11/19/2019

Մեզ պետք է ավելի ամուր, ավելի համախմբված, ավելի արագ տեմպերով զարգացող երկիր. Վիգեն Սարգսյան

Մեզ պետք է ավելի ամուր, ավելի համախմբված, ավելի արագ տեմպերով զարգացող երկիր. Վիգեն Սարգսյան

Քիչ առաջ Կենտրոն վարչական շրջանի 9/47 ընտրատեղամասում քվեարկեց ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:

Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պետք է գնալ եւ քվեարկել, կատարել ընտրություն` կողմնորոշվել եւ գիտակցված ձայնը տալ այն ուժին, որի հետ կապվում է երկրի ապագան:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի. Սարգսյանը պատասխանեց. «Ես առաջին հերթին մեծ ակնկալիք ունեմ, որ մեր հանրությունը այսօր ակտիվ կմասնակցի ընտրություններին: Դա շատ կարեւոր է` չափազանց կարեւոր է: Հատկապես երկրի համար վճռորոշ պահերին պետք է համախմբվածություն եւ անկախ նրանից, թե ով ինչ դիրքորոշում ունի ամենավերջին բանը, որ կարելի է անել` այսօր տանը նստելն է: Պետք է գնալ եւ քվեարկել, կատարել ընտրություն` կողմնորոշվել եւ գիտակցված ձայնը տալ այն ուժին, որի հետ կապվում է երկրի ապագան: Դա լինի գործող իշխանությունը, լինի այդ իշխանությանը հակակշռող ուժ, պետք է որոշումը կայացնել եւ անպայման ձայնը տալ:

Երկրորդ բանը, որ ակնկալում եմ, որ օրվա վերջին մենք կունենանք ավելի համախմբված հասարակություն: Ես քվեարկել եմ այսօր այն Հայաստանի համար, որտեղ որեւէ մեկի մտքով, երբեւէ չի անցնի հասարակությունը բաժանել սեւերի եւ սպիտակների: Որովհետեւ դա ուղիղ ճանապարհ է դեպի ներքին թշնամու ձեւավորում: Իսկ պաշարված բերդում ներքին թշնամին դա ամենավատ բանն է, որ կարող է լինել:

Մեզ պետք է ավելի ամուր, ավելի համախմբված, ավելի արագ տեմպերով զարգացող երկիր: Մեր մարտահրավերները շատ մեծ են, մեր ունեցած պաշարները այդ մարտահրավերներից` անհամեմատ ավելի փոքր: Ես ակնկալում եմ, որ այսօրվա քվեարկությունից հետո մենք կունենանք երկիր, որտեղ գոնե այն հարցերում, որոնք մեր համար կենսական նշանակություն ունեն` անվտանգություն, պաշտպանություն, արտաքին քաղաքականություն, մենք կհենվենք գիտելիքի, փորձի, հետեւողականության վրա եւ չենք անի քայլեր, որոնք կարող են թուլացնել մեր դիրքերը այս տարածաշրջանում»,- ասաց Սարգսյանը:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: