10/14/2019

Պետթատրոնի Ամանորի նվերը մանուկներին

Պետթատրոնի Ամանորի նվերը մանուկներին

Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 20-ին առաջնախաղ էր, բայց այս անգամ հանդիսականը հիմնականում մանուկներ էին: Ամանորին ընդառաջ թատրոնի կոլեկտիվը փոքրիկ հանդիսականին նվեր էր պատրաստել. ներկայացվեց «Ամանորի ուրախ տնակը» երաժշտական հեքիաթ-ներկայացումը (բեմականացումը եւ բեմադրությունը՝ Արամ Հայրապետյանի, պարերը՝ Գայանե Վարդիկյանի, երաժշտական ձեւավորումը՝ Նարեկ Իսրայելյանի նկարչական ձեւավորումը՝ Արման Ասատրյանի):

Բեմադրության կերպարները հեքիաթների հերոսներն էին՝ ծաղրածուն, ծուռթաթ արջը, շլդիկ նապաստակը, փշոտ ոզնին, փոքրիկ սկյուռիկը, իշուկը եւ անտառապահը:Բեմադրությունը անափ ուրախություն պարգեւեց փոքրիկերին: Բեմը ձեւավորվել էր անտառային պատկերներով, դերասաններն անմիջական հարաբերության մեջ էին մտնում մանուկ հանդիսականի հետ, իսկ ծաղրածուն հանելուկներ էր առաջադրում փոքրիկներին, ովքեր ողջ ներկայացման ընթացքում մասնակից եղան տոնախմբությանը:

Հուրախություն դահլիճում ներկա գտնվողների, ներկայացման ավարտին նրանց այցելեց Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Ձյունամորուս Ձմեռ պապը մանուկներին մաղթեց առողջություն, երջանկություն եւ ամենակարեւորը՝ խաղաղություն, թող երբեք ժպիտը չպակասի ձեր դեմքից՝ սա էլ Ձյունանուշի մաղթանքն էր: Իսկ որպես Ամանորի անակնկալ՝ բեմում «հայտնվեց» եղեւնին՝ լուսավորված բազմերանգ լույսերով: Եվ ուրախ բացականչություններ՝ շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:

Ներկայացման բեմադրիչ Արամ Հայրապետյանը «Սյունյաց երկրին» փոխանցեց, որ բեմադրությունը կառուցվել է ռուսական չորս հեքիաթի հիման վրա, ընդ որում ներկայացման պերսոնաժները բարի կերպարներ էին միայն: Նրանց մարմնավորել էին ինչպես դերասաններ պետթատրոնից, այնպես էլ Կապանի արվեստի մանկական դպրոցի եւ Կապանի արվեստի քոլեջի թատերարվեստի բաժնի սովորողները:

Թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը հայտնեց, որ Արցախի Հանրապետության Իշխանաձոր համայնքի դպրոցականները կհյուրընկալվեն Կապանի պետթատրոնում՝ դիտելու Ամանորի ներկայացումը:

Յոթ օր շարունակ թատրոնի տոները բաց կլինեն մանկապարտեզի սաների եւ դպրոցականների համար (եւ ով միայն):

Վահրամ Օրբելյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: