07/24/2019

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամները փորձել են ներխուժել վեհարան, ոստիկանությունը կանխել է այն

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամները փորձել են ներխուժել վեհարան, ոստիկանությունը կանխել է այն

Քիչ առաջ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամները փորձել են ներխուժել  Մայր Աթոռի տարածք, այնտեղից՝ վեհարան, սակայն տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները կանխել են փորձը:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից:

Բերման ենթարկվածներ չկան:

Tert.am-ը փորձեց կապվել շարժման անդամներից Կարեն Պետրոսյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց հեռախոսազանգերին:

Tert.am -ի հետ զրույցում Մայր աթոռի տեղեկատվական համակարգի համակարգող Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հայտնեց.

«Երբ պետք է Գերագույն հոգևոր խորհրդի նիստը սկսվեր, այս տխրահռչակ նախաձեռնության անդամները Մայր Աթոռի պարսպից դուրս՝ դիվանատան հետնամասում, սկսեցին նորից վանկարկումներ անել և նաև փորձ արեցին ներխուժելու դիվանատան տարածք, սակայն պարիսպները փակ էին, այնպես որ չհաջողելով թողեցին հեռացան»։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանը Վեհափառ Հայրապետի անվտանգությունն ապահովելու մասին նախագիծ էր ներկայացրել, սակայն կառավարությունը մերժել էր այն:

Հարցին, թե այսօրվա դեպքը վկայո՞ւմ է, որ, այնուամենայնիվ, Կաթողոիկոսին պետք է անվտանգություն, Տեր Վահրամը պատասխանեց. «Մայր Աթոռն իսկապես Վեհափառ Հայրապետի պաշտպանության խնդիր չունի, Ամենայն հայոց կաթողիկոսների պաշտպանությունն ու անվտանգությունն իրենց ժողովուրդն է, ծառայությունը եկեղեցում և վաստակը, հետևաբար, անվտանգության առումով մասնավոր միջոցներ ձեռնարկելու իմաստ չենք տեսնում, սակայն այլ հարց, որ նմանօրինակ խնդիրները պետք է կարգավորված լինեն համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով, որպեսզի ամեն մեկն իր մտքի ուզածը չկարողանա անել եկեղեցապատկան տարածքներում»։

Հիշեցնենք, որ Մայր աթոռում երեկվանից սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ

 

 

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: