05/27/2019

Արցախյան պատերազմի կապանցի ազատամարտիկները միավորվում են նոր հասարակական կազմակերպությունում

Արցախյան պատերազմի կապանցի ազատամարտիկները միավորվում են նոր հասարակական կազմակերպությունում

Մեկ ամիս է, ինչ Կապանում գործում է Արցախյան պատերազմի վետերանների միավորման «Յոթնաբերդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը։ 

Մարտի 5-ին Կապանի Արամ Մանուկյան-1 հասցեում բացվեց կազմակերպության գրասենյակը, որին մասնակցում էին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, Արցախյան պատերազմի մասնակիցներ։ 

Օրը պատահական չէր ընտրված, մարտի 5-ին լրանում է ռազմական եւ քաղաքական գործիչ, Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը։

Փոխգնդապետ, Կապանի նախկին զինկոմ Լեոնիդ Գրիգորյանը հակիրճ ներկայացրեց կազմակերպության նպատակներն ու խնդիրները. կարեւորեց մասնավորապես մերօրյա պատերազմի մասնակիցների համախմբումը, նրանց հիմնախնդիրներին ուշադրություն դարձնելը, մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը, Արցախյան պատերազմի վետերանների ջանքերի միավորումը` հանուն երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման։

Գրասենյակի բացման պատիվը տրվեց Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանին եւ կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ Արթուր Մարտիրոսյանին։ 

Այնուհետեւ գրասենյակում աղանդերի սեղանի շուրջ հնչեցին բարեմաղթանքի եւ շնորհավորանքի խոսքեր։ Նախեւառաջ արժանին մատուցվեց հայոց բանակաշինության ոլորտում անուրանալի ներդրում ունեցած Վազգեն Սարգսյանին, եւ բաժակ բարձրացվեց նրա հոբելյանի առթիվ` ծնունդդ շնորհավոր, սպարապետ։ Հընթացս հիշեցին սպարապետի սիրած ասացվածքը` խավարն անիծելու փոխարեն յուրաքանչյուրդ մի-մի մոմ վառեք։ 

Այնուհետեւ կազմակերպության անդամի վկայական հանձնվեց կազմակերպության խորհրդի 13 անդամի։ Առանձնապես ջերմ էին շնորհավորանքներն ուղղված Արցախյան պատերազմի մասնակից կանանց, ովքեր մասնակցում էին միջոցառմանը։

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը եւ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը ողջերթի իրենց խոսքում ողջունեցին հասարակական նոր կազմակերպության հիմնադրումը։

Միջոցառման ավարտից հետո հանդիսության մասնակիցները բարձրացան Բաղաբուրջի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Վազգեն Սարգսյանի հիշատակին։ 

Սպարապետի հուշարձանին ծաղիկներ դրվեցին մարզային եւ քաղաքային իշխանությունների, Արցախյան պատերազմի մասնակիցների կողմից։ 

Ծաղիկներ խոնարհվեցին նաեւ մերօրյա պատերազմի նահատակ զինվորների շիրիմներին։

Վահրամ Օրբելյան

 

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: