07/21/2019

Ձեր պետականությունը դատապարտված է, քանի դեռ Հայաստանում չի սկսվել բանավեճ պատերազմի և խաղաղության մասին

Ձեր պետականությունը դատապարտված է, քանի դեռ Հայաստանում չի սկսվել բանավեճ պատերազմի և խաղաղության մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինացի հեղինակավոր վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը։

– Պարոն Պորտնիկով, ՀԱՊԿ-ում նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ ստեղծված ճգնաժամը և Հայաստանի ու Բելառուսի ղեկավարների՝ գնալով սրվող կոնֆլիկտն այս հողի վրա ի՞նչ խորքային խնդիրներ է բացահայտում՝ կապված հետխորհրդային տարածաշրջանի քաղաքական զարգացումների, ներքին գործընթացների հետ։ ՀԱՊԿ-ի, այսպես ասած՝ ադրբեջանամետ խմբավորումը՝ Բելառուս-Ղազախստան տանդեմը, Ալիևի հրահրմամբ փորձում է ամեն կերպ խոչընդոտել գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակմանը, թեև ըստ կանոնադրության՝ ՀԱՊԿ-ում անդամ պետությունների ներկայացուցիչները զբաղեցնում են այդ պաշտոնը ռոտացիայի սկզբունքով՝ երեք տարի ժամկետով: Բայց Բելառուսի ու Ղազախստանի ղեկավարները, օգտվելով Խաչատուրովին հետ կանչելու ընթացակարգում հայկական կողմի թույլ տված «անզգուշությունից», այլ փաստարկներ են բերում, թե Հայաստանն արդեն օգտվել է գլխավոր քարտուղար ունենալու իր իրավունքից, և հիմա ռոտացիան պետք է փոխվի, քանի որ մնացած մեկուկես տարվա ընթացքում ՀՀ ներկայացուցիչը չի հասցնի արդյունավետ աշխատանք իրականացնել: Եվ սա Փաշինյանի համար այլևս դարձել է սկզբունքային հարց, Հայաստանի արժանապատվությունը պաշտպանելու խնդիր։

– Ես կուզենայի, որպեսզի մենք իրերը կոչենք իրենց անուններով, և այդ դեպքում իրերն իրենց անուններով կոչող քաղաքական գործիչների մեջ մի օր կհայտնվի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պարոն Փաշինյանը որևէ կոնֆլիկտ չունի Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Նազարբաևի հետ։ Նա կոնֆլիկտ ունի Ռուսաստանի Դաշնության, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որովհետև առանց Ռուսաստանի նախագահի հետ համաձայնեցնելու՝ չի կարող ընդունվել որևէ որոշում այն մասին, թե ո՞ր երկրի ներկայացուցիչը պիտի նշանակվի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար։ Ռուսաստանը դոմինանտ ուժ է ՀԱՊԿ-ում, և հենց նրա քաղաքական ղեկավարությունն է որոշում, թե ով պիտի ղեկավարի այս կազմակերպությունը։ Եվ երբ Երևանում որոշում կայացվեց ՀԱՊԿ-ի արդեն նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելու մասին, դեռ այն ժամանակ Մոսկվան շատ հստակ հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը չի լինելու Հայաստանի ներկայացուցիչը, և Հայաստանի ներկայացուցիչն ավարտին չի հասցնելու Խաչատուրովին պաշտոնավարման համար տրամադրված մնացած ժամանակահատվածը։ Այսպիսին է իրականությունը։ Դա կարելի է համարել Ռուսաստանի կողմից Հայաստանի քաղաքական ղեկավարությանը պատժելու քայլ։ Դա կարելի է համարել Հայաստանի նոր ղեկավարության քաղաքական սխալ հաշվարկի հետևանք, որովհետև Հայաստանի ղեկավարությունը կարող էր հաշվի առած չլինել այն փաստը, որ Հայաստանի ներկայացուցիչը չի կարող շարունակել պաշտոնավարումը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ Խաչատուրովին այդ պաշտոնից հեռացնելու դեպքում։ Եվ պարոն Փաշինյանը, փոխանակ հստակ գնահատական տա Ռուսաստանի այս դիրքորոշմանը, տեղի ունեցածի համար մեղադրում է Բելառուսի և Ղազախստանի նախագահներին, որոնք հնչեցրել են ընդհանուր որոշումը, որովհետև մենք հասկանում ենք, որ դա Պուտինի, Լուկաշենկոյի և Նազարբաևի ընդհանուր որոշումն է։ Ամենայն հավանականությամբ՝ այդ որոշումը չի քննարկվել պարոն Փաշինյանի հետ, և այդ փաստը միայն ընդգծում է այն, որ Ռուսաստանը արհամարհում է Հայաստանի նոր ղեկավարության կարծիքը ՀԱՊԿ-ում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

Հիմա առաջանում է մեկ այլ հարց, որը կուզենայի տալ․ իսկ ի՞նչ կլինի դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում, երբ կհաստատվի ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարը, և դա չի լինի Հայաստանի ներկայացուցիչը։ Ուզում եմ հիշեցնել, որ այժմ էլ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարում է ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի ներկայացուցիչը։ Ի՞նչ կասի պարոն Փաշինյանը այդ դեպքում, ինչպե՞ս նա կարձագանքի։ Հայաստանը պատրա՞ստ է ՀԱՊԿ-ում իր անդամակցման դադարեցմանը, այս կազմակերպությունից դուրս գալուն։ Հայաստանը պատրա՞ստ է Ռուսաստանի հետ իր հարաբերությունների բնույթը փոխելուն, և կարո՞ղ է արդյոք պարոն Փաշինյանը նման կտրուկ քայլեր իրեն թույլ տալ Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախօրեին։ Կարծում եմ, որ այս հարցերի պատասխաններն ակնհայտ են՝ պարոն Փաշինյանը չի կարող իրեն թույլ տալ որևէ կտրուկ շարժում Ռուսաստանի հանդեպ։ Նա կարող է իրեն թույլ տալ միայն աղմկոտ հայտարարություններ այն մարդկանց հասցեին, ովքեր չեն հանդիսանում իր ուղղակի ընդդիմախոսները։ Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ հարաբերությունները երկրորդական նշանակություն ունեն Հայաստանի համար։ Հայաստանը չի՛ կարող դադարեցնել իր անդամակցումը ՀԱՊԿ-ին, Հայաստանը չի կարող փոխել Ռուսաստանի հետ իր հարաբերությունների բնույթը։ Եվ այստեղ արդեն, սիրելի Արամ, մենք վերադառնում ենք նրան, ինչ ես ասում էի ձեզ բոլոր այս ամիսների ընթացքում և ստիպված եմ կրկնել ևս մեկ անգամ, որ Հայաստանի լիարժեք ժողովրդավարական պետականության շինարարության հիմնական խնդիրը կապված է ընդամենը մեկ հարցի հետ՝ ինչպիսի՞ն են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները։ Իսկ այս միակ հարցը դեմ է առնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Առանց այս երկու ֆունդամենտալ խնդիրների լուծման՝ որևէ նշանակություն չունի, թե ով է Հայաստանի վարչապետը՝ Փաշինյանը, Սարգսյանը, Քոչարյանը կամ էլ հենց ինքը՝ Պուտինը։ Քանի դեռ հայ ժողովուրդը չի հասկացել այս պարզ բանը, նրան փորձելու են մոլորեցնել ամենատարբեր պոպուլիստական լոզունգներով։ Հայտարարում են, թե կոռուպցիան հնարավոր է արմատախիլ անել։ Ճիշտ չէ, հնարավոր չէ։ Հայտարարում են, թե կարելի է փոխել իշխանությունը և ապահովել ժողովրդավարական, արդար ընտրություններ։ Ճիշտ չէ, հնարավոր չէ։ Ժողովրդավարությունն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե այն արդյունավետ է։ Եթե քաղաքացիների քվեն չեն լուծում երկրի ֆունդամենտալ խնդիրները՝ դրանք որևէ նշանակություն չունեն, նույնիսկ եթե իշխանությունը փոխվում է կես տարին մեկ։

– Բայց չէ՞ որ Դուք, որպես պրագմատիկ, քաղաքական իրողությունները պատկերացնող մարդ, շատ լավ հասկանում եք և ինքներդ եք ասում, որ Փաշինյանը չի կարող կտրուկ փոփոխություններ անել Ռուսաստանի հետ կապված հարցերում։

 – Խնդրում եմ՝ ինձ ճիշտ հասկացեք։ Ես որևէ բանում չեմ մեղադրում Փաշինյանին։

 – Այդ դեպքում ի՞նչ անել։

– Ոչինչ էլ պետք չի անել։ Խնդիրը հենց դա է, որ Փաշինյանը չի կարող որևէ բան փոխել, և չգիտեմ՝ նա գիտակցո՞ւմ էր այդ ամենը նախքան վարչապետ դառնալը կամ այսօր հասկանո՞ւմ է։ Միակ բանը, որն այս իրավիճակում կարող է անել սթափ մտածող քաղաքական գործիչը, ընդդիմություն լինելն է և իշխանություն չդառնալը, եթե նա չգիտի, թե ինչպես կարելի է դուրս գալ այս իրավիճակից։ Այսօր Հայաստանում կա կառավարություն, որը վայելում է ժողովրդի աջակցությունը և վստահորեն երկիրը տանում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որտեղ Փաշինյանի կուսակցությունն անկասկած կհաղթի և կստանա լիարժեք իշխանություն։ Բայց այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչ կարելի է ստեղծված իրավիճակում իրապես փոխել։ Ես ուղղակի ուզում եմ իմանալ՝ ի՞նչ։

– Այնուամենայնիվ, Բելառուսի ու Ղազախստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ում ակնհայտորեն տարբերվում է Ռուսաստանի բռնած դիրքից, որովհետև ռուսական կողմն առաջարկում է գլխավոր քարտուղարի պաշտոնակատար թողնել Ռուսաստանի ներկայացուցիչ Սեմերիկովին, ոչ թե գլխավոր քարտուղար նշանակել Բելառուսի ներկայացուցչին։ Եվ բացի դրանից՝ Դուք թերագնահատում եք Ադրբեջանի գործոնն այս պրոցեսում։

– Ես դա հասկանում եմ, բայց դա նշանակում է շատ պարզ մի բան, որ կա՛մ ՌԴ-ի ներկայացուցիչն է շարունակելու իրականացնել գլխավոր քարտուղարի պարտականությունները մինչև այն պահը, երբ Բելառուսի ներկայացուցիչը կստանձնի այդ պաշտոնը, կա՛մ էլ Բելառուսի ներկայացուցիչն անմիջապես կնշանակվի այդ պաշտոնին։ Ես չեմ հասկանում, թե Հայաստանի համար ո՞րն է տարբերությունը։ ՀՀ ներկայացուցչին ամեն դեպքում հնարավորություն չեն տալիս ավարտին հասցնել Հայաստանին տրված ժամկետը։ Եթե դուք ասում եք, որ Բելառուսն ու Ղազախստանը Ադրբեջանի գիծն են պաշտպանում և գործում են Հայաստանի դեմ, ապա պետք է խոստովանել, որ Հայաստանը անդամակցում է դաշինքի այնպիսի երկրների հետ, որոնք Ադրբեջանի բարեկամներն են, և Ռուսաստանը բացառություն չէ այս իմաստով։ Տվյալ պարագայում ծագում է հետևյալ հարցը՝ եթե Հայաստանը թշնամական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ՝ ի՞նչ գործ ունի այնպիսի ռազմական կազմակերպությունում, որի անդամներին նա համարում է Ադրբեջանի բարեկամը։

 – Մեր զրույցներից մեկի ժամանակ Դուք ասացիք, թե նախկին խորհրդային ցանկացած երկիր, որը կընտրի իրական անկախության, ժողովրդավարության և զարգացման ուղին, ստիպված կլինի լքել հետխորհրդային տարածաշրջանում գործող ինտեգրացիոն կազմակերպությունները (ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ): Եվ այսօր շատ փորձագետներ ասում են, որ Փաշինյանն այդ «դիկտատորների ակումբում» ընկալվում է որպես «սպիտակ ագռավ», քանի որ խորհրդանշում է այդ ավտորիտար առաջնորդների համար վտանգ ներկայացնող ներքաղաքական, ժողովրդավարական փոփոխությունները։

– Ես հասկանում եմ, բայց ուզում եմ մի ուրիշ բան ասել՝ ես շատ լավ հիշում եմ, որ 1994 թվականին այդ նույն ակումբներում «սպիտակ ագռավի» էր նմանվում Ալեքսանդր Լուկաշենկոն, երբ նրան ընտրեցին Բելառուսի նախագահ։ Երիտասարդ գործիչ, հակակոռուպցիոներ, որն ընտրություններում հաղթել էր նախկին վարչապետ Կեբիչին՝ սովետական նոմենկլատուրայի և Մոսկվայի դրածոյին։ Բայց այդ ժամանակներից անցել է արդեն 24 տարի, և մենք խոսում ենք Լուկաշենկոյի մասին՝ որպես «դիկտատորների ակումբի» անդամներից մեկի մասին։ Ահա և պատասխանը ձեր հարցին։

 – Հույս ունենանք, որ Փաշինյանի պարագայում այդպես չի լինի․․․

 – Ու կրկին հարց է ծագում՝ Լուկաշենկո՞ն էր մեղավոր, թե՞ բելառուսական հասարակության վիճակն էր այդպիսին։ Չէ՞ որ Լուկաշենկոն շատ հարցեր դնում էր հանրաքվեի։ Օրինակ՝ երկրի սիմվոլիկայի, անկախության օրվա փոփոխության հարցերը, և բելառուսների մեծ մասը քվեարկում էր ազնիվ և արդար հանրաքվեներին։ Ոչ ոք չէր կեղծում քվեարկության արդյունքները։ Լուկաշենկոն այն ժամանակվա բելառուսական հասարակության հայելին էր, իսկ Փաշինյանը՝ ժամանակակից հայկական հասարակության հայելին։ Եվ միայն ժամանակը ցույց կտա, թե որքանո՞վ է այդ հասարակությունը ինքնին պատրաստ երկրի մոդեռնիզացմանը, ֆունդամենտալ խնդիրների լուծմանը։ Եթե պատրաստ չէ՝ 24-25 տարի անց Փաշինյանը Լուկաշենկոյի պես կդառնա «դիկտատորների ակումբի» անդամ։ Եթե պատրաստ է՝ այդ դեպքում 2, 3, 4 կամ 8 տարի անց Հայաստանը կունենա այլ ղեկավար, որը կլուծի բոլոր այդ խնդիրները, որովհետև իշխանությունը կփոխվի ժողովրդավարական ընտրությունների միջոցով։ Այսօր դա տեղի է ունենում Վրաստանում, Ուկրաինայում։ Բայց եթե ինձ հարցնեք, թե Հայաստանի հասարակությունը պատրա՞ստ է արդյոք հասկանալ, ըմբռնել բոլոր վտանգներն ու մարտահրավերները, ես կպատասխանեմ՝ ոչ։ Ես կարծում եմ, որ պատրաստ չէ։ Գուցե ես սխալվում եմ։

– Դա կախված է բազմաթիվ գործոններից, օրինակ՝ քաղաքական մշակույթից, որն առայժմ չի ձևավորվել։ Եվ քաղաքական, կուսակցական համակարգը կայացած չէ։ Կան շատ խորքային խնդիրներ։

– Ես կուզեի, որ նայեիք այսօրվա Իսրայելին։ Իսրայելում այսօր այնպիսի քաղաքական ճգնաժամ է, որը կարելի է համեմատել Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հետ։ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հրաժարական տվեց իշխող կոալիցիայից այն պատճառով, որ վարչապետ Նեթանյահուն որոշեց զինադադար կնքել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ։ Հրեական ժողովրդի շրջանում կա առնվազն երեք մոտեցում այս հարցի առնչությամբ։ Առաջինը, Նեթանյահուն առաջարկում է կոշտ մեթոդներով դիմակայել ահաբեկչությանը՝ հաշվի առնելով քաղաքական իրողությունը։ Երկրորդը, Լիբերմանը կողմ է կոշտ դիմակայությանը ահաբեկչությանը՝ առանց քաղաքական և միջազգային որևէ իրողություն հաշվի առնելու։ Երրորդը, ձախակողմյան ուժերն ու ցենտրիստներն ասում են, որ պետք է խաղաղության ուղիներ փնտրել Պաղեստինյան ինքնավարության հետ և առաջ գնալ Օսլոյի համաձայնագրի ճանապարհով։ Եվ կա նաև չորրորդ դիրքորոշումը, որը ձախերի ու Նեթանյահուի մոտեցումների միջև է։ Էականն այստեղ այն է, որ այս դիրքորոշումները վերաբերում են թշնամական երկրների կողմից Իսրայելի շրջափակմանը, ոչ թե Իսրայելի ներքին կյանքին, թե, ասենք, ինչպիսի բյուջե պետք է ընդունվի կամ ինչ վիճակում է կոռուպցիայի դեմ պայքարը։ Եվ այս բանավեճը շարունակվում է վերջին տասնամյակների ընթացքում, ես կասեի՝ 1967 թ․ «վեցօրյա պատերազմից» հետո։ Այս տարիների ընթացքում Իսրայելում քննարկել են, թե ինչպե՞ս կարելի է արձագանքել ահաբեկչությանը, հանձնե՞լ տարածքներ, թե՞ չհանձնել։ Եղել են հրեաներ, որոնք կարծում էին, որ պետք է հեռանալ, և եղել են հրեաներ, որոնք կարծում էին, որ պետք է մնալ։ Կային հրեաներ, որոնք ասում էին, որ պետք է հանձնել Սինայը, և կային հրեաներ, որոնք ասում էին, որ պետք է պահել Սինայը։

Ես հիմա խոսում եմ՝ ինչպես հրեան հայի հետ, որպեսզի մի կողմ դնենք բոլոր այդ քաղաքական դժվարությունները և ինձ ճիշտ հասկանաք։ Իսկ ձեզ մոտ՝ հայ հանրության շրջանում, այդ բանավեճը չկա՛։ Կա միասնական կարծիք, որ պետք չի նույնիսկ սկսել այն։ Աստված չանի։ Հայաստանում չի քննարկվում՝ ի՞նչ անել Ղարաբաղի հետ, ի՞նչ կարգավիճակ պիտի ունենա Ղարաբաղը, հանձնե՞լ Ղարաբաղը, թե՞ պահել, միավորել Հայաստանի՞ն, թե՞ թողնել որպես անկախ պետություն։ Տարածքներն անեքսիայի ենթարկե՞լ, թե՞ ընդհակառակը՝ տեղահանել այնտեղից բնակչությունը և տարածքների մեծ մասը հանձնել Ադրբեջանին։ Ես չեմ ասում, թե սրանք ճիշտ մոտեցումներ են։ Պարզապես ասում եմ, թե ինչքան տարբեր կարող են լինել դիրքորոշումները նման խնդիրների վերաբերյալ։ Եվ ուզում եմ շատ պարզ մի բան ասել ձեզ։ Դա պայմանավորված է ոչ թե ձեզ հարցազրույց տալու իմ ցանկությամբ, այլ բացառապես հայ ժողովրդի հանդեպ իմ սիրով։ Քանի դեռ ձեզ մոտ չի սկսվել այդպիսի բանավեճ, ձեր պետականությունը դատապարտված է։ Ես չեմ պնդում, թե այդ բանավեճում պետք է հաղթեն, այսպես ասած, պարտվողական մոտեցման կողմնակիցները։ Ո՛չ։ Ես ուղղակի ասում եմ, որ այդ բանավեճն անհրաժեշտ է։ Սա է ձեր գլխավոր քաղաքական դիսկուրսը։ Իսկ եթե բանավեճը Հայաստանում վերաբերում է միայն այն հարցերին, թե ով է կոռուպցիոներ և ով՝ ոչ, կամ ով է կեղծել ընտրությունները, իսկ ով՝ ոչ, ով է ում վրա կրակել և ով է ում ձերբակալել, ապա, ներեցեք, դա անմիջական կապ չունի պետականաշինության հետ։

– Հասկանում եմ, բայց թույլ տվեք մի նկատառում անել։ 2016 թ․ Ապրիլյան պատերազմից հետո մեր հասարակության համար ավելի ակնհայտ դարձավ ոչ ժողովրդավարական համակարգի, ոչ լեգիտիմ իշխանության, թույլ տնտեսության և կոռուպցիայի ուղղակի ազդեցությունը անվտանգության վրա, որովհետև իշխանությանը մաս կազմած ուժերը, օլիգարխները հիմնականում զբաղված էին հարստություն կուտակելով, ոչ թե երկրի անվտանգության ամրապնդմամբ, և Քառօրյա պատերազմն ակնառու դարձրեց պետության այդ բացերը։

– Շատ լավ, բայց դուք նորից խոսում եք պատերազմի և անվտանգության մասին։ Բանավեճը պետք է լինի պատերազմի և խաղաղության մասին։ Դա միևնույն բանը չէ։ Եվ ես ձեզ չեմ ասում, որ ինքներդ սկսեք այդ բանավեճը, որովհետև ձեզ պարզապես կքարկոծեն փողոցում։ Ես պարզապես ասում եմ, թե ինչպես պետք է հասնել ֆունդամենտալ խնդիրների լուծմանը։ Ի դեպ, դա վերաբերում է նաև Ուկրաինային։ Քանի դեռ մերոնց պարզ չի դարձել, որ մեր բոլոր ներքին խնդիրները՝ ներառյալ կոռուպցիան, վատ քաղաքական գործիչները, Ռուսաստանից Ուկրաինայի կախվածության և ռազմական կոնֆլիկտի հետևանքն են, մեզ մոտ որևէ բան չի փոխվի։

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: