05/27/2019

Վազգեն Սարգսյան.«Թշնամու ոտքը երբեք մեր հողը չի մտնի»

Վազգեն Սարգսյան.«Թշնամու ոտքը երբեք մեր հողը չի մտնի»

 «Զանգեզուր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի հարցազրույցը Վազգեն Սարգսյանի հետ

- Պարոն նախարար, ինչպե՞ս եք բնութագրում օպերատիվ կացությունը սահմանագծում:

- Զուտ պաշտպանական իմաստով դրությունը որոշ չափով թեթեւացել է Լաչինի վտանգի սպառման հետեւանքով: Փաստորեն մեր մի ձեռքն ազատվեց: Մյուս՝ հարավային ուղղությամբ վտանգն առկա է, եւ մենք կարող ենք հանկարծակիի գալ, եթե այսօր ինտենսիվորեն չնախապատրաստվենք հնարավոր հարձակումների դիմակայմանը: Անհրաժեշտ է բոլոր օղակներում բարձրացնել կարգապահության, կազմակերպվածության մակարդակը, որը վերջին օրերին, հայտնի իրադարձություններից հետո, բավականաչափ խարխլվել է: Անհրաժեշտ է բարձրացնել զգոնությունը, ուժեղացնել սպառազինությունը, վերջին հաշվով՝ պաշտպանվածությունը: Այս խնդիրներն իրականացնելու համար էլ գտնվում եմ Գորիսում: 

- Փաստորեն չհայտարարված պատերազմ է: Պետական ո՞ր կառույցն է ղեկավարում շրջանի պաշտպանությունը, կոորդինացնում զինյալ ստորաբաժանումների գործողությունները: Այս հարցում անորոշությունն այնքան ընդգծված է, որ վերջին մեկ-երկու ամսում տարբեր օղակներում փորձ է կատարվում ստեղծելու ինքնապաշտպանության խորհուրդներ, զինյալ միավորումներ: 

- Ոչ մի նորաբույս կառույց, առավել եւս ինքնապաշտպանության խորհուրդ ու կոմիտե, ում կողմից էլ որ ստեղծված լինեն, չեն կարող իրականացնել շրջանի պաշտպանությունը: Ցանկացած կատույց իր ստեղծման պահից օրենքից դուրս է:

Գորիսում եւ սահմանային մյուս շրջաններում պաշտպանությունն իրականացնում է սահմանապահ պարետատունը՝ իր հրամանատարությամբ, ներքին օղակներով՝ ուղեկալներով, պահակակետերով: Պաշտպանական խնդիրներ իրականացնելուց պարետատան պարետի ենթակայությամբ են գործում նաեւ զինվորական կոմիսարիատը, պահեստազորայինների գումարտակը, շրջանային միլիցիայի աշխատակիցները: Դրսից գործուղված ռազմական բոլոր ջոկատները նույնպես մտնում են պարետատան ենթակայության տակ: Կարծում եմ` այս ուժերն ի զորու են պաշտպանելու սահմանների անվտանգությունը: Իրավիճակի կտրուկ բարդացումների դեպքում գործուղության մեջ կդրվեն պաշտպանության նախարարության ցամաքային ուժերի չորս գնդերը: 

Գեներալ-մայոր Մուրազ Սարգսյանը վերջին ամսին գտնվում է Զանգեղուրում՝ չորս շրջանի պաշտպանական կառույցների գործունեությունը կոորդինացնելու նպատակով: Քանի որ, հանգամանքների բերումով, իրավիճակն ավելի ռազմականացված է Գորիսում, ուստի պարոն Սարգսյանն իր գործունեությունը հիմնականում ծավալում է Գորիս շրջանում:

- Հաճելի է լսել, որ տարածաշրջանի պաշտպանությունն իրականացվում է եւ կիրականաց պետական մակարդակով, պետական կառույցների միջոցով: Այդ դեպքում ինչպե՞ս եք մտադիր օգտագործել այն երիտասարդների ուժերը, ովքեր, գիտակցելով հայ ժողովրդին սպառնացող վտանգը, իրենց պատրաստակամությունն են հայտնում մասնակցելու երկրամասի պաշտպանությանը:

- Նման երիտասարդները, անշուշտ, կարող են իրականացնել իրենց ցանկությունը: Գորիսի սահմանապահ պարետատանը պահանջվող զինվորների հաստիքաքանակը մոտ 300 է: Մինչդեռ ծառայողների թիվը 200-ից չի անցնում:

Ինչպես տեսնում եք, պարետատան հաստիքացուցակը հեռու է լրացված լինելուց: Մինչեւ 33 տարեկան բոլոր երիտասարդները, ովքեր ցանկանում են ընդգրկվել պաշտպանության գործում, այդ հնարավորությունն ունեն: Ի դեպ, խոսքս իսկական զինվորական ծառայության, ազնիվ մղումով հայրենիքին ծառայելու մասին է եւ ոչ թե սեփական անձը ռեկլամելու, դեպքից դեպք թեժ կետերում երեւալու մասին: Ասել եւ ասում եմ՝ յուրաքանչյուր հայ մարդ, ով կարող է եւ ուզում է մասնակցել հայրենիքի պաշտպանությանը՝ չունի եւ չի ունենա կառույցի, զենքի, զինամթերքի, աշխատավարձի պրոբլեմ: Կան պետական կառույցներ, որոնք ոչ ոքի առաջ իրենց դռները չեն փակում: Պետք է եւս մեկ անգամ հիշեցնեմ՝ պաշտպանությունը զուտ պետական խնդիր է եւ չի հանդուրժում ոչ մի խմբակային, կուսակցական, թայֆայական մոտեցում:

-  Իսկ ի՞նչ կարգավիճակով են օժտված երկրապահ ջոկատները: 

- Երկրապահ ջոկատները, որոնցից ծնունդ առան այսօրվա պետական ռազմական կառույցները, հանդիսանում են զինվորական կոմիսարիատում կազմավորվող պահեստայինների կորիզը: Երկրապահ ջոկատների շրջանային շաբների պետերը ծառայության են անցնում պահեստազորային գումարտակում՝ անձնակազմի գծով գումարտակի հրամանատարի տեղակալ: Ժամանակավորապես պահեստազորայինների գումարտակի հրամանատար է նշանակված շրջանի զինվորական կոմիսարը:

Թվարկածս կառույցներից դուրս որեւէ ռազմական կառույց, որեւէ ջոկատ օրինական համարվել չի կարող եւ պատժելի են քրեորեն:

Մենք պետք է հասնենք այն վիճակին, որ պետական կառույցից դուրս, չգրանցված որեւէ զենք անգամ չմնա մարդկանց մոտ, քանզի հսկողությունից դուրս գտնվող զենքը չարիք է հասարակության համար: Եվ դա վերաբերում է բոլորին՝ առանց որեւէ բացառության: 

- Քանի որ խոսք գնաց քաղաքացիների կողմից զենք կրելու մասին, ուստի ցանկալի է իմանալ, թե Հայաստանի Հանրապետությունում ո՞վ, ո՞ր մարմինը կարող է քաղաքացուն, պաշտոնատար անձին զենք կրելու իրավունք վերապահել: 

- Գոյություն ունի զենք կրելու թույլտվության կարգ՝ սահմանված հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից: Կա նաեւ զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկ: Այդ ցանկից եւ կարգից դուրս Հայաստանի Հանրապետությունում ոչ մի մարմին, ոչ ոք չի կարող որեւէ մեկին զենք կրելու իրավունք վերապահել:

- Գորիսեցիներս պակաս մտահոգված չենք Գորիս-Կապան ավտոխճուղում անվտանգության ապահովման հարցով: 

- Թույլ տվեք այդ մասին խոսել մի քանի օր հետո:

- Ի՞նչ ճակատագիր կարող է ունենալ Լաչինի միջանցքը:

- Այդ հարցը կլուծվի կլոր սեղանների շուրջ: Իրավիճակից դուրս գալու համար շատ ճկուն, բազմապլան քաղաքականություն պետք է իրականացնել, ինչով եւ զբաղված են ՀՀ եւ ԼՂՀ ղեկավարները: Կարող եմ շեշտել, որ դա հավասարազոր է, եթե ոչ ավելի դժվար, ռազմական գործողություններին: Բոլոր դեպքերում համոզված եմ, որ մենք պայքարի այս փուլից նույնպես պատվով դուրս կգանք: 

- Թեեւ ռազմական հաջողություններն առկա են, բայց անհնարին է չնկատել, որ իրավիճակը մնում է ծանր շրջանի սահմանամերձ գյուղերում, նկատի ունեմ նախ եւ առաջ Կորնիձորը, Ներքին Խնձորեսկը, Շուրնուխը: Ի՞նչ կարելի է ակնկալել այդ բնակավայրերի պաշտպանության ուժեղացման ուղղությամբ: 

- Մենք, ի վերջո, պետք է հաշտվենք  այն մտքի հետ, որ պատերազմող ժողովուրդ ենք: Այդ գյուղերի պաշտպանությունն ուժեղացվել է եւ կուժեղացվի, խուճապի մատնվելու կարիք չկա: Թշնամու ոտքը երբեք մեր հողը չի մտնի: Գյուղերի հրետակոծումը, ինչով զբաղվում են ազերիները, հերոսություն չի պահանջում: Բայց ռմբակոծումները պետք է լռեցնել ռմբակոծությամբ՝ մինչեւ պատերազմի հաղթական ավարտ, մինչեւ հարցի քաղաքական կարգավորում: Փառք Աստծո, մենք այսօր հաղթանակած վիճակում ենք, սակայն եթե կազմակերպվածությամբ, կարգապահությամբ, խուճապի չմատնվելու կարողությամբ չամրապնդենք մեր հաղթանակը, ամեն ինչ կարող է շուռ գալ մեր դեմ:

Գորիսի հերոսական ժողովրդին ցանկանում եմ հաստատակամություն, պետական բարձր մտածողություն եւ առաջին հերթին՝ միաբանություն: Մեզանից յուրաքանչյուրն առաջին հերթին հայ է, Հայաստանի քաղաքացի, հետո նոր գորիսեցի, ամենավերջում՝ որեւէ կուսակցության անդամ: Մենք կհաղթենք, եթե առաջնորդվենք այս սկզբունքով:

Հայրենիքը չի սկսվում եւ չի ավարտվում որեւէ գյուղով, քաղաքով, եթե անգամ դա իմ սիրելի Գորիսն է: Եվ պատմության մեջ հաճախ ենք պարտվել, երբ հայրենիքի պաշտպանությունը վեր ենք ածել գավառի, մելիքության, շենի պաշտպանության: Այդ սխալները չկրկնենք: Ռուսի նման հզոր ժողովուրդը 1812 թ. պատերազմում անգամ Մոսկվան հանձնեց, բայց հայրենիքը պաշտպանեց: Դրա շնորհիվ էլ կա Ռուսաստանը եւ կարողանում է վճռորոշ ազդեցություն ունենալ համաշխարհային քաղաքականության վրա: 

- Այդուհանդերձ, յուրաքանչյուր հայի համար թանկ է ամեն մի թիզ հողը եւ տրամաբանական կարելի է համարել, երբ գյուղական համայնքը հայրենի երկրամասը պաշտպանելու համար դիմում է տարբեր քայլերի: Հենց այդ շարժառիթով էին մի խումբ խնձորեսկցիներ ապրիլի կեսերին մեկնել Երեւան՝ ՀՀ պաշտպանության նախարարություն: Սակայն նրանց, մեզ հասած տվյալներով, Դուք չեք ընդունել: Խնձորեսկցիներին ընդունել էր սահմանապահ զորքերի վարչության պետը` պարոն Գրիգորյանը: 

- Ես չեմ հիշում այդ դեպքը, հավանաբար զբաղված եմ եղել առավել կարեւոր գործերով: Չեմ կարող չհավտալ նաեւ Ձեր ասածին, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Պետք է մեկընդմիշտ հիշել, որ պաշտպանության, ռազմական հարցերը չեն կարող լուծվել լայն զանգվածների հետ: Ժողովրդավարությունը լավ բան է, բայց ոչ պաշտպանության հարցերում: Ես հասկանում եմ մարդկանց ցավը, սիրում, հարգում բոլորին, ինքս էլ գյուղացի եմ, բայց խորհուրդ չէի տա, որ ինչ-ինչ հարցերի լուծման խնդրով գյուղական համայնքների ներկայացուցիչները նախարարություն գային: Նմանատիպ հարցերը կարգավորելու համար կան համապատասխան անձինք, օղակներ: Իհարկե, այդպիսի ընդունելություններով, հանդիպումներով, էժան, կեղծ, սուտ խոստումներով չափազանց հեշտ է հեղինակություն ձեռք բերել: Ես, սակայն, գործի մարդ եմ եւ իմ մասին խնդրում եմ դատել իմ արած գործի արդյունքերով:  

«Զանգեզուր», N 43 (7111),

10 հունիսի 1992 թ.

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: