10/21/2019

Բարեկամությունը՝ կենարար ծառ ու խաղաղության խորհրդանիշ

Բարեկամությունը՝ կենարար ծառ ու խաղաղության խորհրդանիշ

«Գորիսը՝ 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի վերջին ակորդը խփեց նոյեմբերի 23-ին: Եվ ակորդն այդ առաջինը խփեցին դհոլահարները՝ հուժկու, խրոխտ եւ տոնական հնչյուններն ավետեցին միջպետական ծրագրի եզրափակիչ միջոցառումների սկիզբը: 

Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ճեմասրահում են ԱՊՀ ութ երկրներից ժամանած հյուրեր, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, գորիսեցիներ: 

«Գորիս՝ ավանդական ու ստեղծարար իմ քաղաք» խորագրով միջոցառմանն իրենց աշխատանքներն են ներկայացրել դպրոցահասակ նկարիչները, քաղաքի երաժշտական դպրոցների սաների կատարումները, նախադպրոցական ուսումնական հաստատությունների ելույթներն օրը դարձնում են առլեցուն: 

Իրենց ձեռքի աշխատանքն են ցուցադրում Գորիսի արվեստի դպրոցի սաները: 

Իսկ Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս» կենտրոնը ճախարակ է հանել ու թել է մանում, բուրդ գզում՝ այդպես մշտավառ պահելով հայոց հինավուրց օջախների կենցաղի տարրերից մեկը:

Դե, գորիսեցիներին էլ գիտեք: Նրանք հյուրերին հարգելու-պատվելու հիանալի մշակույթ ունեն, հյուրասիրության մեծ ռեսուրս. Գորիսի համայնքի բնակավայրերն իրենց ավանդական խոհանոցն են ներկայացնում, եւ հյուրերն անտարբեր չեն կարող անցնել համեղ ուտեստների, արեւ ըմպած մրգերի կողքով: Հետո էլ ո՞նց մերժես հյուրասիրությունը:

Նոյեմբերի 23-ի երեկոն Վ. Վաղարշյանի անվան պետդրամատիկական թատրոնի դահլիճում էր արդեն: 

Խոսափողին մոտենում է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը եւ մասնավորապես ասում.

- «Գորիսը՝2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում մենք ականատես եղանք ջազային հրավառության, վայելեցինք գուսանական արվեստի, դասական, էստրադային երաժշտության պարգեւած հիասքանչ պահերը, լիահույս եմ, որ մշակութային շունչը կշարունակվի: Այս ծրագիրն իրականություն դարձավ բազում մարդկանց ու կազմակերպությունների ջանքերի շնորհիվ: Ուստի ես նրանց շնորհակալություն եմ հայտնում»:

Նա շնորհակալագրեր հանձնեց Գորիսի համայնքապետարանին, «Արդշինինվեստ» բանկին, Գորիսի պետթատրոնին եւ այլոց:

Ելույթ ունեցավ նաեւ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

- Այսօր ես պատիվ ունեցա մասնակցելու «Գորիսը՝ 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի հանդիսավոր փակման արարողության առթիվ կազմակերպված միջոցառումներին: Այս ծրագիրը մշակութային աշխուժություն մտցրեց ողջ Սյունիքում: Ու նաեւ համադրվեցին դասական երաժշտությունն ու ժողովրդական երաժշտությունը, համադրվեցին ԱՊՀ երկրների արվեստը, սովորույթները, ժողովուրդներն իրար մոտիկից շփվեցին: Ահա ինչու շնորհակալություն եմ հայտնում բոլորին:

Այնուհետեւ ներկաները դիտեցին «Գորիսը՝ 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ամփոփիչ ֆիլմը: Ամփոփվեցին «Համագործակցության դեբյուտներ» 2018թ. մրցանակաբաշխության արդյունքները: 

Երեկոն, եւ առհասարակ ամբողջ ծրագիրը, եզրափակվեց ԱՊՀ էստրադային երգիչների կատարումներով:

«Գորիսը՝ 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագիրը Գորիսի պատմության մեջ մի նոր էջ է: Եվ էջում այդ կգրվի՝ նորոգ մի կամեցողությամբ ԱՊՀ ութ երկրների ազգերը մեկմեկու հետ կամրջվեցին մի նոր բարեկամությամբ, եւ բարեկամությունն այդ կենարար ծառ է, խաղաղության խորհրդանիշ եւ ուղերձ բոլորին՝ եկեք ապրենք համերաշխ ու մեկս մյուսի լավով ուրախանանք, եւ համերաշխությունն ու բարեկամությունը թող փակեն սպառազինության վազքուղիները, ոչ ասենք պատերազմին ու ատելությանը եւ մշակույթը դաձնենք մեկմեկու սիրելու կերպ:

Ալվարդ Մեսրոպյան

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: