03/19/2019

Օրհնյալ ես դու կանանց մեջ

Օրհնյալ ես դու կանանց մեջ

Սրբուհի Մարիամ, անապական տաճար

Եվ կենարար բանի Ծնող և Մայր.

Օրհնյալ ես դու կանանց մեջ,

Բերկրյալ Տիրամայր և Կույս:

Անդաստան հոգևոր և համապայծառ ծաղիկ,

Որ քո մեջ հովանավորված հոգեհոս անձրևով

Պտղաբերեցիր Հորից՝ մարդկանց հայտնելով,

Օրհնյալ ես դու կանանց մեջ,

Բերկրյալ Տիրամայր և Կույս:

Հաստատություն երկնի և երկրի,

Կենդանությունների բաշխող,

Որ աստվածային լույսի ճառագայթներով վար իջած՝

Նախահորը վերականգնեց անկումից.

Օրհնյալ ես դու կանանց մեջ,

Բերկրյալ Տիրամայր և Կույս:

Այս երկրում դու երկնային

Եվ վեհագույն քերովբեների հետ երևացիր,

Երկնային զորքերի Տիրոջը

Գրկումդ բռնած կրեցիր.

Օրհնյալ ես դու կանանց մեջ,

Բերկրյալ Տիրամայր և Կույս:

Կենաց փայտով մեզ բացեցիր ճանապարհ

Դեպի սերովբեներով փակված երկնային պաշտպանությունը.

Եվ բոցեղեն սուրը պարտության մատնեցիր.

Օրհնյալ ես դու կանանց մեջ,

Բերկրյալ Տիրամայր և Կույս:

Դուռ երկնքի և էջք Աստծո,

Խաղաղության միջնորդ,

Դու արդարացրիր նախամայր Եվայի ծնունդը,

Իշխելով մահին.

Օրհնյալ ես դու կանանց մեջ,

Բերկրյալ Տիրամայր և Կույս:

Ուրախացի՛ր բերկրյալդ, Տերը քեզ հետ է՝ ասելով,

Հրեշտակների բազմությունները

Հրաշալի ձայնով երգում էին քեզ իրենց բերկրանքը.

Օրհնյալ ես դու կանանց մեջ,

Բերկրյալ Տիրամայր և Կույս:

Հյութական, աստվածային  Բանի բնակարան,

Որ հուրն աստվածության

Քո որովայնն ընդունեցիր և չբոցակիզվեցիր

Երբեմնի մորենու նման,

Այլ ծնեցիր բոլորի Աստծուն.

Օրհնյալ ես դու կանանց մեջ,

Բերկրյալ Տիրամայր և Կույս:

Խորհուրդ կյանքի և փրկության,

Աշխարհով մեկ վերաթևող,

Հողեղեններիս բարձրացրիր հոգեղենների աստիճանին՝

Հրեշտակների հետ բնակվելու.

Օրհնյալ ես դու կանանց մեջ,

Բերկրյալ Տիրամայր և Կույս:

 Փա՛ռք տվեք

Հավիտենական թագավորի բարձունքներին,

Որ եկավ և մարմնացավ սուրբ Կույսից

Եվ արարածներին փրկեց մեղքերից.

Օրհնյալ ես դու կանանց մեջ,

Բերկրյալ Տիրամայր և Կույս:

Սահակդուխտ Սյունեցի 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: