10/22/2019

Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն է

Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն է

Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրը։ 

Qahana.am-ում կարդում ենք. «Ս. Պետրոսը Տիրոջ 12 առաքյալներից էր, Անդրեաս առաքյալի եղբայրը: Նա եղավ ականատեսը Տիրոջ Պայծառակերպության և Հիսուսի հետ կապված կարևոր այլ դեպքերի: Ձկնորս էր, ում թլփատության անունը Շմավոն էր, իսկ հունարեն` Սիմոն: Նրան Քրիստոս ասում է. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչվես Կեփաս» (Հովհ. 1:42): «Կեփաս» նշանակում է «վեմ», հունարեն` Պետրոս: Ս. Պետրոսը Բեթսայիդա գյուղից էր, սակայն փոխադրվել էր հարևան Կափառնայում քաղաք, ուր Հիսուս բժշկեց նրա զոքանչին: Ս. Պետրոսն առավելաբար հայտնի է ավետարանական այն դրվագից, երբ նա Հիսուսին դավանում է որպես Կենդանի Աստծո Որդի: Եվ Հիսուս հաստատում է, որ այդ դավանության վրա, այսինքն` Քրիստոս որպես աշխարհի Փրկիչ և Աստվածորդի, պիտի կառուցի իր եկեղեցին (Մատթ. 16:15-19): Հիսուսի ձերբակալման գիշերը Պետրոսը երիցս ուրացել է Նրան, սակայն հետո խորապես զղջացել: Հոգեգալստից հետո նա բացատրել է հավաքվածներին կատարվածի իմաստն ու խոսել հարուցյալ Հիսուսի մասին: Նրա կարևոր գործերից էր հեթանոսների ներգրավումը եկեղեցի: Հերովդես թագավորը ձերբակալել է նրան, բայց հրաշքով ազատվել է բանտից: Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում` գլխիվայր խաչվելով: Մեզ են հասել նրա երկու ընդհանրական նամակները:

Ս. Պողոսը Տիրոջ 13-րդ առաքյալն է: Ծնվել է Կիլիկիայի Տարսոն քաղաքում, առաջին դարի սկզբներին, հռոմեական քաղաքացիություն ունեցող հրեա ծնողներից, որոնք, ըստ Հերոնիմոսի, եկել էին Գալիլիայից: Նա վրանագործ էր: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև Երուսաղեմում աշակերտել Գամաղիել օրենուսույցին: Նրա վկայության համաձայն` եղել է փարիսեցի, խստորեն պահպանել օրենքի տառն ու հալածել քրիստոնյաներին: Սակայն Դամասկոսի ճանապարհին Հիսուս երևացել է նրան, որից հետո Սողոսը` հետագայում Ս. Պողոս առաքյալը, դարձել է Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը: Նրան մկրտել է Ս. Անանիա առաքյալը: Կատարել է մի քանի ճանապարհորդություններ` քարոզելով Աստծո խոսքը: Մեզ են հասել նրա 14 թղթերը: Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում, 67 թվականին, Ներոնի հալածանքների ժամանակ և գլխատվել: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակի օրը տոնում է Սուրբ Ծնունդին նախորդող ավագ տոների ժամանակ»:

Աղբյուր` Panorama.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: