06/05/2020

Գարնան տոնին համահունչ

Գարնան տոնին համահունչ

Կանանց միամսյակը (մարտի 8- ապրիլի 7) մարզկենտրոն Կապանում մեկնարկեց մարտի 8-ին՝ տոնական համերգով։ 

Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում համերգային մեծ ծրագրով հանդես եկան մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերը։ Մինչեւ համերգը սկսվելը Մարտի 8-ի առթիվ կանանց եւ աղջիկների տոնական մաղթանքներ հղեց Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը։ Էլ ինչ տոն առանց անակնկալի ու խրախուսանքի։ Համայնքի ղեկավարը երկարամյա, անբասիր աշխատանքի համար համայնքապետարանի պատվոգիր եւ  ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանափակ քանակով թողարկված «Անահիտ» ոսկե մետաղադրամ հանձնեց համայնքապետարանի ֆինանսական բաժնի առաջատարար մասնագետ Վարսենիկ Աղաջանյանին։

Կանանց տոնի առթիվ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի շնորհավորական ուղերձը հրապարակեց մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը։

Համերգը սկսվեց ժողովրդական գործիքների նվագարանների համույթով, (գեղարվեստական ղեկավար՛ Վիգեն Հովհաննիսյան), որ հանդիսականին ներկայացրեց «Վաղարշապատի պարը»։ Օրվա խորհրդին համահունչ հնչեց «Դռները բացեք, գարունն է գալիս» երգը` Գեւորգ Հարությունյանի կատարմամբ։

Ելույթ ունեցան նորաստեղծ «Առիթմիա» ռոք խումբը, Վահան Մանուկյանի երգի ստուդիայի սաները, մենակատարներ Էլենա Գրիգորյանը, Ինգա Մանուչարյանը, Մելինե Խաչատրյանը, Մարգարիտա Սահակյանը, Արթուր Դավթյանը, Ռազմիկ Հարությունյանը, այլ մենակատարներ ու պարային խմբեր։

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: