10/14/2019

ԴՊՐՈՑՈՒՄ ՄԵԾԱՐԵՑԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՐՏԱՍՈՎՈՐ» ՄԱՐԴԿԱՆՑ

ԴՊՐՈՑՈՒՄ ՄԵԾԱՐԵՑԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՐՏԱՍՈՎՈՐ» ՄԱՐԴԿԱՆՑ

Նոյեմբերի 28-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մասնակցեց Կապանի թիվ 13 հիմնական դպրոցում կազմակերպված՝ «Արտասովոր մարդիկ, արտասովոր նվիրում» խորագրով միջոցառմանը: 

Ցերեկույթի կազմակերպիչների նպատակն էր ներկայացնել, մեծարել ու գնահատել իրենց կողքին ապրող եւ արարող շնորհալի համաքաղաքացիներին: 

Ընտրվել էին տարբեր ոլորտներ ներկայացնող անձինք՝ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, դերասան, ռեժիսոր Կամո Արզումանյանը, Կապանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն, գեղանկարիչ Բորիկ Մինասյանը, Կապանի մշակույթի կենտրոնի տնօրեն, «Նոր ալիք 2018» միջազգային մրցույթի մրցանակակիր, երգիչ Գեւորգ Հարությունյանը, մաթեմատիկոս, երկարամյա վաստակաշատ մանկավարժ, մասնագիտական մի շարք գրքերի հեղինակ Գարեգին Միքայելյանը, մասնագիտությամբ ոստիկան, ստեղծագործող քանդակագործ Ալեքսան Առաքելյանը: 

Միջոցառման կազմակերպիչն ու վարողը՝ դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյանը, ներկայացնում էր նրանց անցած ուղին եւ գործունեությունը, հարցերի միջոցով բացահայտում կերպարները, իսկ ցուցադրվող տեսաշարի միջոցով հանդիսատեսը հավելյալ տեղեկություններ էր ստանում օրվա հերոսների մասին: Հյուրերի մասին խոսք ասացին նաեւ իրենց մտերիմ ընկերները: Յուրահատուկ եւ օրվան համահունչ կոլորիտ ուներ դպրոցի բեմը, հնչեցին նաեւ երաժշտական կատարումներ: 

Վերջում ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը, իսկ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, նշելով, որ տպավորված է միջոցառման ձեւաչափով եւ ներկայացված կերպարներով, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին եւ կրթօջախին, աշակերտներին հորդորեց ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելուն զուգահեռ սիրել գիրքն ու գրականությունը, ապրել մշակույթով: «Հերթական անգամ զարմացած եմ՝ ինչպես վերջին օրերին մարզում տարբեր մշակութային միջոցառումների մասնակցելիս եւ ոչ մի մարզում այսքան խտացված արվեստ ու մշակույթ չեմ տեսել», - նշեց մարզպետը:

       

 

 

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: