10/22/2019

Ոգու այրող ուժը

Ոգու այրող ուժը

Ջերմուկցի բանաստեղծ Վարդգես Խանոյանը նոր անուն չէ հայ գրական դաշտում:Ծնվել է Եղեգնաձորի շրջանի Շատին գյուղում 1949 թվականին: Հայրենի գյուղում ստանալով միջնակարգ կրթություն՝ տեղափոխվել է գեղատեսիլ Ջերմուկ քաղաք: Մինչ օրս լույս էին տեսել նրա երեք ժողովածուները՝ «Հրաշալի քաղաքացին» , «Արեւի ձայն», «Քաջերը մահ չունեն» (արձակ):

Եվ ահա ընթերցողի գրասեղանին է Խանոյանի բանաստեղծությունների նոր գիրքը ՝ «Թախծի ծառ» անչափ խորհրդանշական խորագրով:Սույնի մեջ ընդգրկված են վայոցձորցի ճանաչված բանաստեղծի անցած գրական երկարամյա ճանապարհի լավագույն գործերը:

Այս գրքով եւս Վարդգես Խանոյանը գեղեցիկ պատկերավոր խոսքով հիմնավորապես փաստարկում է, որ ինքը բանաստեղծ է ծնվել բնության մի վերին խորհրդով ՝ կամոքն Աստծո: Նա  բնավ ճիգեր չի գործադրում բանաստեղծ երեւալու համար: Նրա տողերը զտարյուն բանաստեղծական պատկերներ են՝ խորիմաստ ու խորաքանդակ, խտացված կենսահյութով լեցուն:

Վարդգես Խանոյան բանաստեղծը սույն գրքով մեջբերում է հայրենի վայոցձորյան բնաշխարհի վեհությունը, նրա մարդկանց ապրումների եւ հույզերի խորին փիլիսոփայությունը, անկեղծ հուզականությունն ու դրամատիզմը: Այնուամենայնիվ, նրա քնարերգության էջերում գերիշխողը խաղաղ զրույցն է, խաղաղ երգն ու ասքը: Այդ խաղաղ ընթացքին անկեղծորեն ու աննկատ միախառնվում է խոսքի  հանդիսավորությունը, ոգու պաթետիկան:

Վարդգես Խանոյանը խոսում է պատկերներով եւ ոգով միաժամանակ: Ոգին խոսում է պատկերով, պատկերը թեժացնում, բորբոքում է ոգու կրակը: Սա իսկական բանաստեղծին բնորոշ հատկանիշ է, բանաստեղծական ճշմարիտ հասունության եւ վարպետության գրավականն ու առհավատչյան:

Նրա յուրաքանչյուր բանաստեղծություն պատկերավոր եւ պատկերաքանդակ համեմատությունների գեղեցիկ փունջ է՝ լցված սիրով, ծիածանի երփներանգ գույներով, հույսի բջիջներով, հավատի կենսունակ լիցքերով: Միայն այդպիսի հատկանիշների տեր բանաստեղծի գրիչը կարող էր արձանագրել.

Այս ծաղիկները,

Այս ծաղիկները,

                Որ ելնում են հողի սրտից,

    Տաք կարոտներ են

   Հավերժող սեր են,

                               Մորս շշուկներն են հաղորդում ինձ:

Վարդգես Խանոյանը չի գնում տրորված, հաշմված ճանապարհներով, այլ փորձում է գտնել բանաստեղծական ուրույն այն արահետը, որն այսուհետեւ լոկ իրենն է պատկանելու: Հենց այդ՝ զուտ խանոյանական արահետներով է շարժվում բանաստեղծը՝ ստեղծելով գունագեղ, ինքնատիպ բանաստեղծական շարքեր հուզավճիտ երգերը:

Բանաստեղծը երգեր է հնչեցնում իր ծննդավայր-բնօրրանի՝ աննման Վայոց ձորի պատվին, փառաբանում հայրենի եզերքի շռայլ ՝ լուսազարդ ու արեւազարդ գարուններն ու աշունները : Տարվա բանաստեղծական ժպիտներն են արտացոլվում նրա տողերում:

Ահա «Ջերմուկի գարունը» երգերով մեզ հետ այսպես է խոսում բանաստեղծը.

 

   Ջրվեժի ճիչը դառնում է երգ,

  Եվ փրփրում է Արփա գետը,

Եվ ծիածանով ծաղիկների

     Ձգվում է գարնան արահետը:

 

Ժայռերի վրա ժանիքավոր

    Օրը դնում է մամռոտ խալեր,

 Եվ գարունացած երազներս

             Թռչում են անվերջ սարերն ի վեր...

Վարդգես Խանոյանը բանաստեղծական վեհառատ հիմներ է ձոնել հայոց հայրենիքին, մեր երկրի նշանավոր որդիներին՝ Համո Սահյանին, Գուսան Հայրիկին, պատանի նահատակ բանաստեղծ Աղվան Մինասյանին, Արցախ աշխարհի ծնունդ, գրող, գրականագետ Սոկրատ Խանյանին:

«Հայաստան» խորագրով այս գողտրիկ երգի մեղեդիներում մեր հինավուրց ու  նորոգ պատմության խորհուրդն է ամբարված.

Իմ մտածումների հեռու կանչերից

թերթում եմ ահա

մագաղաթներդ՝

արցունքներիս շարված բազմակետերով՝

կույրի այբուբենով...

Ու շարժվում են վրան մատներիս ծայրերը,

աչքերիս մեջ, սակայն, արեւը...

Գուցե կետ-այբուբեն չէ,

այլ տառերիդ սրտազարկերը...

«Թախծի ծաղիկ» ժողովածուն կրկին անգամ վկայում է, որ Վարդգես Խանոյանը ինքնատիպ բանաստեղծական աշխարհ ունեցող ստեղծագործող անհատ է, եւ նրա երգերն ուրույն գույներով եւ երանգներով շարունակում են հարստացնել հայրենի Վայոց ձորի եւ Հայաստան երկրի հոգեւոր կենսագրությունը:

Արմեն Կարապետյան

պատմաբան,

բանաստեղծ,

հրապարակագիր

                                                                                                                  

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: