11/18/2019

Հայտարարվեց «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրն իրականացնող ընկերության ընտրության մրցույթ

Հայտարարվեց «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրն իրականացնող ընկերության ընտրության մրցույթ

ԷկոԼուր

2007թ. մարտի 19-ին ՀՀ քաղաք Մեղրիում ՀՀ կառավարության և ԻԻՀ կառավարության միջև ստորագրվել է «Արաքս սահմանային գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր: Այժմ կողմերը հայտարարում են «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրն իրականացնող կազմակերպության` ներդրող ընկերության ընտրության մեկնարկի մասին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքից:

Նախատեսվում է, որ ներդրող ընկերությունն ինքնուրույն լուծելու է «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման, շահագործման և տնօրինման հետ կապված ֆինանսական միջոցների հայթայթման և կազմակերպչական բոլոր հարցերը: Շինարարությունը պետք է իրականացվի 5 տարվա ընթացքում, որից հետո 15-20 տարի երաշխիքային ժամկետում «Մեղրի» ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան պետք է վաճառքի նպատակով տեղափոխվի Իրան` ներդրող ընկերության կողմից կառուցվող մոտ 20կմ երկարությամբ և 220կՎ լարմամբ երկշղթա բարձրավոլտ օդային էլեկտրահաղորդման գծով (Ագարակ ենթակայանում նախատեսելով 3 անջատիչով սխեմա):

Հետաքրքրված ներդրողները «Մեղրի» ՀԷԿ-ի կողմից արտադրվող էլեկտրական էներգիայի գնման գնի վերաբերյալ նախնական առաջարկները, համապատասխան ֆինանսական մոդելի ուրվագծմամբ, կարող են մինչև սույն թվականի ապրիլի 5-ը ներկայացնել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էլեկտրոնային հասցեին՝ [email protected]

Սույն թվականի ապրիլին նախատեսվում է ԻԻՀ Թեհրան քաղաքում կազմակերպել հանդիպում-քննարկում: Հետաքրքրված ներդրողների մասնակցությունը Թեհրանում կազմակերպվող հանդիպմանը ցանկալի է։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է նախապատվություն տալ պոտենցիալ այն ներդրողին, որի կողմից առաջարկվող ֆինանսական մոդելը կընտրվի որպես լավագույնը։ Այնուհետև պոտենցիալ ներդրողին կառաջարկվեն հետագա համագործակցության պայմանները։

«Մեղրի» ՀԷԿ-ի հիմնական բնութագրերը բերված են ստորև․

- Հաշվարկային հզորություն՝ 100 ՄՎտ,
- Էլեկտրական էներգիայի տարեկան հաշվարկային արտադրանք՝ 750-800 մլն.կՎտժ,
- Հաշվարկային ճնշում՝ 90 մ,
- Ճնշումային թունելի տրամագիծ՝ 7,5 մ,
- Ճնշումային թունելի երկարություն՝ 18,2 կմ,
- Կապիտալ ներդրումների ծավալ՝ շուրջ 300 մլն. ԱՄՆ դոլար

ecolur.org

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: