07/21/2019

Թուրքական կայքի անդրադարձը՝ հայկական թղթադրամի վրա Սարոյանի պատկերին

Թուրքական կայքի անդրադարձը՝ հայկական թղթադրամի վրա Սարոյանի պատկերին

Թուրքական «Sözcü» լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանում շրջանառության մեջ դրվելիք նոր՝ 3-րդ սերնդի 5000 անվանական արժեքով թղթադրամի վրա Վիլյամ Սարոյանին պատկերելուն, փոխանցում է Ermenihaber-ը:

«Բիթլիսից դուրս եկավ, Հայաստանի թղթադրամի վրա պատկերվեց» վերնագրով հրապարակման մեջ հոդվածագիրն անդրադառնում է Հայաստանում շրջանառության մեջ դրվելիք թղթադրամներին և նշում, որ դրանցից մեկի վրա Թուրքիայում ճանաչված անձնավորություն է պատկերվել:

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Սարոյանի ընտանիքը Միացյալ Նահանգներ է գաղթել ներկայիս Թուրքիայի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից:

«Բիթլիսից ԱՄՆ-ը գաղթած և գրականության պատմության մեջ իր համար յուրահատուկ տեղ նվաճած Վիլիամ Սարոյանը... Պուլիցերյան ու Օսկար մրցանակների դափնեկիր Սարոյանը կպատկերվի Հայաստանի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա»,- հոդվածի հեղինակը:

Հրապարակման մեջ համառոտ անդրադարձ է կատարվել Սարոյանի կենսագրությանը, ստեղծագործական կյանքին ու ստացած մրցանակներին, ինչպես նաև ամերիկացի նշանավոր գրող Էռնեստ Հեմինգուեյի հետ ունեցած տարաձայնություններին:

Վիլյամ Սարոյանը թեև ծնվել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, սակայն ամուր կապ է պահպանել իր նախնիների հայրենիքի հետ և 1964-ին այցելել Արևմտյան Հայաստան՝ Բիթլիս:

2014-ին, երբ լրացավ Սարոյանի այցի 50-ամյակը, Բիթլիսի քրդական ավագանին որոշում կայացրեց քաղաքի Սափգոր թաղամասի այն փողոցը, որտեղ ապրել է գրողի ընտանիքը, անվանակոչել Սարոյանի անունով:

mamul.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: