06/20/2019

Սիսիանի մի խումբ քաղաքացիներ դեմ են Զորաց քարերում իրականացվող պեղումներին

 Սիսիանի մի խումբ քաղաքացիներ  դեմ են Զորաց քարերում իրականացվող  պեղումներին

Սիսիան քաղաքի մի խումբ բնակիչներ օգոստոսի 22-ին այցելել են Զորաց քարեր հնավայր եւ իրենց դժգոհությունն արտահայտել տարիներ շարունակ այնտեղ կատարվող հնագիտական աշխատանքների առիթով:

Ինչո՞վ է պայմանավորված քաղաքացիների դիրքորոշումը:

Նրանց նկատառումներին ծանոթանալու համար հրապարակում են հանրապետության պատկան մարմիններին հղած դիմումները՝ եզրակացությունը, բնականաբար, թողնելով հնագետներին եւ ոչ ամենեւին տեղական հայրենասիրությամբ առաջնորդվողներին, ինչն, անշուշտ, գնահատելի է…                                                                       

«Սյունյաց երկիր»  

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 

ՀՀ գլխավոր դատախազ  Արթուր Դավթյանին 

ՀՀ մշակույթի նախարար  Լիլիթ  Մակունցին 

ՀՀ  կրթության և գիտության նախարար  Արայիկ Հարությունյանին

 

Սույն թվականի օգոստոսի 20-ին Զորաց քարեր արգելոցի տնօրեն Աշոտ Ավագյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ պեղումներ են իրականացվում այդ տարածքում: 22.08.2018թ. նախաձեռնող խմբով այցելեցինք հուշարձան, պահանջեցինք պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանին՝ դադարեցնել պեղումները: Խոսակցության ընթացքում, և դիտելով նրա նախորդ գիտարշավների արդյունքում տված հարցազրույցն այդ թեմայի վերաբերյալ, մեզ պարզ դարձավ, որ նա ի սկզբանե հակված է Զորաց քարերը հնագույն աստղադիտարան լինելու փաստը  ժխտելուն և ակադեմիկոս Պ. Հերունուն պախարակելուն:

Պարզեցինք, որ պեղումներն իրականացվում են ոչ առաջին տարին: Պեղումներն իրականացվում են հուշարձանի մաս հանդիսացող մի քանի դամբարաններում: Բայց հուշարձանի գլխավոր առանձնահատկություն հանդիսացող մենհիրները (ուղղահայաց կանգնեցված քարեր) չեն պեղվել: Նշենք, որ ակադեմիկոս Պ. Հերունունու` հուշարձանի աստղադիտարան լինելու ապացույցներն արվել են մենհիրնների չափումներով: Որոշ հաշվարկներով տուրիստական ակտիվ շրջանում հուշարձան այցելուների թիվը հասնում է օրական 500-600-ի: Տեղում զրուցելով մի քանի զբոսավարների հետ, նրանք նույնպես մտահոգություն էին հայտնում պրն. Փիլիպոսյանի մամլո ասուլիսների վերաբերյալ, որտեղ ևս հերքում է Զորաց քարերի (հեգնանքով, կոշտ որակումներով) աստղադիտարան լինելը: Զբոսավարները հայտարարում էին, որ եթե զբոսաշրջիկներին հետաքրքրեն դամբարանադաշտերը, նրանք կայցելեն ք. Երևանում գտնվող Կարմիր բլուր դամբարանադաշտ կամ Մեծամորի թանգարան: Բայց նրանք Երևանից անցնում են 220 կմ անմխիթար ճանապարհով, որպեսզի տեսնեն աշխարհի հնագույն աստղադիտարանը:

Հորդորում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու այդ վանդալիզմը, քանի որ Սիսիանի ազգաբնակչության մոտ պայթունավտանգ իրավիճակ է պեղումներ իրականացնողների հանդեպ:

Շատ ցավալի է, որ Կրթության նախարարության սուղ միջոցներն ուղղված են հայրենիքի պատմամշակութային արժեքների ոչնչացմանը:

 

Սիսիանի նախաձեռնող խումբ

22.08.2018թ

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: