11/18/2019

Դե ֆակտո ժողովրդին վերադարձված իշխանությունն այսօր ժողովրդին է վերադարձվում նաև դե յուրե. Նիկոլ Փաշինյան

Դե ֆակտո ժողովրդին վերադարձված իշխանությունն այսօր ժողովրդին է վերադարձվում նաև դե յուրե. Նիկոլ Փաշինյան

«Ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո մենք Հայաստանի իշխանությունը լիարժեքորեն վերադարձնում ենք Հայաստանի քաղաքացիներին», - այսօր Ազգային ժողովում իր ելույթում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պահը պատմական գնահատելով։

«Ուզում եմ գնահատել այս պահի պատմականությունը։ Պատմականությունն այն չէ, որ Ազգային ժողովը լուծարվում է և մենք ունենալու ենք առաջին անգամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ մեր երկրում։ Պատմականությունն այն է, որ ապրիլ-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո մենք Հայաստանի Հանրապետության իշխանությունը լիարժեքորեն վերադարձնում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, և հետագա քաղաքական պրոցեսների ճակատագիրը որոշելու ամբողջ լիազորությունը վերադարձնում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և ժողովրդին», - ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ ի վիճակի են լինելու ապահովել ընտրությունների 100 տոկոսով օրինականությունը։

«Այսինքն՝ մենք այսօր երեկոյան արդեն, կամ վաղն առավոտյան ունենալու ենք մի իրավիճակ, երբ չունենք լիարժեք լիազորությունների մեջ գտնվող Ազգային ժողով, չունենք կառավարություն, որովհետև պաշտոնակատար է կառավարության, և մենք ի վիճակի ենք լինելու ապահովել ընտրությունների 100 տոկոսով օրինականությունը և մենք բոլորս վստահ կլինենք, որ ընտրությունների արդյունքները ձևավորվել են ժողովրդի կամարտահայտման արդյունքում։ Հետևաբար այսօր մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը հասնում է լրումի, երբ դե ֆակտո ժողովրդին վերադարձված իշխանությունը ժողովրդին է վերադարձվում նաև դե յուրե, և ժողովուրդն ունի հնարավորություն դեկտեմբերին կայացրած դե յուրե որոշմամբ և դե ֆակտո որոշմամբ որոշել իշխանության հետագա ճակատագիրը Հայաստանի Հանրապետությունում։ Ես հույս ունեմ և ես համոզված եմ, որ ժողովուրդը ամուր կպահի իր ձեռքում իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում՝ ոչ միայն հիմա այլև ընդմիշտ և այլևս երբեք այդ իշխանությունը բաց չի թողնի իր ձեռքերից», - ասաց Փաշինյանը։

Ազգային ժողովում ասյօր տեղի կունենա վարչապետի ընտրության հարցով քվեարկությունը։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջադրված միակ թեկնածուն է: Այս առաջադրումը, ինչպես և նախորդը, ֆորմալ բնույթ է կրում։

«Այս ամենն արվում է, որպեսզի ապահովենք Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի լիարժեք կիրառումը», - նիստի մեկնարկին հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։

Եթե խորհրդարանն այսօր էլ վարչապետ չընտրի, ապա իրավունքի ուժով Ազգային ժողովը կարձակվի, և դեկտեմբերին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Փաշինյան նախքան նիստը «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց, որ ընտրություններն, ըստ պայմանավորվածության, տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։

 
azatutyum.am
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: