10/22/2019

«Կատարել ենք մեր ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները». Նիկոլ Փաշինյան

«Կատարել ենք մեր ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները». Նիկոլ Փաշինյան

«Խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրվա դրությամբ մենք կատարել ենք մեր ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորություններն՝ առանց բացառության», - այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն իրականացված վեց կետերը թվարկեց, նշելով՝ Հայաստանում իշխանությունն ամբողջությամբ վերադարձված է ժողովրդին։

«Մենք խոստացել էինք, որ եթե Հայաստանի ժողովուրդն արտահայտի իր կամքը, մենք կապահովենք Սերժ Սարգսյանի և նրա թիմի հեռացումը իշխանությունից, ընդ որում՝ բացարձակապես խաղաղ ճանապարհով։ Այդ պարտավորությունը լիարժեք կատարված է։ Մենք խոստացել էինք, որ Հայաստանում ընտրությունների արդյունքների կեղծման պրակտիկան արմատախիլ կարվի, իշխանության ձևավորումը տեղի կունենա բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով։ 2018 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած Երևանի ավագանու և հոկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ պարտավորությունը լիարժեք կատարված է։ Երրորդ՝ մենք խոստացել էինք անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ, պարտավորությունը լիարժեք կատարված է, իհարկե կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվում է, և ժողովրդից մանդատ ստանալու դեպքում մենք այդ պայքարը կշարունակենք», - ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը շարունակեց՝ խոստացել էին վերացնել արհեստական տնտեսական մենաշնորհները, և այսօր որևէ շուկայում մուտքի խոչընդոտներ և այլ սահմանափակումներ չկան։ «Ի հայտ են գալիս և կգան նոր խաղացողներ, հետևաբար՝ պարտավորությունը լիարժեք կատարված է։ Խոստացել էինք, որ Հայաստանում չեն լինի արտոնյալ անձինք և կապահովվի օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, պարտավորությունը լիարժեք կատարված է։ Վեցերորդ՝ խոստացել էինք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, պարտավորությունը լիարժեք կատարված է։ Այս ամենի եզրակացությունը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունն ամբողջությամբ վերադարձված է ժողովրդին և իսկապես պատկանում է ժողովրդին», - ասաց Նիկոլ Փաշինյանը, շարունակելով՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իր ունեցած մեկ քվեով առաջիկա խորհրդարանական ընտրություններում որոշելու է երկրի հետագա ճակատագիրը։

 

 azatutyun.am

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: