10/22/2019

Նա կարող է արժանապատվորեն կրել պատգամավորի պատասխանատու խաչը

Նա կարող է արժանապատվորեն կրել պատգամավորի պատասխանատու խաչը

Մկրտիչ (Սերժ) Մկրտչյան

 

Ուրախ եմ, որ ինձ համար հարազատ Սյունիքն ու Վայոց ձորն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում վարկանիշային ընտրակարգով առաջադրվել են պատգամավորի բազում թեկնածուներ, այդ թվում՝ շնորհալի շատ երիտասարդներ:

Բոլորի ձգտումը՝ ընտրվելու խորհրդարանի կազմում, հարգելով հանդերձ, ուզում եմ առանձնացնել նրանցից մեկին՝ Արայիկ Պարոնյանին:

Տարիների իմ բարեկամն է, բայց կուզենայի ԱԺ արտահերթ ընտրության նախօրեին նրա կերպարին անդրադառնալ ընկերական- բարեկամական հարաբերություններից դուրս տիրույթում:

Չեմ թաքցնում՝ գնահատելի է գաղափարական համոզմունքներով նրա նվիրվածությունն իր կուսակցությանը, որի շարքերում է Աշոտ Նավասարդյանի օրերից:

ՀՀԿ-ի համար ոչ սովորական ժամանակներում շատերը ճամբարափոխ եղան, բայց Արայիկ Պարոնյանը մնաց եւ ստանձնեց իր բաժին պատասխանատվությունը Հանրապետականի թույլ տված սխալների ու բացթողումների համար:

Դա, կարծում եմ, սովորական հանգամանք չէ, այլ ապացույց այն բանի, որ ինքն ի վիճակի է մարդկանց աչքերին ուղիղ նայել իր ապրած կյանքով եւ ամենադժվարին պահերին, ի վիճակի է պատասխանատվություն ստանձնել կոնկրետ գործերի համար եւ պատասխան տալ իր արած- չարածի համար:

Մարդկային նման որակով, կարծում եմ, պետք է օժտված լինի ամեն մի գործիչ, ով հավակնում է քաղաքական ու պետական դերակատարություն ստանձնել մեր ոչ սովորական ժամանակներում:

Եվ հետո՝ չեմ ուզում Արայիկ Պարոնյան թեկնածուին դիտարկել զուտ կուսակցական պատկանելության տեսակետից, քանզի, ինչպես նշեցի, մարդիկ հաճախ են կուսակցությունից կուսակցություն տեղափոխվում՝ անձնական շահախնդությունից ելնելով:

Արայիկ Պարոնյանի թեկնածությանը նայում եմ նախեւառաջ մարդկային որակների առումով: Այո, այս պարագայում շատ կարեւոր է մարդ լինելը, մարդկային վեհ հատկանիշները, մեր ազգային արժեքները կրել կարողանալը: Իսկ Արայիկ Պարոնյանն այդ արժեքների երդվյալ կրողն է նաեւ:

Ուրեմն եւ՝ առանց վարանելու քվեարկենք Արայիկ Պարոնյանի օգտին՝ վստահ լինելով, որ նա լավագույնս կկատարի Ազգային ժողովի պատգամավորի պարտականությունները:

 

 

 

Խաչիկ Ասրյան

Լեռնահայաստանի պատվախնդի՛ր քաղաքացիներ

2002թ. սեպտեմբերի 26-ին Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում, գաղափարակիր իմ եղբայրների,  քույրերի հետ միասին հիմնադրեցի «Սյունյաց արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը, որը յոթ տարվա ընթացքում Լեռնահայաստանում կազմակերպեց 821 հայրենասիրական եւ ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառում:

2010թ. հունվարի 27-ին Երեւան քաղաքում՝ Եռաբլուր պանթոենում՝ եկեղեցու առջեւ, «Սյունյաց արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը հիմնադրեց «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որն ութ տարվա ընթացքում Հայաստանում եւ Արցախում կազմակերպեց 679 հայրենասիրական ու ռազմահայրենասիրական միջոցառում (15 տարիների ընթացքում «Արծիվները» կազմակերպեցին 1 500 միջոցառումներ hayocartsivner.am):

Ինչպես «Սյունյաց արծիվների», այնպես էլ «Հայոց արծիվների» կայացման ու հզորացման գործում անգնահատելի ներդրում է ունեցել եւ ունի «Սյունյաց արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպության հիմնադիր, նորանկախ Հայաստանի պետականաշինության մեջ անուրանալի դերակատարություն ունեցող, պատմական Գորիսի հայրենապաշտ զավակ Արայիկ Սաշիկի Պարոնյանը:

Արայիկ Պարոնյանին ճանաչում եմ 1991թ. օգոստոսից: Նա պատվախնդիր սյունեցի է, ով իր գիտակցական կյանքը նվիրել եւ շարունակում է նվիրել Հայաստանի անկախության ամրապնդմանն ու հզորացմանը, Սյունյաց աշխարհի անպարտելի դրոշակին ծառայելու գաղափարին՝ առաջնորդվելով Հայ մեծերի, մասնավորապես Զորավար Գարեգին Նժդեհի ուսմունքով:

Շուրջ 27 տարի ճանաչելով Արայիկ Պարոնյանին՝ հպարտությամբ բարձրաձայնում եմ, որ նա ծնողապաշտ եւ ընտանիքապաշտ, ընկերասեր, պահպանողական եւ հավատքով լեցուն քրիստոնյա հայ է, որ նա պետական ու քաղաքական գործչի այն տեսակի խտացումն է, ով կարող է արժանապատվորեն կրել հանրապետության օրենսդիր մարմնի անդամի՝ պատգամավորի խաչը:



Սուրեն Բաղդասարյան

ԵԿՄ Գորիսի տարածքային բաժանմունքի նախագահ



Երեսուն տարի է՝ ճանաչում եմ Արայիկ Պարոնյանին. դեռեւս Շարժման տարիներին չէր կարելի չնկատել նրա ակտիվությունը:

Տպավորությունս բացառապես դրական է՝ գրագետ, իր գործը լավագույս իմացող, երկրի ու մարզի (հատկապես Գորիսի տարածաշրջանի) խնդիրներին քաջատեղյակ անձնավորություն է:

Նաեւ մարդամոտ ու ընկերասեր է, հայրենակիցների հանդեպ՝ ուշադիր:

Ես հաճելիորեն նկատել եմ, որ ինքը, աշխատանքի անցնելով մայրաքաղաքում, երբեք չի կտրվել իր ծննդավայրից, չի օտարվել մարդկանցից, եղել է մեզանից մեկը:

Նկատել եմ նաեւ, որ ուշադիր է Արցախյան ազատամարտում զոհվածների ու վիրավորների ընտանիքների հանդեպ: Մի խոսքով՝ մեր երկրամասի արժանի զավակն է, ով կարող է նպաստ բերել հայոց խորհրդարանի պրոֆեսիոնալ գործունեությանը:

Իսկ այն հատկանիշները, որոնց մասին նշեցի, կարեւոր են նաեւ պատգամավորի համար: Չէ՞ որ պատգամավորը պետք է լինի ոչ միայն մեզանից մեկը, այլեւ մեր հոգսերին քաջատեղյակն ու դրանց լուծման համար պատասխանատվություն ստանձնողը:

Թեեւ ԱԺ ընտրությունը համամասնական ընտրակարգով է, բայց կուսակցական պատկանելությունից վեր, խոստովանենք մարդկային ու գործնական հատկանիշներն են, որ այս ընթացքում պիտի հաշվի առնենք: Իսկ այդ տեսակետից նա գնահատանքի արժանի է:

Վստահաբար կարող եմ ասել՝ սխալված չենք լինի, եթե դեկտեմբերի 9-ին քվեարկենք Արայիկ Պարոնյանի օգտին, ով արդեն իսկ ապացուցել է, որ ի վիճակի է ստանձնել այդ պատասխանատվությունը:

 

 

Վաչագան Ադունց

Գորիս համայնքի ղեկավար (2014-2017թթ.)

 

Մոտ յոթ տարի աշխատել եմ սոցիալական ոլորտում, որից երկուսը՝ Արայիկ Պարոնյանի գլխավորությամբ: Դա 90-ականների վերջին էր:

Հիացած եմ նրա աշխատաոճից, գործնական հատկանիշներից, իմացության մակարդակից, աշխատանքի հանդեպ ունեցած նվիրվածությունից, պատասխանատվության զգացումից: Եվ, իհարկե, նրա մարդկային որակներն են դրվատելի: 

Այդ ամենն են պատճառ եղել, որ տարիներ շարունակ պատասխանատու պաշտոններ է վարել ոչ միայն Սյունիքի մարզի, այլեւ հանրապետության մասշտաբով: Ասել է թե՝ նրա պաշտոնական առաջխաղացումը միշտ էլ պահանջված է եղել:  Ու միշտ էլ լավագույնս է կատարել իր պարտականությունները՝ դրսեւորելով պրոֆեսիոնալ բարձր որակներ, լինելով ընդօրինակման արժանի գործընկերների համար:

Եվ ես ուրախ եմ, որ Արայիկ Պարոնյանը ձգտում է ընդգրկվել հանրապետության օրենսդիր մարմնում:

Վստահ եմ՝ պատգամավոր ընտրվելով, նա կարդարացնի Սյունիքի ու Վայոց ձորի ընտրողների հույսերը:

Սրտանց հաջողություն եմ մաղթում Արայիկ Պարոնյանին եւ ակնկալում, որ շատ-շատ սյունեցիներ իրենց վստահության քվեն անպայման կտան Ազգային ժողովի արժանավոր թեկնածու Արայիկ Պարոնյանին:

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: