10/21/2019

Հոգևորականները Հաագայում շուրջօրյա պատարագ են մատուցում` ի պաշտպանություն հայ ընտանիքի

Հոգևորականները Հաագայում շուրջօրյա պատարագ են մատուցում` ի պաշտպանություն հայ ընտանիքի

Թամրազյանների ընտանիքին պատրաստվում են արտաքսել երկրից։ Սակայն հոգևորականները պահել են նրանց եկեղեցում ու ավելի քան մեկ ամիս անդադար պատարագ են անցկացնում։

 Հաագայի բողոքական եկեղեցիներից մեկը մեկ ամսից ավելի է անդադար պատարագ է մատուցում, որ արտաքսումից պաշտպանի փախստականների հայ ընտանիքին։ Այս մասին հայտնում է ավստրալիական ABC հեռուստաալիքը։

Թամրազյանները` ամուսինը, կինն ու երեք երեխաները, գրեթե ինը տարի է Նիդեռլանդներում են ապրում։ Հիմա դատարանը որոշում է կայացրել ձերբակալել նրանց ու արտաքսել երկրից։

Հոլանդական օրենքներով` ոստիկանությունը չի կարող ժամերգությունների ընթացքում եկեղեցի մտնել։ Այդ պատճառով Թամրազյանները եկեղեցում են գտնվում, իսկ հոգևորականները, մեկը մյուսին փոխարինելով, օր ու գիշեր աղոթքներ ու ժամերգություններ են կարդում։

Ավելի վաղ Թամրազյանները դատարանի որոշմամբ ապաստան էին ստացել։ Սակայն երբ երկիրը խստացրեց միգրացիոն ռեժիմը, դատարանը չեղարկեց այդ որոշումը։ «Հաագայի բողոքական եկեղեցին հարգում է դատարանի որոշումը, սակայն երկընտրանքի առջև է կանգնած. պետք է հարգել կառավարության որոշումը, բայց նաև պաշտպանել երեխայի իրավունքները», – նշվում է հայտարարության մեջ։

Թամրազյանները քրիստոնյա են, սակայն քահանա Ակսել Վիկեն պնդում է, որ նրանք կանեին նույնը նաև մուսուլմանների համար։

Հոգևորականները սկսել են ժամերգությունը հոկտեմբերի 26–ին ու չեն պատրաստվում դադարեցնել այն։

«Մենք մեծ հասարակական աջակցություն ենք ստանում ու շարունակում ենք մեր գործը»,  – գրել է Վիկեն իր twitter–ում։

ABC–ն դիմել է Նիդիռլանդների կառավարություն, սակայն դեռ պատասխան չի ստացել։ Այնուամենայնիվ հոգևորականը նշում է, որ կառավարությունում քննարկումները շարունակվում են, դրանցից մի քանիսը հուսադրող են։

Հիշեցնենք` մի քանի ամիս առաջ Նիդեռլանդները Հովիկ ու Լիլի Համբարձումյաններին թույլատրել էին մնալ Նիդեռլանդներում։ Նրանց մորը` Արմինեին, Հայաստան էին արտաքսել, իսկ երեխաներին բացառության կարգով թույլատրել էին մնալ։
 



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: