10/14/2019

«Մեր վստահությունը խաթարվել է »․ Պահեստազորի սպաների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

«Մեր վստահությունը խաթարվել է »․ Պահեստազորի սպաների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

պարոն Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Փաշինյան Չէինք ցանկանա կրկին դիմել Ձեզ և մեր խնդրով շեղել Ձեզ այն կարևորագույն առաքելությունից, որին Դուք լծվել եք հանուն Հայաստանի բարգավաճման և ժողովրդի բարեկեցության:  

Եթե հիշում եք, սույն թվականի սեպտեմբերի 18-ին Դուք հանդիպեցիք մեզ հետ, լսեցիք մեր խնդիրները և Ձեր աշխատակազմի պաշտոնատար անձանց հանձնարարություն տվեցիք, որ մեկամսյա ժամկետում ստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով` որը կաշխատի գտնել պահեստազոր անցած և բնակարանային հաշմառման մեջ գտնվող սպաներին բնակարաններով ապահովելու հարցի լուծումներ ու որի կազմուն կնդգրկվեր նաև մեր ներկայացուցիչը:

Սակայն, մեր նախաձեռնության անդամների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ պարոն Գ. Բալայանը հայտարարեց, որ ինքը գտել է ոչ նպատակահարմար մեր ներկայացուցչի ներկայությունը նշված հանձնաժողովի աշխատանքներին: Մենք` զինվորականներս, սովոր ենք կարգապահության և կատարողականության ու մեր համար շատ զարմանալի էր նման մոտեցումը: Նման գործելաոճը զայրույթ է առաջացրել մեր նախաձեռնության անդամների շրջանում և խաթարել այն վստահությունը մեր հարցի արդարացի լուծման նկատմամբ, որը մեր հանդիպման ժամանակ Դուք մեզ ներշնչեցիք:

Մենք վստահ ենք, որ Ձեզ չեն զեկուցում գործի ամբողջ ընթացքը և Դուք տեղեկացված չեք այն հանգամանքի մասին, որ Ձեր հանձնարարությունը, մեղմ ասած, անտեսվել է:

Կրկին անգամ խնդրում ենք Ձեր հանձնարարությունը համապատասխան պաշտոնատար անձանց` մեր նախաձեռնության անդամին միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներում ընդգրկելու համար:

Մենք կատարել ենք մեր պարտքը Հայրենիքի նկատմամբ` կրելով զրկանքներ: Մեր հետ հավասար զրկանքներ են կրել նաև մեր ընտանիքների անդամները: Ակնկալում ենք, որ պետությունը նույնպես վերջապես կկատարի իր ստանձնած պարտավորությունները:

Հարգանքով` ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպաներ


 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: