06/02/2020

Արամ Սարգսյան․ Նիկոլ Փաշինյանը ռեալ հնարավորություն ունի Ղարաբաղի հիմնահարցը բանակցային ճանապարհով լուծելու

Արամ Սարգսյան․ Նիկոլ Փաշինյանը ռեալ հնարավորություն ունի Ղարաբաղի հիմնահարցը բանակցային ճանապարհով լուծելու
ԱԺ հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ազատության» տաղավարում, Երևան, 10-ը մարտի, 2019թ․

«Մենք կրկին շարունակում ենք կարծել, որ Արցախը պետք է որոշիչ ձայն ունենա և մասնակցություն բանակցային գործընթացում», - հայտարարեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ով «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հյուրն էր:

Ռուբեն Ռուբինյան․ - Ի՞նչ է ասել, ասում և, կարծում եմ, կշարունակի ասել Հայաստանի վարչապետը՝ որ նա ընտրված է Հայաստանի քաղաքացիների կողմից, նա ներկայացնում է Հայաստանի քաղաքացիներին, նա չի ընտրվել Արցախի քաղաքացիների կողմից, հետևաբար՝ նա չունի մանդատ ներկայացնելու Արցախը բանակցություններում, հետևաբար, եթե մենք, և ես մենք ասելով նկատի ունեմ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը, թե՛ Ադրբեջանը, թե՛ միջազգային հանրությունը, ուզում ենք բովանդակային բանակցություններ, անհրաժեշտ է, որպեսզի Արցախը՝ որպես բանակցության հիմնական կողմ, որոշիչ ձայն և ասելիք ունենա բանակցություններում:

Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ սա նախապայման է մեր կողմից՝ բանակցություններին մասնակցելու: Ո՛չ, որովհետև վարչապետը բազմիցս հայտարարել է, որ նա պատրաստ է բանակցել Հայաստանի անունից:

Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղիների մասին խոսել է նաև «Կիրակնօրյա վերլուծականի» մյուս հյուրը՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Ստորև՝ հատված հարցազրույցից․

Արամ Սարգսյան․ - Էսօրվա պատերազմը 90-ական թվականների պատերազմը չի․ էսօր մենք կարող ենք Բաքուն ռմբակոծել, իրենք կարող են Երևանը ռմբակոծել՝ էս խնդիրներ են, որոնց պիտի ավելի լուրջ նայենք, և պիտի մոտենալ խնդրի լուծման էն տարբերակին, որ հարևան երկիրը չհամարի, որ ինքը պարտվեց, ոչ էլ էդ խաղաղությունը լինի մեր արժանապատվության հաշվին: Պիտի գտնվի էդ բանաձևը, և Մինսկի խումբը դրա լավագույն ձևաչափն է: Ամեն ինչ պիտի անել՝ էդ ձևաչափը պահելու, որովհետև էդ ձևաչափի մեջ է Միացյալ Նահանգները, Եվրոպան՝ հանձինս Ֆրանսիայի, և Ռուսաստանը:

«Ազատություն»․ - Մի հետաքրքիր բան ասացիք՝ ասացիք, որ Դուք վախենում եք նույնիսկ, որ Փաշինյանը շատ ավելի կոշտ է իր դիրքորոշմամբ, որ կարող է հանգեցնել պատերազմի․․․

Սարգսյան․ - Միանշանակ, Փաշինյանը երեք նախագահներից ամենակոշտ դիրքորոշումն է պահում, ամենակոշտը, որովհետև ինքը եկել է ու ասում է, որ, այ, էս խնդիրը եթե իսկապես ուզում ենք լուծել, պիտի բանակցեք Բակո Սահակյանի հետ:

«Ազատություն»․ - Հետո, բարձր մանդատ ունեցող ղեկավարը զիջումների այնքան էլ պատրաստ չի լինելու գնալ, չէ՞, ժողովրդի մանդատն ունի:

Սարգսյան․ - Գիտե՞ք, բարձր մանդատ ունեցող ղեկավարը՝ լեգիտիմ, ճշգրիտ, խելացի, ի նպաստ պետության ու ճիշտ լուծում գտնելու՝ թեկուզ ցավոտ քայլերի, ավելի լուրջ հնարավորություն ունի, քան լեգիտիմություն չունեցող, մանդատ չունեցող ղեկավարը, որը իր իշխանությունը պահելու համար գնում է զիջումների:

Նիկոլ Փաշինյանը ռեալ հնարավորություն ունի Ղարաբաղի հիմնահարցը բանակցային ճանապարհով լուծելու և, կարծում եմ, պիտի օգտվի էդ հնարավորությունից:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: