11/17/2019

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ՊՎԾ ղեկավար Սանասարյանի դեմ

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ՊՎԾ ղեկավար Սանասարյանի դեմ

Այս ստուգումների արդյունքում պարզ դարձավ, որ հիմնականում ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հետ գործ ունենք։ Այս մասին քիչ առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը անդրադառնալով ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան էջում կատարած գրառմանը։

ԵՊՀ ռեկտորը նշում է, որ արդեն 5 ամիս է ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացնում Երեւանի պետական համալսարանում: Նախատեսված են 6 ամսվա ստուգումներ՝ մինչեւ հունվարի 31-ը, այն դեպքում, երբ ստուգումների ժամկետները, ըստ օրենքի, պետք է սահմանափակ լինեն: «Դա իմանալով ՊՎԾ ղեկավարն ասում է, որ երկու ամսում այսքանի չարաշահում են բացահայտել: Դա իրականությանը չի համապատասխանում: Խախտվել է ժամկետների մասին օրենքի դրույթը»,- ասաց Արամ Սիմոնյանը:

ԵՊՀ ռեկտորն ընդգծեց, որ ստուգումները դեռ չավարտված ՊՎԾ ղեկավարը հանդես է գալիս բացարձակ չհիմնավորված հայտարարություններով: Սիմոնյանի խոսքով դրանով կոպտորեն խախտվել է ՊՎԾ մասին օրենքի 3-րդ կետը ստացված տեղեկատվության հրապարակման մասին:

ԵՊՀ ռեկտորը նշում է, որ իրեն ուղարկված փաստաթղթում նշված փաստերը դեկլարատիվ են, ոչ մի կապ չունեն իրական վիճակի հետ:

«Երբ ծանոթացա փաստաթղթեին պարզ դարձավ այն, ինչ գիտեինք մինչ այդ: ՊՎԾ-ից 18 հոգի 5 ամսվա ընթացքում աշխատել են, սակայն փաստաթուղթը կազմել է 1 հոգի, որը նույնպես օրենքի խախտում է: Այս ստուգումների արդյունքում պարզ դարձավ, որ հիմնականում ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հետ գործ ունենք»,– ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ  ստուգվել է ավելի քան 9.5 միլիարդ դրամի գործունեություն: Ընդամենը մտահոգություն են հայտնել 500 միլիոնի մասին, որի գերակշիռ մասը ծիծաղելի եւ ոչնչով չփաստարկված պնդումներ են:

Սիմոնյանը կարծում է, որ փորձում են արատավորել ԵՊՀ բարի համբավը հավելելով, որ պատրաստվում են դատական հայց ներկայացնել Դավիթ Սանասարյանի դեմ: Արամ Սիմոնյանը կարծում է, որ նման քայլերն արվում են, քանի որ ինքը ՀՀԿ անդամ է:

ԵՊՀ ռեկտորը նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ եւ սա նաեւ պատվի հարց է։

Հիշեցնենք, որ ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը գրել էր․

«ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տեւած ուսումնասիրության արդյունքները ուղարկվեց դատախազություն։ Ըստ մեր նախնական գնահատականի հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային։

ԵՊՀ ուսումնասիրության վերաբերյալ մանրամասն ներկայացնելու ենք առաջիկա ասուլիսի ժամանակ։ Սիրում եմ բոլորիդ»,- գրել է Սանասարյանը։

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: