03/22/2019

Վերջերգ եւս մեկ հորինված քրեական գործի

Վերջերգ եւս մեկ հորինված քրեական գործի

Ուղիղ մեկ տարի առաջ Սյունիքի մարզպետի աթոռը զբաղեցնող անձնավորությունը մեծամասշտաբ գրոհ ձեռնարկեց Սյունիք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Լիլիթ Առաքելյանի դեմ:

Պատճառներն ի սկզբանե հայտնի էին մարզի հանրությանը:

Տնօրենը 2017թ. դեկտեմբերյան մարզխորհրդի նիստում, երբ մարզպետը վիրավորում էր ներկա գտնվողների, այդ թվում՝ կանանց պատիվն ու արժանապատվությունը, վրդովմունք հայտնեց՝ «Բա մի տղամարդ չկա՞ այս դահլիճում, որ չափ դնի մարզպետի բերանին». րոպեներ անց տնօրենի խոսքը հասցրել էին մարզպետին:

Բայց դպրոցի տնօրենը նաեւ այլ «հանցանք» էր գործել:

Նա, հակառակ մարզպետի կարգադրության, ոչ միայն ընթերցում էր «Սյունյաց երկիր», ոչ միայն նրա էջերում իր գիտական հոդվածներն էր հրապարակում, այլեւ դարձել էր այդ թերթի բաժանորդ, ինչը խստորեն արգելված էր տարածքային ու համայնքային իշխանությունների կողմից:

Եվ այդ ամենի համար…

2018թ. հունվարի 23-ին, հակառակ Հայաստանի Հանրապետության օրենքների, Լիլիթ Առաքելյանն ազատվեց «Սյունիքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտկանություններից:

Մինչ այդ գործի էր դրվել դպրոցը պատվերով ստուգելու՝ արդեն փորձված եւ ստոր մեթոդը:

Գործի էր դրվել սպառնալիքն ու շանտաժը. մարզպետը տնօրենին անձամբ էր ասել, թե գաղտնալսվել են նրա հեռախոսային խոսակցությունները:

«Ստուգման» արդյունքներով մոգոնված ակտը՝ իբր դպրոցում հայտնաբերված յուրացումների մասին, առանց տնօրենից պարզաբանում պահանջելու, առանց «հայտնաբերված» թերացումները քննարկելու, ուղարկվեց ոստիկանության Կապանի բաժին:

Այդ օրերում Սյունիքի ոստիկանությունը գրպանային էր՝ վարչության պետից, բաժնի պետերից մինչեւ հետաքննիչ:

Ու Կապանի ոստիկանության բաժնում 2018թ. փետրվարի 8-ին հարուցվեց թիվ 41152118 քրեական գործը եւ ուղարկվեց Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Տասը ամիս շարունակ «լուսահոգի» մարզպետի շները պաշտոնեական գրություններով, լրատվամիջոցների հրապարակումներով, վարձու բանսարկուների ոռնոցով լուրեր էին տարածում, թե Լիլիթ Առաքելյանը քրեական հանցանք է գործել, պետական միջոցներ յուրացրել, թե նրան հենց դրա համար էլ աշխատանքից ազատել են, թե …

Իսկ այդ ընթացքում տեղի էր ունենում հանգամանալից նախաքննություն, տեղի էին ունենում հարցաքննություններ, փորձաքննություններ…

Ոհմակը սրտատրոփ սպասում էր իր հաղթանակին, ոհմակն ամեն ինչ անում էր՝ խժռելու մարզի հանրակրթական դպրոցների լավագույն տնօրեններից մեկին եւս, բայց …

2018թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Նարեկ Աբգարյանը կայացրեց երկար սպասված որոշումը՝ «Թիվ 41152118 քրեական գործով «Սյունիքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն… Լիլիթ Առաքելյանի կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու՝ պաշտոնեական անփութության արդյունքում անզգուշությամբ 642.600 ՀՀ դրամ վնաս պատճառելու դեպքով Լիլիթ Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով»:

Իսկ ի՞նչ էր իրականում տեղի ունեցել Սյունիքի միջնակարգ դպրոցում:

Ըստ քննիչի նշված որոշման՝ «…Կապան քաղաքի բնակիչ Անահիտ Վարդազարյանն՝ աշխատելով «Սյունիքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հաշվապահ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2014թ. սեպտեմբեր ամսից մինչեւ 2017թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում տարիֆիկացիոն ցուցակով նախատեսված 50 հազար ՀՀ դրամ աշխատավարձի փոխարեն ամեն ամիս համապատասխան փաստաթղթերում իրեն որպես աշխատավարձ ձեւակերպել ու ստացել է հաստիքացուցակով նախատեսված աշխատավարձից 1. 512. 000 ՀՀ դրամ ավել գումար, ինչի հետեւանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերով՝ շուրջ 1. 512. 000 ՀՀ դրամի վնաս»:

Ի դեպ, պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվեց նախաքննության ընթացքում՝ Անահիտ Վարդազարյանի կողմից:

Խոսքը, ինչպես տեսնում եք, առնչվում է 2014թ. սեպտեմբերից մինչեւ 2017թ. դեկտեմբեր ընկած ժամանակաշրջանին:

Իսկ Լիլիթ Առաքելյանն այդ դպրոցում տնօրենի պաշտոնը վարել է 2016թ. հուլիսի 29-ից: 

Այսինքն՝ պետությանը հասցված վնասը մեծապես պատճառվել է մինչեւ Լիլիթ Առաքելյան:

Եվ հավելագրման այդ մեխանիզմը, պարզվում է, ներդրվել է մինչեւ Լիլիթ Առաքելյանի պաշտոնավարում, երբ տնօրենն Արթուր Մնացականյան անփառունակն էր:

Եվ, որքան էլ տարօրինակ է, հավելագրման այդ մեխանիզմն աննկատ է մնացել Սյունիքի մարզպետարանի համապատասխան բաժինների ու վարչությունների աշխատակիցների կողմից:

Մի խոսով՝ Լիլիթ Առաքելյանի պաշտոնավարման ընթացքում այդկերպ պետությանը պատճառվել է 642 հազար ՀՀ դրամի վնաս, որը, ըստ քննիչի վերոնշյալ որոշման՝ «սույն դեպքում էական չի համարվում, որպիսի հանգամանքներից ելնելով Լիլիթ Առաքելյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը»:

Անշուշտ, հարգանք եւ պատիվ քննիչ Նարեկ Աբգարյանին՝ օրինապահության, անաչառության, անկաշառության եւ, իհարկե, քաջության համար:

Հարգանք Լիլիթ Առաքելյանին, ով կարողացավ համարձակորեն տեր կանգնել իր եւ իր գլխավորած դպրոցի արժանապատվությանը, կարողացավ ճշմարտությունը ջրի երես հանել՝ չվախենալով զրկանքներից ու հետապնդումներից:

Սակայն տարօրինակ է օրվա իշխանությունների պահվածքը, ինչպես որ տարօրինակ էր երեկվա իշխանությունների պահվածքը:

Վահե Ա. Հակոբյանը մինչեւ այսօր պատասխանատվության չի ենթարկվել այդ եւ նման այլ կամայականությունների համար:

Ոստիկանության մարզային վարչության պետը, Կապանի այդ օրերի ոստիկանապետը, քրեական գործեր հարուցող գործիք-հետաքննիչը նույնպես  պատասխանատվության չեն ենթարկվել:

Մարզպետարանի կրթության վարչության համապատասխան աշխատակիցները եւս, ովքեր նպաստել են օրվա մարզպետին, ովքեր փորձել են վարկաբեկել մեծահամբավ տնօրենին, մինչեւ հիմա ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկվել, այլեւ շարունակում են պաշտոնավարել ու քրքջալ մարզի մտավորականության վրա:

Տարօրինակ է, որ ներքեւից մինչեւ վերեւ բոլորը գիտեին՝ Լիլիթ Առաքելյանի դեմ գործը հնարված է, բայց…

Ոչ ոք այդպես էլ չհամարձակվեց բռնել չարագործի ձեռքը, պաշտպանել ճանաչված մտավորականի, հանրակրթական գործի լավագույն կազմակերպչի իրավունքները…

Հ.Գ.

Դեռեւս 2018թ. փետրվարի 23-ին Լիլիթ Առաքելյանը հայցադիմում է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Նա պահանջում է վերացնել «Սյունիքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի մասին Սյունիքի մարզպետի 2018թ. հունվարի 23-ի կարգադրությունը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում եւ բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի միջին աշխատավարձը:

Մի շարք օբյեկտիվ պատճառներով ձգձգված դատաքննությունը թեւակոխել է ակտիվ փուլ:

Վստահ ենք՝ մոտ ապագայում ականատես կլինենք արդարության եւս մեկ հաղթանակի:

Սամվել Ալեքսանյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: