06/20/2019

Կապան hամայնքի ավագանին հաստատեց հնգամյա զարգացման ծրագիրը

Կապան hամայնքի ավագանին հաստատեց հնգամյա զարգացման ծրագիրը

Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համայնքի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգը ներառում էր չորս հարց: Համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությամբ հանդես եկավ համայնքապետարանի ֆինանսական բաժնի պետ Իվետա Թադեւոսյանը: Ըստ բանախոսի՝ Կապան համայնքի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 1 միլիարդ 836 միլիոն դրամ, տարեկան ճշտված պլանի 1 միլիարդ 866 միլիոն դիմաց կամ բյուջեն կատարվել է 98.4 տոկոսով, ինչը 19.1 տոկոսով գերազանցում է 2017 թ. բյուջեի եկամուտների հավաքման մակարդակը: Այնուհետեւ զեկուցողը անդրադարձավ տարբեր ցուցանիշների գծով (հարկեր եւ տուրքեր) բյուջեի կատարման մակարդակին:

Համայնքի ավագանու նիստը քննության առավ Կապան համայնքի 2019-2023 թթ. զարգացման ծրագիրը, որ ներկայացրեց համայնքապետարանի տնտեսական զարգացման եւ արտաքին կապերի բաժնի պետ Հասմիկ Ղոնյանը, ով հընթացս անդրադաձավ Կապան համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանին: Մասնավորապես այս տարում զբոսաշրջության զարգացման համար նախատեսվում է չորս միլիոն 860 հազար դրամ: Հարց հնչեց, թե ինչի համար պիտի ծախսվի այդ գումարը: Զեկուցողը մանրամասնեց. պատմամշակութային հուշարձանների եւ կոթողների, քանդակների պահպանության եւ գեղարվեստական լուսավորում՝ մեկ միլիոն դրամ, ինչպես նաեւ համայնքապետարանը կհամաֆինանսավորի «ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագիրը՝ 3 միլիոն 860 հազար դրամ:

Համայնքի առաջնահերթ խնդիրներից է համարվում աղբահանությունը, վերելակների եւ տանիքների նորոգումը, քանի որ բնակիչների նամակները, դիմում-բողոքներն այդ ոլորտներին են առնչվում:

Առաջին պլանին են նաեւ զբոսաշրջության զարգացումը եւ դրան համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը: Իսկ համայնքի զարգացման խոչընդոտներն են գործարար միջավայրի եւ ձեռնարկատիրության բացակայությունը, գործազրկությունը եւ բյուջեի սուղ հնարավորությունները: 

Համայնքի ավագանին ներկայացված հարցերը հաստատեց միաձայն:

 

Վահրամ Օրբելյան

syuniacyerkir.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: