03/19/2019

Չարենցը բոլոր ժամանակներինն է

Չարենցը բոլոր ժամանակներինն է

Մարտի 13-ին Չարենցը կդառնար 122 տարեկան, սա ժամանակագրական առումով, բայց  նախախնամությունը նրան չորս տասնամյակի կյանք էր բաշխել եւ եղերական մի մահ` Երեւանի բանտում։ «Ահա ես-25 տարի ստեղծագործական աշխատանքով հայրենի հերկը խոփով հերկելուց հետո ահա տոնում է իմ կրկնակի հոբելյանը` մենա՜կ ու հալածական` պոետ աքսորյալ սեփական հայրենիքում»։ 

1937-ի քաղաքական աննպաստ մթնոլորտի պայմաններում այլ կերպ չէր կարող ներկայացնել իր վիճակը։

Ամեն սերունդ նորովի է բացում-բացահայտում Չարենցին։ Չարենցագետ Դավիթ Գասպարյանի բնորոշմամբ` մեր կյանքի այս վերափոխվող ժամանակներում Եղիշե Չարենցը վերստին ապացուցեց, որ ինքն ամենակենդանի, ապրող, ներկա բանաստեղծն է, հետաքրքիր ու շարժուն գրական գործիչն ու մարդ անհատականությունը։

Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական

Դեպի դարերը նորից` դեպի վառվող ապագան։

Կանխատեսել էր բանաստեղծը դեռեւս 1920 թվականին։

Ուղիղ քառորդ դար տեւեց Եղիշե Չարենցի գրական ճանապարհը։ Այդ ճանապարհի սկզբում 1912 թվականին «Պատանի» ալմանախում տպագրված առաջին բանաստեղծությունն է` «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին», իսկ վերջում` 1937 թվականի աշնանը, նրա կյանքի ճակատագրական պահին գրված այն չափածո ուղերձը, որ նվիրել է Ավետիք Իսահակյանին։

Նա հայ գրականություն բերեց բանաստեղծական թարմ մտածողություն, տաղաչափական նոր ձեւեր ու ժանրեր, լեզվական անկրկնելի մշակույթ։ Գրել է պոեմներ ու բանաստեղծություններ, բալլադներ, ռուբայիններ ու էպիգրամներ, ակրոստիքոսներ, սոնետներ, կատարել թարգմանություններ համաշխարհային պոեզիայից, նաեւ ստեղծել արձակ գործեր` «Երկիր Նաիրի», որ պոեմանման վեպ է անվանել եւ «Երեւանի Ուղղիչ տնից» հուշագրությունը։ «Երկիր Նաիրիում» սատիրական սուր շեշտադրումներով ներկայացրել է դարասկզբի հայ կյանքը, մասնավորապես, 1914-1920թթ. ժամանակահատվածի ռազմաքաղաքական իրադարձությունները: «Երկիր Նաիրին» եւ «Երեւանի Ուղղիչ տնից» հուշագրությունը ցույց են տալիս, որ ի դեմս Չարենցի` գործ ունենք մի ինքնատիպ արձակագրի հետ, որ տաղանդը, սակայն, լրիվ չիրականցվեց։

Բազմաժանր ստեղծագործող էր, նաեւ հարություն է տվել անտիկ ժամանակներից եկող ժանրին, որպիսին էպիտաֆիան է` դամբանական բանաստեղծությունը, ինչպես Կոմիտասին նվիրվածը։ Մեծ երգահանին նա անվանել է այր մշտատեւ` ձայնագետ- ձայների արքա-ձայնագիր։ Բայց երբեմն էլ բանաստեղծական այդ ձեւին նա հաղորդել է երգիծական բովանդակություն, եթե չասենք` սարկազմ, ահավասիկ` 

Աստ հանգչի – (անուն)։ - Նաիրյան երկրի քննադատը մեծ,

Որ երկա՜ր ապրեց, բայց հերոսաբար ոչինչ չգրեց։-

Խոնարհի՛ր գլուխդ, օտարակա՛ն, այս քարի առաջ,-

Այստեղ նաիրյան հանճարն է հանգչում` կրկնակի՛ մեռած։-

Չարենցյան որոշ ձեւակերպումներ եւ նախադասություններ թեւավոր խոսքի արժեք են ստանում, զորօրինակ` չնչին որպես Արարատին նետած քար, կամ այս մեկը` սանձել է ուզում հողմերին, այս... ողորմելին։

Տարիները ընթացքում ձեւավորված մի տխուր ավանդույթով մեր մեծերին տարեդարձից տարեդարձ ենք հիշում, մի քիչ ավելի շատ` հոբելյանից հոբելյան: Մինչդեռ Չարենցյան պատգամներն ու դասերը միշտ պիտի ուղեկցեն մեզ քաղաքական իրադարձություններով պայմանավորված մեր դժվարին ժամանակներում, ինչպես` ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է: Սա պարզապես մեր լինելության գրավականն է։

Վահրամ Օրբելյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: