11/18/2019

ՀՀ նախագահի գրասենյակը պարզաբանում է տարածել ՀԱՊԿ-ի հարցով

ՀՀ նախագահի գրասենյակը պարզաբանում է տարածել ՀԱՊԿ-ի հարցով

Հանրապետության նախագահն իր գործունեությունն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, երեկ նման պարզաբանում է տարածել նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակը՝ նշելով, որ վերջին շրջանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ որոշ լրատվամիջոցներում կարծիքներ են հնչում Հանրապետության նախագահի կողմից միջամտության անհրաժեշտության մասին։

«Հանրապետության նախագահն իր գործունեությունն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների ու գործառույթների շրջանակում։ Նույն փաստաթղթով արտաքին քաղաքականության իրականացումը վերապահված է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

Այդուհանդերձ, անհրաժեշտության դեպքում նախագահ Արմեն Սարգսյանն օգտագործում է իր փորձը և անձնական կապերն արտաքին քաղաքական խնդիրների լուծմանը նպաստելու համար: Իսկ այդ անհրաժեշտությունը ձևավորվում է նախագահի և վարչապետի միջև քննարկումների միջոցով», - ասված է պարզաբանման մեջ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 2-ից, մինչ այդ այն զբաղեցնում էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որին Երևանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով:

Ըստ կազմակերպության կանոնադրության, գլխավոր քարտուղարը նշանակվում է երեք տարով, և Հայաստանի ներկայացուցչը ըստ էության պետք է պաշտոնավարի մինչև 2020 թվականը: Մյուս կողմից, կանոնադրությունը չի հստակեցնում՝ ինչպես է այս հարցը կարգավորվում գլխավոր քարտուղարին վաղաժամ պաշտոնանկ անելու դեպքում:

azatutyun.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: