10/14/2019

Մտադիր չենք լռության մատնել մեր անվտանգության խնդիրները. Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ին

Մտադիր չենք լռության մատնել մեր անվտանգության խնդիրները. Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ին

«Իմ քայլը» դաշինքը Գեղարքունիքի մարզում նախընտրական քարոզարշավը եզրափակեց Սեւան քաղաքում:

«Սեւանա լիճը Հայաստանի մարգարիտն է, բայց ունի բազմաթիվ խնդիրներ: Այդ խնդիրներից մեկն էլ մեր վերաբերմունքն է Սեւանի նկատմամբ: Ես ընտրվեցի վարչապետ եւ սկսեցի ծանոթանալ  խնդիրներին, պարզեցի, որ «Սեւան ազգային պարկի» հողատարածքները մի խումբ պաշտոնյաների կողմից բաժան-բաժան են արված: Սեւանի ափամերձ տարածքները վարձակալության են տրված ծիծաղելի գումարներով: Ես հանձնարարել եմ՝ ուսումասիրել բոլոր դեպքերը եւ սահմանել տրամաբանական վարձակալական գումարներ: Մենք Սեւանը պետք է դարձնենք բարձր մակարդակի կուրորտային գոտի: Առաջին հերթին Սեւանը ցանցային ցանկապետերից ազատելն է, ափով քայլում ես, տեսնում ես՝ չափառ է դրած»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ Սեւանի տարածքում բնականոն աշխատանքի տարածքներ են ստեղծվելու: Սակայն այդ ամենը պետք է լինի համակեցության տրամաբանության շրջանակներում: Նիկոլ Փաշինյանը Սեւանում եւս նշեց, որ միկրո բիզնեսներն ազատվելու են հարկերից, ինչպես նաեւ անհատ տաքսու վարորդներն ազատվելու են ամսական վճարվող 8 հազար դրամից: Միաժամանակ նա քաղաքացիներին կոչ արեց, որ ցանկացած օբյեկտում, որտեղ վճարում կիրկանացնեն, պահանջեն ՀԴՄ կտրոնը, որպեսզի պետության հասանելիքը գա պետբյուջե:

«Պետք է վճարել այն, ինչը հասնում է մեր զինվորին, թոշակառուին եւ անվտանգությանը: Մեր երկրի խնդիրները պետք է լուծվեն, քանի որ բոլորս պետք է կատարենք մեր հարկային պարտականությունները: Ես վստահեցնում եմ, որ ձեր փողերը չեն գողացվելու, իսկ դուք դրա համար մեզ վստահության քվե կտաք»:

Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն 17 մեղադրանքներին, որոնք կառավարությանն ուղղել են հիմնականում ՀՀԿ-ականները: Նա ներկայացրեց այդ մեղադրանքներից երկուսը, ապա քաղաքացիներին փոխանցեց իրականությունը:

«Մեզ մեղադրում ենք, որ Արցախյան հակամարտության գործընթացն առկախել ենք եւ ՀԱՊԿ գործընկերների հետ վատթարացում ենք արձանագրել: ՀԱՊԿ-ի հետ կապված, մենք ըստ էության, ոչ թե վատթարացրել ենք մեր հարաբերությունները, այլ արձանագրել ենք այն վատ վիճակը, որն ունի ՀՀ-ն, ինչպես նաեւ արձանագրել ենք այն հեղինակազրկումը, որն ունի ՀՀ-ն այս եւ այլ կառույցներում: Մենք, ի տարբերություն նախորդի մտադիր չենք լռության մատնել մեր անվտանգության խնդիրները: Մենք շատ կարեւոր ենք համարում, որ ՀԱՊԿ-ում մենք հստակեցնենք մեր պարտավորությունները մեր դաշնակիցների առաջ եւ նրանց պարտավորությունները մեր առաջ:

Մենք այս հարցերը բարձրացնում ենք՝ մեր գործընկերների հետ մեր հարաբերությունները լավացնելու եւ զարգացնելու համար: Եթե մենք այս խնդիրներին չանդրադառնանք, ապա իրավիճակը գնալով ճահճանալու է: Ես ասել եմ, որ ՀԱՊԿ քարտուղարի հարցը շատ փոքր եւ ոչ էական հարց է: Մենք պաշտպանելու ենք մեր եւ Արցախի անվտանգության շահերը:

Ինչ վերաբերվում է Արցախի բանակցային գործընթացին՝ մենք ոչ մի բան էլ չենք կասեցրել: Ընդհակառակը, մենք այս ընթացքում բանակցային հստակ արդյունքներ ենք արձանագրել: Դրա արդյունքը սահմանին տիրող համեմատական խաղաղությունն է: Հրադադարի ռեժիմը երեբեք ավելի շատ չի պահպանել՝ վերջին 10 տարիներին, որքան հիմա: Սա ոչինչ չի նշանակում, մենք գիտենք, որ Արցախի հարցում մեր եւ Ադրբեջանի մոտեցումները տարբեր են»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը շարունակեց, որ Արցախի կարգավորումը պատկերացնում են միայն խաղաղ բանակցային ճանապարհով: Նա կոպտագույն սխալ համարեց այն, որ Արցախը հեռացրել են բանակցային սեղանից:

armtimes.com

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: