրանց հորդորել էր Նիկոլ Փաշինյանը՝ չմանրամասնելով, թե հատկապես որ հեռուստաընկերության մասին էր խոսքը:

LIVE NOW

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: