11/19/2019

Գյումրիի արյունոտ լուսաբացը. լրացավ Ավետիսյանների սպանդի 4-րդ տարին

Գյումրիի արյունոտ լուսաբացը. լրացավ Ավետիսյանների սպանդի 4-րդ տարին

4 տարի առաջ, 2015 թվականի նոր տարվա առաջին ամիսը Գյումրիում վատ իրադարձության սպասելիքով էր մեկնարկել: Սուրբ ծննդից երկու օր հետո՝ հունվարի 8-ի առավոտյան անսպասելիորեն շուռ էր եկել քաղաքի գլխավոր հսկա տոնածառը: Կոտրվել էր 24 մ բարձրություն եւ 10 մ լայնություն ունեցող երկաթե հիմնաձողը, եւ բարեբախտություն էր միայն այն, որ որեւէ մեկը դեպքի հետեւանքով չէր տուժել, քանի որ հենց տոնածառի տակ՝ քարե գորգի վրա մանկական տարբեր ատրակցիոններ, խաղեր եւ տոնական փոքրիկ առեւտրի սեղանիկներ էին տեղադրված: Նրանք, ովքեր ասում էին՝ սա վատ նշան է, պարսավանքի էին արժանանում: Ասում էին՝ սնահավատներին պետք չէ լսել: Բայց գրեթե բոլորը ներքուստ անհանգիստ էին:

4 օր անց՝ հունվարի 12-ին, Գյումրին հերթական, այս անգամ՝ արդեն ողբերգական ցնցումն ապրեց: Բարի լույսի փոխարեն քաղաքում կայծակնային արագությամբ տարածվեց Ավետիսյան ընտանիքի առանձնակի դաժանությամբ սպանդի ենթարկվելու լուրը: Մարդիկ սկզբում չհավատացին, կարճ ժամանակ անց Մյասնիկյան 188 հասցեն դարձավ հայտնի ամբողջ հանրապետությունում:

Այդ հասցեի մի փոքրիկ տանն էր տեղի ունեցել անմարդկային ոճիրը: Իրենց խաղաղ անկյունում, քնած ժամանակ սպանվել էին Հասմիկ, Սերյոժա, Աիդա, Արաքսյա, Արմեն Ավետիսյաններն ու Արաքսիայի եւ Արմենի մանկահասակ երեխաները՝ 2-ամյա Հասմիկն ու 6 ամսական Սերյոժան:

Վերջինս ընտանիքի միակ անդամն էր, որը սվին դանակով վիրավորումներ ստացած էր հայտնավբերվել, սկզբում տեղափոխվել էր Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց, այնուհետ՝ Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ երեխայի կյանքը փրկել չէր հաջողվել: Ավետիսյանների ընտանիքի մյուս անդամները սպանվել էին հրազենից արձակված կրակոցներից: 

Պաշտոնական մեղադրանքի համաձայն՝ ոճիրն իրականացրել էր Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը, ում նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց: Վալերի Պերմյակովը մեղադրվեց ՀՀ օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով (նախատեսում է ցմահ ազատազրկում), 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ազատազրկում 10 տարի ժամկետով) եւ 34-329 հոդվածի 1-ին մասով (ազատազրկում 2 տարի ժամկետով): Դատարանը չանդրադարձավ Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրին: 

9 ամիս տեւած դատավարությունը, սակայն, գյումրեցիներն ու Ավետիսյանների հարազատները համարեցին ձեւական, քանի որ մինչ օրս էլ որեւէ մեկը չի հավատում Պերմյակովի կողմից այդ սպանդի իրականացմանը: Գյումրիում դեռ բազմաթիվ ինչուներ են օդում կախված մնացել:

Այսօր՝ 2019 թվականի հունվարի 12-ին, լրանում է ոճրի 4-րդ տարին: Գյումրիում կեսօրին բողոքի մեծ ակցիա է անցկացվելու ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորամասերից մեկի մոտ, որը գտնվում է Շիրակացի փողոցում: Այսօր նաեւ լրանում է ռուս զինվորականի ծեծի հետեւանքով մահացած գյումրեցի Ջուլիետա Ղազարյանի մահվան 40-րդ օրը: 

Գյումրին այսօր բողոքելու է ռուս զինվորականների սանձարձակության, անվերահսկելիությանդեմ եւ պահանջներ է ներկայացնելու ինչպես ՀՀ, այնպես էլ ՌԴ իշխանություններին:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: