11/22/2019

Պատգամավոր Հայկ Կոնջորյանը դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից

Պատգամավոր Հայկ Կոնջորյանը դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից

ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Հայկ Կոնջորյանը դադարեցնում է կուսակցությանն իր անդամակցությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Կոնջորյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ այս պահից ես դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը: Այս որոշումը պայմանավորված է կուսակցության ապագա գործունեության շուրջ իմ ունեցած մոտեցումների տարբերությամբ: Ես խորապես շնորհակալ եմ «Լուսավոր Հայաստան»-ի իմ ընկերներին անցած համատեղ ճանապարհի համար և հաջողություն եմ մաղթում նրանց՝ ապագա ձեռնարկումներում: 

Ես հավատում եմ, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը մեր պայծառ ապագայի գլխավոր շանսն է: Ես գիտեմ, որ անցյալի ուրվականը դեռ թափառում է Հայաստանում: Ես համոզված եմ, որ ապագայի և անցյալի կռվում պիտի կանգնել հեղափոխության կողքին ուղղակիորեն, անմիջականորեն, ուս-ուսի տված: Ուստի, ես իմ ուղղակի և անվերապահ աջակցությունն եմ հայտնում Նիկոլ Փաշինյանին և հեղափոխությանը Հայաստանի համար այս բախտորոշ ժամանակներում և իմ քաղաքական գործունեությունը իրականացնելու եմ հեղափոխության թիմի հետ միասին, որովհետև մեր պետության նավը դուրս է եկել ծով, որը լի է փոթորիկներով և ծովահեններով, իսկ առագաստը պիտի պահել ամուր, որովհետև նավը պիտի հասնի մեր երազանքների ափին»,- գրել է պատգամավորը:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: