11/22/2019

Շուռնուխում սեփական հողեր չլինելու պատճառով աճ չկա

Շուռնուխում սեփական հողեր չլինելու պատճառով աճ չկա

Գորիս խոշորացված համայնքի կազմում գտնվող Շուռնուղ գյուղում ժողովրդագրական պատկերի փոփոխություն չկա: 46 տնտեսությունը մնայուն է, քանի որ գյուղը չունի  հողատարածք նոր տներ կառուցելու համար:

Շուռնուխում ժողովրդագրական փոփոխությունների մասին խոսք լինել չի կարող, քանի որ չկա սեփական հողատարծք ու բնակարանաշինություն: Դպրոցում սովորում է 22 աշակերտ,այս տարի ունեցել են մեկ  շրջանավարտ  և 1 առաջին դասարանցի:  Հաջորդ տարում էլ է 1 երեխա գնալու առաջին դասարան, եթե նրա ծնողները չտեղափոխվեն քաղաք՝ Գորիս կամ Ղափան ապրելու: Երիտասարդների ամուսնության խնդիրն ավելի բարդ է, եթե տուն չունեն, ապա ամուսնանլուց հետո հեռանալու են գյուղից: Գորիս խոշորացված համայնքի ղեկավարը նոր առաջարկ է ներկայացրել Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանին վերակառուցել նախկին գյուղխորհրդի ռմբակոծված շենքը, որտեղ կարող է ապրել 4 ընտանիք:

46 տնտեսություն և 130 բնակիչ ունեցող գյուղում փոփոխություններ ակնկալել հնարավոր չէ, քանի որ չունեն սեփական եկամուտներ: Շուռնուխցիները զբաղվում են անասնապահությամբ և օգտվում են Արցախի Քաշաթաղի շրջանի արոտավայրերից, որոնք սահմանակից են գյուղին: Պատերազմի հրադադարից ի վեր Շուռնուխը վերաբնակեցվել է ազատամարտիկների ընտանիքներով:

Գյուղի հնաբնակներից է Լաուրա Թովմասյանի ընտանիքը: Ամուսինն աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, որն առավել հայտնի է Մերգելյան ինստիտուտ անվամբ, Արցախյան պատերազմի տարիներին մերգելյանականները նույնպես զինվորագրվել են հայրենիքի պաշտպանությանը, այդ թվում Լաուրայի ամուսինը:

,,1990 թվականից ենք եկել Շուռնուխ և հիմնավորվել 3 երեխաներիս հետ միասին,,:

Գյումրեցի Լաուրան  հարազատներից հեռու արդեն հարմարվել է գյուղի կյանքին, արմատներ գցել Սյունիքում: Աղջիկներն ամուսնացել են, երեխաներ ունեն, մեկն ապրում է Շուռնուխում, մյուսը՝Քաջարանում: Առողջական խնդիրների պատճառով Լաուրա  Թովմասյանը  վերջին տարիներին հող քիչ է մշակում, անասուններ ու մեղուներ են պահում: Բակը լցված էր փեթակներով, դրանք վերանորոգման կարիք ունեին, մեծ մասն արջն էր վնասել:

,,Փեթակներն անտառում էին դրված, մոտը մարդ չկար, բերքը հավաքելու, այսինքն մեղրը քամելու ժամանակ, գնացինք ու տեսանք, որ փեթակները վնասված են ու մեղր չկա,,:

Բացի դրանից մեղուների անկում է նկատվել անցած 2 տարվա ընթացքում:  Երաշտի պատճառով էլ այս տարի   բերք չեն ստացել: Իրացման դժվարություն չունեն, տունը մայրուղու վրա է գտնվում և հեշտ են իրացնում մեղրը՝ գալիս, տնից տանում են:

Տեղացիներին պահում է նաև անտառը, Հայանտառի և Արցախանտառի միջոցով փայտ են բերում և վաճառում կամ փոխանակում այլ մթերքներով: Անտառից թույլատրվում է միայն թափուկներ բերել, այսինքն՝ արդեն փտած փայտ:

Շուռնուխում փակ դռներ կան, բայց քիչ են: Քաղաք տեղափոխվածների համար այն դարձել է ամառանոց:

armradio.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: