07/21/2019

Օսիպյանը չի ցանկանում ստել. հանցագործությունների թիվն աճել է

Օսիպյանը չի ցանկանում ստել. հանցագործությունների թիվն աճել է

Հանցագործությունների թվի աճը կապ չունի համաներման հետ։ Ոստիկանապետի խոսքով`քաղաքացիները սկսել են վստահել ոստիկաններին։

 Հանցագործությունների թիվն աճել է, բայց դա կապ չունի համաներման հետ։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։

Նրա խոսքով`եթե նախկինում քաղաքացիները ոստիկաններին չէին սիրում ու չէին վստահում, ապա այսօր իրենց անհանգստացնող անգամ փոքր հարցերի դեպքում անմիջապես դիմում են իրավապահներին։

«Աճել են լատենտային հանցագործությունները, աճել են նախկինում կատարված տնտեսական հանցագործությունները»,– ասաց Օսիպյանը` հավելելով, որ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վիճակագրությունը, հակառակը, նվազել է։

Իսկ ինչ վերաբերում է բնակարանային գողությունների, կողոպուտների դեպքերին, ոստիկանապետը վստահեցրեց, որ դրանց մեծ մասը նախկինում կատարված հանցագործություններն են, որոնց մասին քաղաքացիները հիմա են հայտնում ոստիկանությանը։

«Նախկինում ինչպե՞ս էր` քաղաքացին գալիս էր, ասում էր` իմ բնակարանը թալանել են։ Ոստիկանները, որպեսզի դա չազդեր ցուցանիշների վրա, համոզում էին քաղաքացուն, ասում էին` լավ կլինի` դուք գնաք, մենք գողին կհայտնաբերենք ու ձեզ կտեղեկացնենք ։ Այսինքն` կար դեպք` ոչ պաշտոնապես գրանցված, որը, եթե բացահայտվում էր, նոր գրանցում էր ստանում,– ասաց Օսիպյանը և հարցրեց, – ուզո՞ւմ եք` ես այնպիսի ցուցանիշներ ներկայացնեմ հաջորդ ամիս, որ հիանաք ոստիկանության աշխատանքով»։

Ոստիկանապետը հայտարարեց` չի պատրաստվում ստել հանրությանն ու ինքն իրեն, իսկ հարցին, թե նախորդները ստե՞լ են, չցանկացավ պատասխանել։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: