11/19/2019

Ում են պետք կեղծ կայքերն ու ինչի չեն պայթեցնում փուչիկները

Ում են պետք կեղծ կայքերն ու ինչի չեն պայթեցնում փուչիկները

Մարդկանց ապակողմնորոշելը բավական հեշտ է հատկապես սոցիալական հարթակներում։ Ամենաանհետաքրքիր նյութին դրվում է ուշագրավ վերնագիր, հիմանակում՝ «Տարածեք քանի չեն ջնջել», «Նոր սկանդալ» կամ «Հրատապ» և նման կերպ վաճառում իրենց անհետաքրքիր արտադրանքը։ Իհարկե սա մեդիամարկետինգի տարր կարելի էր համարել, եթե նման անիմաստ վերնագրերին վարժված հասարակությանը չփորձեին ապակողմնորոշել երևակայական նյութերով, զարհուրելի վերլուծություններով և միայն իրենց հայտնի պատճառներով ակնհայտ սուտը տարածելով։ Սա բացարձակ լրատվամիջոցների խնդիրը չէ։ Ամեն օր բացվում են կեղծ կայքեր, որոնք ողողում են սոցիալական հարթակներն իրենց «Բացառիկ» լուրերով՝ ստվեր գցելով լրատվամիջոցների վրա։

Ի՞նչի համար է սա արվում։ Պարզ է, որ ոչ ոք պարապ չէ ինքնանպատակ կայքեր բացելու և սեփական երևակայության արգասիքը վերջին ճշմարտության տեղ հրամցնելու համար։ Բացի քլիքով գումար աշխատելու «ծանրակշիռ» պատճառից մարդկանց ուղեղը լվալու միտումը բացատրվում է նաև այլ հանգամանքներով։ Այս կեղծ կայքերը իրականացնում են պատվիրատուների օրվա հրամայականը՝ կաթիլային ռեժիմով ներարկելով բացարձակ սուտը։ Ցավոք սա գործուն մեթոդ է և բանն ասելով է լինում։ Օվերտոնի պատուհանի մեթոդն անխնա օգտագործվում է տվյալ պարագայում։ Վերցնում են սևացման ենթակա մարդուն կամ կառույցը, սկսում են հետևողական վատաբանել, այնուհետ ցեխ շպրտել, հետո էլ անցնել բոլոր սահմանները։ Նրանք ստեղծում են կեղծ պատմություններ, կեղծ ժամանակագրություն և եթե նրանց գրած վերջին նյութն է հասնում ընթերցողին, ապա անտեղյակ ընթերցողը, եթե անգամ փնտրի էլ իր կարդացածի մասին ավելի վաղ ու համապարփակ տեղեկատվություն, ապա փնտրման համակարգերը նրան ուղղորդելու են նույն կեղծ կայքի ստեղծած պատմությանը։ Այսպես ոչնչանում են մարդիկ, անուններ, կառույցներ։ Առաջացած հարցին էլ, որ մարդիկ այդքան միամիտ չեն, հավատալու համար ամեն հեքիաթի, ապա արդեն վաղուց դա այդպես չէ։ Այսօր սոցհարթակը լի է միայն նյութերի վերնագրերը կարդացող և դրանից եզրակացություններ անող օգտատերերով։ Մարդիկ չեն կարդում նյութը՝ բավարարվելով վերնագրով և այս խայծը հրաշալի օգտագործում են կեղծ կայքերի ղեկավարները։ Ժամանակ առ ժամանակ այս կայքերի դեմ պայքար է ձեռնարկում մեդիապատասխանատուների, խմբագիրների կողմից, սակայն կանխարգելիչ որևէ միջոցառում, նրանց գործունեությունը սահմանափակող իրավական ակտ դեռևս չկա։

Այս միջավայրում ընթերցողի համար կողմնորոշվելը բարդ է, հաստատ անլուրջ է նրան հաստափոր ուղեցույց առաջարկելը, թե ինչ կարդա, ինչ չկարդա, ով է սուտ, ով է ճիշտ, որն է պատվերը, որը լրագրողական հետաքննությունը։ մարդիկ կարդում են այն ինչ հայտնվում է նրանց էջերին։ Ավելին՝ մարդիկ կարող են ժամերով մեկնաբանություններ գրել որևէ տեղեկատվական աղբի մասին՝ դրանով նպաստելով կեղծ ինֆորմացիայի լեգիտիմացման գործընթացին։ Նախկինում լրատվական զգայուն դաշտն օգտվում էր կեղծ փուչիկի կանոնից, երբ հասարակական տրամադրություն ստուգելու համար որևէ տեղեկատվութոյւն էր հայտնվում լրատվամիջոցի կողմից։ Այնուհետև ըստ ստացված ռեակցիայի հերքում կամ հաստատվում է լուրը։ Ընդ որում նման փուչիկներ ամեն օր չէր, որ բաց էր թողնվում։ Այսօր կեղծ կայքերը գերազանցում են աշխարհի բոլոր բաց թողնված փուչիկներին, ընդ որում գերազանցում են ռեկորդային արագությամբ և ամեն օր։ Արդյունքում ընթերցողից բացի տուժում են մյուս լրատվամիջոցները, որոնց մատուցածի իսկությունը դեռ չընթերցած կասկածի տակ է հայտնվում։

armdaily.am

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: