10/21/2019

Դոնալդ Տուսկն ու Ժան Կլոդ Յունկերը Փաշինյանին հաջողություն են մաղթել Հայաստանն առաջնորդելու գործում

Դոնալդ Տուսկն ու Ժան Կլոդ Յունկերը Փաշինյանին հաջողություն են մաղթել Հայաստանն առաջնորդելու գործում

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը համատեղ ուղերձ են հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Վկայակոչելով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության «Ֆեյսբուք»-ի էջը, ուղերում, մասնավորապես, ասված է. 

«Ձերդ գերազանցություն, ցանկանում ենք շնորհավորել ս.թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ձեր քաղաքական դաշինքի հաղթանակի կապակցությամբ: Ընտրություններն անցկացվեցին հիմնարար ազատությունների հարգանքի պայմաններում և վայելում են հանրային լայն վստահություն: Դուք Հայաստանի քաղաքացիներից ստացել եք բարեփոխումներ կատարելու ուժեղ մանդատ: Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Ձեզ բարեփոխումների օրակարգի իրականցման գործում: ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համաձայնագիրը, որը պայմանականորեն կիրառվում է 2018թ. հուլիսի 1-ից, ամուր շրջանակ է ապահովում մեր համագործակցության համար և հավակնոտ ծրագիր՝ բարեփոխումների համար: Համաձայնագիրը նաև աջակցություն կտրամադրի դիմակայուն սոցիալ-տնտեսական համակարգ ունենալուն, որն անհրաժեշտ է Հայաստանի բարեկեցության կառուցման համար: Ի բարօրություն Հայաստանի բոլոր քաղաքացիների՝ ակնկալում ենք համատեղ աշխատել համաձայնագրի իրականացման ուղղությամբ: Ավելի լայն, տարածաշրջանային համատեքստում, հուսով ենք, որ Հայաստանը կշարունակի համագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում, որը 2019թ. կնշի իր գործունեության տասնամյակը: Լիահույս ենք նաև, որ նոր թափով կշարունակեք ջանքերը տարածաշրջանում խաղաղության և անվտանագության հաստատման ուղղությամբ: 
Մաղթում ենք Ձեզ հաջողություն Հայաստանն առաջնորդելու գործում»: 

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: