05/23/2019

Հայաստանն իրոք կարող է դառնալ երկրագնդի ամենապայծառ կետերից մեկը. նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը (տեսանյութ)

Հայաստանն իրոք կարող է դառնալ երկրագնդի ամենապայծառ կետերից մեկը. նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ամանորի առիթով շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ քաղաքացիներին և աշխարհասփյուռ հայությանը:

Նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է.  

«ՀՀ հարգելի՛ քաղաքացիներ, աշխարհասփյուռ սիրելի՛ հայրենակիցներ, պատմություն դարձող 2018 թվականը մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների և հույսերի տարի էր։ Մենք ականատես եղանք մեր ժողովրդի լավագույն հատկանիշներին, միասնականությանը, համախմբվածությանը, բարձր բարոյական և քաղաքացիական ոգու դրսևորումներին։

Շուտով ունենալու ենք նոր խորհրդարան և նոր կառավարություն, նրանց գործունեության հաջողությունը մեծապես կախված է լինելու Հայաստանի քաղաքացուց, քաղաքացու աջակցությունից և հասարակական, տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքին նրա մասնակցությունից։ Հայաստանն իրոք կարող է դառնալ երկրագնդի ամենապայծառ կետերից մեկը նորարարական գաղափարների կիրառման, մշակույթի, տնտեսության, գիտության և այլ ոլորտներում, սակայն այդ ուղին հեշտ չի լինելու, կլինեն նաև դժվարություններ՝ հաճախ պայմանավորված մեզնից անկախ գործոններով, այդ թվում՝ աշխարհաքաղաքական իրողություններով, և ես բոլորիս մաղթում եմ սթափություն, կազմակերպվածություն, առողջ դատողություն, պատասխանատվություն և իհարկե հանդուրժողականություն․ սրանք են հաջողության հասնելու բանալիները։

Հայաստանի և Արցախի անվտանգությունը և ինքնիշխանությունը, Արցախի հիմնահարցի արդարացի լուծումը շարունակելու են գերակա լինել մեր կյանքում, մենք ապրում ենք այն խորին գիտակցումով, որ անկախ մեր ծննդյան վայրից՝ ունենք մեկ հայրենիք, այդ հայրենիքը մենք պետք է ծաղկեցնենք համատեղ ուժերով, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնական ջանքերով, մենք պետք է հոգ տանենք ազգային ինքնության հենասյուների՝ մեր մշակույթի, կրթության, հոգևոր և ընտանեկան արժեքների մասին, այս գործում իհարկե առանցքային դեր է կատարում մեր սուրբ եկեղեցին, պետք է ավելի հոգատար լինենք մեր պատմական և ազգային ժառանգության, մեր բնության, գյուղի, քաղաքի, և ընդհանրապես մեր ողջ երկրի նկատմամբ։

Սիրելի՛ հայրենակիցներ, այս պահին հոգով և մտքով բոլորիդ հետ եմ, բոլորիդ կողքին, սահմանում կանգնած զինվորի և սպայի, շտապօգնության մեքենայում և հիվանդանոցում հերթապահող բժշկի, ծառայություն իրականացնող ոստիկանի, հրշեջի, հացթուխի, տաքսու վարորդի, գյուղացու և բանվորի, գիտնականի, արվեստագետի, ձեր բոլորի հետ, հատկապես մտահոգված եմ դժվար ապրող ընտանիքների համար՝ նրանց, որ դեռ տուն չունեն, նրանց, որ ապրում են սահմանամերձ բնակավայրերում, մտահոգ եմ վիրավորների, հիվանդների համար, մաղթում եմ հոգսերին թեթևացում, թող գալիք տարում ձեզնից յուրաքանչյուրի առջև բացվեն հաջողության դռները, թող Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի զգա փոփոխությունների դրական շունչը։

Մեզ բոլորիս պետք է առաջնորդի հետևյալ շատ պարզ նշանաբանը՝ «կարողացել են ուրիշները, կարող ենք նաև մենք, չի կարողացել ոչ ոք աշխարհում, մենք կլինենք առաջինը»։

Մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղություն, մեր ընտանիքներին առողջություն, հաջողություն, բարեկեցություն ու երջանկություն, մանուկներին՝ ծիծաղ ու խինդ, տարեցներին՝ արժանապատիվ հանգիստ, թող գալիք տարում ձեզնից յուրաքանչյուրը՝ ձեր հարազատները, ընտանիքները, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, աշխարհի յուրաքանչյուր հայ կարողանա երազել և իրականացնել իր երազանքը, իրականացնել մեր բոլորի երազանքները։ Շնորհավոր Նոր տարի»։

tert.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: