06/20/2019

Պլեբիսցիտ Կապանում, որի արդյունքում մերժվեց համայնքապետ Աշոտը

Պլեբիսցիտ Կապանում, որի արդյունքում մերժվեց համայնքապետ Աշոտը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 5-ի կապանյան հանդիպումը, ամեն ինչից զատ, յուրօրինակ հանրաքվե էր լրջագույն մի հարցով՝ հանդուրժե՞լ Աշոտ Հայրապետյանին Կապանի համայնքի ղեկավարի աթոռին, թե՞ ոչ:

Հանդիպման առաջին րոպեներից հարցեր ուղղվեցին ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Աշոտ Հայրապետյանին:

Վարչապետը փորձեց խոսափողը տրամադրել համայնքապետին, բաց հրապարակը թնդաց սուլոցներից, մերժումի բացականչություններից:

Եվ Աշոտ Հայրապետյանը խոսելու հնարավորություն պարզապես չստացավ:

Հանդիպման ամբողջ ընթացքում հնչած բազում հարցերում նորանոր դրվագներ մատնանշվեցին, որոնք երիցս բացահայտեցին Կապանի համայնքապետի օտարված վիճակը համայնքի կյանքից:

Աշոտ Հայրապետյանի հրաժարականը պահանջող կոչեր հնչել էին նաեւ ապրիլ-մայիսյան ցույցերի ընթացքում, բայց դրանք մարդկանց առանձին խմբերի պահանջն էին, իսկ հիմա… Ըստ էության հուլիսի 5-ին Աշոտ Հայրապետյանի հրաժարականը պահանջեց գրեթե ողջ Կապանը:

Կշարունակի՞ Աշոտը պնդել, որ իր օրակարգում հրաժարականի հարց չկա, թե՞ կամավոր կհեռանա զբաղեցրած պաշտոնից. դա, անշուշտ, ժամանակը ցույց կտա: Սակայն տվյալ հարցի պատասխանն այլեւս կարեւոր չէ: Կարեւորն այն է, որը Կապանը վերջնականապես ու ցուցադրաբար մերժեց համայնքի ղեկավարի պաշտոնում (ինչ-ինչ հանգամանքների արդյունքում) հայտնված Աշոտ Հայրապետյանին եւ նրան մղեց քաղաքական կյանքի լուսանցք:

Երեւի պետք չէր այդչափ կորցնել սեփական դեմքը՝ չարափառ մարզպետի կիսատ-պռատ ժպիտին արժանանալու համար…

Երեւի պետք չէր Կապանի արժանապատվությունը մատաղ անել հրոսակի ոտքերի տակ…

Երեւի պետք չէր կապանյան իրականության բոլոր հարցերի առնչությամբ միեւնույն պատասխանը տալ՝ «Ես ոչ մի կապ չունեմ, դա թիմն է որոշում»:

Երեւի պետք չէր մարզկենտրոնում կուրորեն միանալ գաղութարարների կողմից ընդդեմ ազատ խոսքի հայտարարված պատերազմին, որ համահունչ էր միջնադարյան ինկվիզիցիայի ավանդույթներին:

«Սյունյաց երկիր»


ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: