03/22/2019

Արփինե Հովհաննիսյանը պատրաստվում է դառնալ գործազուրկ

Արփինե Հովհաննիսյանը պատրաստվում է դառնալ գործազուրկ

ԱԺ–ի փոխնախագահը երկու օր անց կդառնա գործազուրկ, բայց Հայաստանից չի արտագաղթի։

Երկուշաբթի Ազգային ժողովի` դեռ գործող փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կդառնա գործազուրկ։ Այս մասին այսօր` հունվարի 11-ին, խորհրդարանում կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արփինե Հովհաննիսյանը։

Բանն այն է, որ երկուշաբթի` հունվարի 14-ին, Ազգային ժողով կգան արդեն նոր` 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորները։

Գործազրկությունը, սակայն, նրա խոսքով, Հայաստանից արտագաղթելու պատճառ չէ։

«Հուսով եմ` հայրենի իշխանությունն այնպիսի պայմաններ չի ստեղծի, երբ արտագաղթելն այլընտրանք չի ունենա։ Բայց նույնիսկ այդ դեպքում ես չեմ պատրաստվում արտագաղթել։ ՀՀ–ն իմ հայրենիքն է և ես այստեղ շարունակելու եմ գործունեություն ծավալել (որքան էլ պաթետիկ և հերոսական հնչի), պատասխանատվություն զգում եմ մի շարք զարգացումներին ընդառաջ, որոնց ՀՀ–ն պետք է առերեսվի, և այդ տեսանկյունից գործունեության այն ոլորտները, որոնք ես ընտրել եմ ապագայի համար, թույլ տալու են, որպեսզի ՀՀ քաղաքացիների ձայնը լսելի դարձնենք և նրանց շահերը պաշտպանենք»,– ասաց Հովհաննիսյանը։

Նա պատրաստվում է վերադառնալ մասնագիտությանը և աշխատել իրավաբանական գրասենյակում, բայց չի թաքցնում, որ կան նաև հանրային քաղաքականության հարթակում գործունություն ծավալելու պլաններ, որոնց մասին խոստացավ տեղեկացնել ավելի ուշ։

Իսկ հերթափոխը 7-րդ գումարման Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներին հանձնելով`Արփինե Հովհաննիսյանը շնորհավորեց նրանց ու հաջողություն մաղթեց` միաժամանակ հույս հայտնելով, որ նրանք կգիտակցեն իրենց վրա դրված բեռն ու պատասխանատվությունը, որ կրում են և իրենց առաքելությանը համահունչ կգործեն։

«Ես ամեն դեպքում հուսով եմ, որ իրենք կհաջողեն ոչ թե բառերով, բարձրագոչ եզրույթներով, պաթետիկ նախադասություններով, Հանրապետականին փնովելով, այլ կկարողանան ապացուցել, որ իրենք կարող են աշխատել»,– ասաց նա` հավելելով, որ որպես ՀՀ քաղաքացի` իր կյանքը ևս պայմանավորված է լինելու նոր խորհրդարանում ընդունված որոշումներով ու օրենքներով։

Ի դեպ, նշենք, որ Ազգային ժողովի տոնական ավանդական ընդունելությանն այսօր շատ քիչ պատգամավորներ էին ներկա, դահլիճում ավելի շատ լրագրողներ կային։ Գործող ԱԺ–ի վերջին միջոցառմանը ՀՀԿ խմբակցությունից մասնակցում էին խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանն ու փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, «Բարգավաճ Հայաստանից»` Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը, «Լուսավոր Հայաստանից»` միայն Էդմոն Մարուքյանը։ ՀՅԴ խմբակցությունը տոնական ընդունելությանը չէր եկել։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: