06/20/2019

Եթե յուրաքանչյուրը թանգարանից իր հետ մեկ կաթիլ Վազգեն տանի, մեր երկիրն անպաշտպան չի մնա

Եթե յուրաքանչյուրը թանգարանից իր հետ մեկ կաթիլ Վազգեն տանի, մեր երկիրն անպաշտպան չի մնա

Հայ ազգը վառ անհատականությունների պակաս երբեք չի ունեցել, բայց միշտ էլ զգացել է պետականամետ այնպիսի գործիչների կարիք, ովքեր, համատեղելով ռազմական, քաղաքական ու ստեղծագործական գործունեությունը, նաեւ բացել են ազգի առջեւ ծառացած հրատապ խնդիրներին հասնելու ճանապարհը: Ազատագրական պայքարի վերելքի ամեն մի շրջան ծնում է իր հերոսներին, իսկ հերոսների շարքից առանձնանում է առաջնորդը… Այս անհատներից է Սպարապետ Վազգեն Սարգսյանը, ով մեծ ավանդ ունեցավ Հայոց պետականության հիմնարկեքի ու բանակաշինության գործում: Ավաղ, մեր ժողովուրդը հաճախ ժամանակին չի ճանաչել իր առաջնորդին, եւ հենց դա էլ եղել է նրա դժբախտությունը: 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո` դեկտեմբերին, նա հետմահու արժանացավ Հայաստանի «Ազգային հերոսի» կոչման եւ «Հայրենիք» շքանշանի: 2000 թվականին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց Հայաստանի Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան ստեղծելու մասին: Նրա անունն է կրում այսօրվա Ռազմական ակադեմիան: Երեւանում կա համանուն փողոց, իսկ ծննդավայր Արարատի մարզի Արարատ (Դավալու) գյուղում գործում է տուն-թանգարանը: Եվ ահա այս տարի ազգովի նշելու ենք նրա ծննդյան 60-ամյակը: Կազմակերպվելու են միջոցառումներ ինչպես մայրաքաղաք Երեւանում, այնպես էլ նրա ծննդավայր Արարատում: 

Սպարապետի ծննդյան նախօրեին մեր զրուցակիցն է Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի էքսկուրսավար Երանուհի Մուսիկյանը: Տուն-թանգարանը բացվել է 2001 թ. մարտի 5-ին` Վազգենի ծննդյան տարեդարձի օրը, Արարատի մարզի Արարատ գյուղում: Թանգարանում ամփոփված է Վազգեն Սարգսյան գրողի, զինվորի, սպարապետի, պետական գործչի կյանքն ու կենսագրությունը ներկայացնող պատմությունը: 

Տուն-թանգարանի բակում տեղադրված է Սպարապետի կիսանդրին:

- Պատմեք մի փոքր թանգարանի մասին:

- Սպարապետի տուն-թանգարանը գտնվում է Արարատ գյուղում` իր տանը կից եւ կառուցվել է ընտանիքի ֆինանսավորմամբ: Դրա երկու մեծ սրահում տեղադրված են Սպարապետի անձնական իրերն ու նվերները` սկսած Վազգեն-անհատից (մանկավարժ, ֆուտբոլիստ, գրող-արձակագիր), մինչեւ ռազմական գործիչ եւ պետական այր լինելը: Թանգարանի աշխատանքային առօրյան սկսվում է ամեն օր` առավոտյան ժամը 10-ից մինչեւ 20-ը: Հանգստյան օրը` երկուշաբթի, մուտքը` անվճար:

- Իսկ ովքե՞ր են թանգարանի հիմնական այցելուները:

- Թանգարան այցելում են աշխարհի տարբեր ծայրերից, հանրապետության տարբեր մարզերից` անկախ տարիքից, պաշտոնից, սոցիալական վիճակից: Հիմնական այցելուները դպրոցականներն են, ուսանողությունը, տարբեր կազմակերպություններ, երկրապահները:

- Ինչպե՞ս կներկայացնեք մեր Սպարապետին:

- Վազգեն Սարգսյանն Աստծո կողմից ուղարկված պարգեւ էր հայ ժողովրդին, ով եկավ եւ դարերի փոշին մաքրելով` գոտեպնդեց մեր ժողովրդին՝ կրելով իր ծանր խաչը` հավերժացավ:

Վազգեն անհատն իր տեսակով ազնվագույն, մաքուր, երկիր սիրող, մայրապաշտ, երեխայասեր, ժողովրդական, տիպիկ ազգային նվիրյալ, մտավոր բարձր ունակությունների տեր անձնավորություն էր:

- Ի՞նչ հետաքրքիր դեպք կպատմեք Սպարապետի կյանքից:

- Հետաքրքիր դեպքերը Սպարապետի կյանքում անչափ շատ են եղել: Դրանցից մեկը սա է. խորհրդային ժամանակներում, երբ դեռ ինքը «Գարուն» ամսագրի հրապարակախոսական բաժնի ղեկավարն էր, իր գրչակից ընկերների հետ գնում է Արցախ: Ճանապարհին, անցնելով Էդիլլու գյուղի ցուցանակի մոտով, կանգնեցնում է ավտոմեքենան, իջնելով վերցնում մի քարի կտոր եւ ցուցանակի վրայից սկսում քերել «լու» վերջածանցը` ասելով. «Ես պետք է մաքրեմ բոլոր այս «լու»-երը»: Գրչակից ընկերներից մեկը, ով ներկա էր գտնվել այդ պահին, հետագայում պատմելիս ավելացրեց. «Տղան ասաց ու արեց»: Դա պատմում էր Արցախյան պատերազմի հաղթանակից հետո:

- Ո՞րն է Ձեր խրատը կամ խորհուրդն այսօրվա երիտասարդությանը:

- Թանգարան այցելած բոլոր աշակերտական եւ ուսանողական խմբերին ուղղված հրաժեշտի իմ խորհուրդը այս է` եթե յուրաքանչյուրը թանգարանից իր հետ մեկ կաթիլ Վազգեն տանի, մեր երկիրն անպաշտպան չի մնա:

Գարիկ Ավետիսյան

 

 

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: