10/21/2019

Հենակետի պատասխանատու, ավագ լեյտենանտ Հովհաննես Միսակյանը

Հենակետի պատասխանատու, ավագ լեյտենանտ Հովհաննես Միսակյանը

Տարեմուտ է: Գնում ենք Արցախի պաշտպանության առաջնագիծ: Գնում ենք նրանց մոտ, որոնց համար օրը հատուկ բովանդակություն ունի, ուրիշ հանդերձանք: Եվ օրվա յուրաքանչյուր ակնթարթն այդտեղ կարող է  անակնկալ մատուցել: Իսկ նրանք՝ 18-20 տարեկան մեր տղաները, միշտ պատրաստ են: Եվ այդ նույն օրն ու այդ նույն օրվա ակնթարթն առասպել է հյուսում եւ  առասպելն  այդ սահմանապահ մեր խենթ ու խելառ տղաների մասին է, տղաներ, որ մեզ ժամանակի մեջ ինքնահաստատվելու  իրավունք են տվել: Ու այդ տղաները մեր ազգի բարոյական զգեստը կարելու իրենց իրավունքն են իրացնում  սահմանում՝ հենց իրենց տիրույթում ինքնահաստատվելու շնորհիվ: Ինքնահաստատվելով, նրանք հայոց ազգին գոյության իրավունք են տվել, հայ կոչվելու,  հարատեւելու իրավունք են տվել:

Դե, եկ  Վարդապետ ու մի խենթանա, դե եկ Վարդապետ ու մի խոնարհվիր նրանց առջեւ: Ամռան տապին ու անձրեւին,    ձմռան բուք ու բորանին նրանք Արցախի սահմաններն են պաշտպանում: Եվ այդ տղաներն իրենց տեսակով նոր ձեւ ու իմաստ   են տալիս հայրենասիրությանը, իրենց ձեւով, մտածելակերպով ու գործելակերպով սահմանում հայրենասիրություն հասկացությունը: Մարտական դիրքում խիզախներն են միայն, առյուծածին տղերքը հայոց: Իսկ մարտական դիրքը, ուր մենք ենք, թուրքերի դիրքերից հեռու է ընդամենը 300 մետր: 

Օրը մառախլապատ է: Եվ  մառախուղի միջից ասես հառնում են կապիտան Արմենակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկը, Քյարամը… Եվ ասես լսում եմ նրանց ձայնը՝ կրակ, կրակ... 

Տղերքն ընկան հերոսաբար: 

Առյուծի նման մռնչացին մնացած տղերքը... 

Հենակետի պատասխանատու, ավագ լեյտենանտ Հովհաննես Միսակյանի համար դժվար է հիշել 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերը: 

Ինչ տղերք էին, ինչ զինվորներ՝ հոգոց հանելով ասում է Հովհաննեսը: 

Զգում եմ, նրա համար դժվար է  վերապրել անցած օրերը:

- Երեք ժամ շարունակ հրետակոծվել ենք, բայց պահել ենք դիրքերը, այն էլ` երեք դիրք: Ապրիլյանը չորս օրով չի ավարտվել, ապրիլի 23-ին նույնպես թեժ մարտեր էին: Թշնամին գազազած էր, ախր չէր կարողացել իրականացնել իր ծրագիրը: Բայց մենք փակեցինք նրա բերանը… 

Ապրիլյանի տղերքից է Հովհաննես  Միսակյանը: Ամուսնացած է, ունի  երեք աղջիկ ու մի որդի: 2019 թ. մայիսին լրանում է նրա ծառայության ժամկետը:

- Շարունակելո՞ւ ես ծառայությունդ,-հարցնում եմ նրան: 

Նա  գլխով է անում: Ու ես նրա հայացքում կարդում եմ՝ իմ սիրտը սահմանում է , ախր ո՞նց թողնեմ սահմանը, իմ զինվորներին:

-Դա կլինի հավատափոխություն,- նրա միտքը բարձրաձայն շարունակում եմ ես:

-Այո, իմ հավատամքը հայ զինվորն է, իմ անձնական տիրույթն այս սահմանն է, այս դիրքը: 

Հովհաննեսի համար աշխարհը սկսվում է սահմանից, այս խրամատից,  աշխարհի կենտրոնն այս դիրքն է, նրա պատասխանատվության տիրույթն է մարտական այս դիրքը, իսկ խաղաղության խորհրդանիշն այս զինվորներն են՝ արի, աչալուրջ: 

Հենակետի յուրաքանչյուր զինվորի համար անձնական պատասխանատվություն է կրում Հովհաննեսը: Եվ դա ոչ միայն ի պաշտոնե, այլ նաեւ որպես ավագ ընկեր: Իսկ հենակետում բարոյահոգեբանական մթնոլորտը  տրամադրող է: Դրա համար էլ ծառայությունն այստեղ բոլորի համար հաճելի է, ծառայությունը հեշտ է անցնում:

- Մեզ  համար թիվ մեկ թշնամին լարվածությունն է,- ասում է Հովհաննեսը,- այն որպես կատեգորիա չկա մեզանում: Ընկճված զինվոր չունենք: Եթե լինի, պետք է դիրքը թողնենք, գնանք… 

Ասել է թե` ընկճված զինվորը թշնամու ջրաղացին ջուր լցնող է: Իսկ այստեղ բոլորը թշնամու ջրաղացի ջուրը կտրողն են: Հենակետի զինվորներից յուրաքանչյուրը պատրաստ է  իր կյանքը զոհաբերել հանուն ընկերոջ: Իսկ սա մեր ամենամեծ հաղթաթղթերից մեկն է: Մի ուրիշ հաղթաթուղթ էլ ունենք. մեր զինվորը քաջ գիտի իր առաքելությունը, նա լավ է պատկերացնում իր առաքելության սահմանները: Եվ դա քարոզի արդյունք չէ, դա խոսում է նրա մարտական բարձր պատրաստվածության, հայրենիքի հանդեպ ունեցած անչափելի սիրո մասին: Իսկ գիտակից զինվորը մերթ գարնան հեղեղի է նման, մերթ դառնում է  Սասնա Դավիթ ու Մհեր: Իսկ Սասնա Դավթի թուր կեծակին մեր զինվորի ոգին է: 

Հովհաննեսը համամիտ է ինձ հետ:   Ճիշտ այդպես՝ ասում է նա: 

Հենակետն իր մատուռն ունի, զինվորները մոմ են վառում, աղոթք անում, հաղոդակցվում Բարձրյալի հետ: Իսկ խրամատ տանող թեքության վրա մանր քարերով խաչ են պատրաստել ու գրել՝ «Հանուն հոր ...»: Զինվորները հենակետում ծաղիկներ էլ են աճեցնում: 

Խենթանալ կարելի է, այս ի՜նչ տղաներ են, Աստված իմ, այս տղաներին գետնել չկա ու զուր է  թուրքը հոխորտում՝ իսրայելական արտադրության անօդաչուներ ունենք, էս ունենք, էն ունենք՝ անթիվ, անսպառ: Բա մեր զինվորի ոգին ուր, ձեր զինվորի ոգին ուր... Այնպես որ, ձեններդ կտրեք, սսկվեք ձեր տեղում, թե չէ Սասնա Դավթի թուր կեծակին գործի կանցնի եւ քառսուն գոմշի կաշին էլ չի փրկի ձեզ: Ծաղիկներ, հիմա էլ արծիվներ հայտնվեցին:

- Արծիվները եկել  են արծիվների մոտ… 

Հետ եմ շրջվում: Բարձրահասակ, գեղեցիկ աչք-ունքով զինվոր է, Նժդեհի գիրքն էլ ձեռքին:

-Մեզ համար պատիվ է ծառայել այս հենակետում,- ասում է նա,- այստեղ քաջերն են ծառայում: 

Այո, քաջերն են այդտեղ: Նրանց շնորհիվ է, որ սահմանն անխոցելի է: Եվ այդ խիզախները հայոց խիղճն են ու պատիվը, հայ ազգի գալիքվելու այցեքարտն են, հայոց ձայնը, հայոց հույսն ու պատվարը: Ու այս տղաների, նաեւ նրանց նախորդած տղաների շնորհիվ է, որ Արցախը կանգուն է  եւ կամուրջ է ձգել դեպի ապագան: 

Հրաժեշտ ենք տալիս արծիվներին եւ նրանցով հզորացած-սրբացած բռնում տուն դարձի ճամփան՝ ասելով՝ երիցս օրհնվես դու, հայ ԶԻՆՎՈՐ:

Ալվարդ Մեսրոպյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: