07/24/2019

ԿԸՀ-ն սահմանեց նախընտրական քարոզչության ընթացքում եթերաժամ տրամադրելու կարգը

ԿԸՀ-ն սահմանեց նախընտրական քարոզչության ընթացքում եթերաժամ տրամադրելու կարգը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր գումարած արտահերթ նիստում սահմանել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ և Հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը:

Համաձայն ԿԸՀ սահմանած կարգի՝ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ և Հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով:

Ինչպես հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը, Հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվում է ժամը 19:30-ից: Հանրային ռադիոյով եթերաժամ կտրամադրվի ժամը 13:30-ից և ժամը 19:45-ից։ Տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով՝ նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել ոչ ավելի քան 30 րոպե։

Ընտրություններին մասնակցող կուսակցությանը, դաշինքին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով Հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 30 րոպե անվճար և 60 րոպե վճարովի եթերաժամ։ Ընդ որում՝ նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ՝ օրը 2 րոպե անվճար և 5 րոպե վճարովի, դեկտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ՝ օրը 3 րոպե անվճար և 5 րոպե վճարովի։

Հանրային ռադիոն ընտրություններին մասնակցող կուսակցությանը, դաշինքին տրամադրում է 60 րոպե անվճար և 90 րոպե վճարովի եթերաժամ։ Ընդ որում՝ նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ՝ օրական երկու անգամ` 2 րոպե անվճար և 3 րոպե վճարովի, դեկտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ՝ օրական երկու անգամ` 3 րոպե անվճար և 4 րոպե վճարովի։ Դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ՝ օրական երկու անգամ` 3 րոպե անվճար և 5 րոպե վճարովի հիմունքներով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է նաև, որ ԿԸՀ համացանցային կայքում, «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժնում, որոնման հնարավորությամբ տեղադրված են ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակները: ԿԸՀ կայքում զետեղված ընտրողների ռեգիստրը հնարավորություն է տալիս նաև ստանալու տեղեկատվություն ընտրական տեղամասերի և միևնույն հասցեում հաշվառված բոլոր ընտրողների վերաբերյալ:

azatutyun.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: