06/20/2019

Զորաց քարերում ավարտվել է պեղումների հերթական փուլը

Զորաց քարերում ավարտվել է պեղումների հերթական փուլը

Օգոստոսի 1-ից 24-ը Զորաց քարեր հուշարձանի տարածքում հերթական պեղումներն էին կատարվում:

15 հոգուց բաղկացած հնագիտական արշավախումբը ղեկավարում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բնական գիտությունների եւ Գերմանիայի ԷՎԱՆ ակադեմիայի արտասահմանյան անդամ, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց - թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը:

Օգոստոսի 25-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբն այցելեց հուշարձանի տարածք: Սակայն Աշոտ Փիլիպոսյանն արդեն մեկնել էր Երեւան եւ մեր հանդիպումը չկայացավ:

Մենք զրույց ունեցանք «Զորաց քարեր» արգելոց - մասնաճյուղի վարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ճանաչված գեղանկարիչ Աշոտ Ավագյանի հետ  (լուսանկարում):

Նա բարձր գնահատեց արշավախմբի գործունեությունը՝ համառոտ ներկայացնելով եւ ցույց տալով կատարված աշխատանքները:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ կատարվող աշխատանքները կշարունակվեն նաեւ 2019-ին:

Ի դեպ, Զորաց քարերը շարունակում են գրավել Սյունիք այցելած զբոսաշրջիկների ուշադրությունը. օրական 200-300 զբոսաշրջիկ է այցելում հնավայր:

Աշոտ Ավագյանին, սակայն, հայտնի չեն պատճառները, թե ինչու 2018-ին հետաձգվեց հնավայրին կից նախատեսված օժանդակ կառույցների շինարարությունը:

Օգտվելով առիթից՝ հետաքրքրվեցինք ս.թ հունիսի 7-17-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում կազմակերպված ցուցահանդեսով, որին չորս գեղանկարով մասնակցել էր նաեւ սյունեցի գեղանկարիչ Աշոտ Ավագյանը, ինչը, անշուշտ, խոսակցության առանձին նյութ է:

Հ.Գ - 1

Օգոստոսի 27-ին հեռախոսազրույց ունեցանք արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի հետ՝ կամենալով ճշտել 2018թ. պեղումների արդյունքները: Նա մասնավորապես ասաց. «Հուշարձանի արեւելյան կողմում՝ ձորի մի եզրից մինչեւ մյուսը՝ մոտ 370 մ երկարությամբ, ուղղահայաց տեղադրված են բազալտե մեծ քարեր, որոնց մի մասն անցքեր ունի՝ հիմնականում վերին մասում: Այդ քարերի տակ նկատվում էին պատի շարվածքի մնացորդներ, որ սկսեցինք պեղել 2017-ին: Այդ ժամանակ բացեցինք մոտ 10 մ երկարությամբ պատաշար: Աշխատանքները շարունակեցինք այս տարի, եւ բացված պատաշարի երկարությունը հասցրինք 25 մետրի:

Պատաշարն ունի մոտ երկու մետր բարձրություն, 1,5-2,5 մ լայնք, որը նաեւ միացված է բնական ժայռին :

Եվ այդ պատաշարը ձգվում է հարավից հյուսիս:

Այս տարի պատաշարի մի հատվածում՝ պատի մեջ, բացվեց մարդկային թաղում: Կմախքի մնացորդների հետ հայտնաբերվեցին խեցու բեկորներ՝ մ.թ.ա. 7-6-րդ դարերին պատկանող, նաեւ ականջօղ ու ապարանջան:

Դա հավանաբար ուշ Ուրարտական կամ Աքեմենյան շրջանի թաղում պետք է լինի:

Դրանով մեկ անգամ եւս հաստատվեց, որ կառույցը պատկանում է մ.թ.ա 7-6-րդ դարերին:

Արշավախումբը միաժամանակ պեղումներ կատարեց հնավայրի դամբանադաշտում՝ 20 մ տրամագծով եւ կլոր քարաշար հիմքով պահպանված հատվածում: Պարզվեց, որ դամբարանն ուներ 7,6 մ երկարություն, մոտ 3 մ լայնք»:

Հ.Գ. - 2

Ե՛վ Աշոտ Փիլիպոսյանը, ե՛ւ Աշոտ Ավագյանը դատապարտեցին օգոստոսի 22-ին հնավայրում տեղի ունեցած միջադեպը:

Ըստ նրանց՝ Սիսիան քաղաքի մի խումբ բնակիչներ եկել էին պահանջելու, որ հուշարձանն այսուհետ եւս կոչվի աստղադիտարան ու ոչ թե բնակատեղի՝ դրա համար չունենալով գիտական որեւէ հիմնավորում:

Մոտ երկու ժամ այդ օրը դադարեցվել էին պեղումները:

Արշավախմբի անդամները դրսեւորել են զսպվածություն ու չեն արձագանքել քաղաքացիների հուզական քայլերին եւ արտահայտություններին:

Ինչ վերաբերվում է քաղաքացիների դիմումին՝ այդ առիթով երկրի պատկան մարմիններին հղած, ապա դա, ինչպես ասացին մեր զրուցակիցները, իրենց իրավունքն է, սակայն որեւէ կերպ չի կարող անդրադառնալ Զորաց քարերում հետագայում եւս կատարվող հնագիտական աշխատանքներին:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: