06/20/2019

Ռուսական կողմը կարող է տնտեսական այնպիսի առաջարկ անել, որ արդեն ձեռնտու չլինի իրանական գազի ներկրումը. Գարեգին Բաղրամյան (տեսանյութ)

Ռուսական կողմը կարող է տնտեսական այնպիսի առաջարկ անել, որ արդեն ձեռնտու չլինի իրանական գազի ներկրումը. Գարեգին Բաղրամյան (տեսանյութ)

Իրանի ու Հայաստանի միջև մշակվում է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Դա կախված է տարբեր գործոններից: Նոր ջերմակայանի մուտքը էներգահամակարգ 4 դրամով ավելի էժան էլեկտրաէներգիա կմատակարարի: Կապահովվի 8 միլիարդ դրամ խնայողություն, որը 1,5 դրամով կնվազեցնի գինի: Թե կոնկրետ ՋԷԿ-ի մեկնարկին որքան կլինի նվազեցումը, չեմ կարող ասել: Դա կախված է փոխարժեքից, գազի գնից և այլն»,- ասաց Գարեգին Բաղրամյանը:

Ենթակառուցվածքներից օգտվելու համար պետք է վճարներ լինեն: Տարանցման համար լրացուցիչ վճարվում է, և սա դրական ազդեցություն կարող է ունենալ սպառողներին վաճառվող գազի գնի վրա:

Նա ասաց, որ նոր գազամուղ կառուցելու խնդիր չկա, դա կարող է չարդարացված ներդրում լինել: «Չեմ կարծում, թե առաջիկա տարիներին կարիք կլինի նոր գազատարի կառուցման: Տարանցումը կարող է լինել սվոփ պայմանագրերով: Մենք իրանական կողմից ծավալ կվերցնենք ու Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազը կթողնենք սահմանին: Սա հնարավորություն կտա չկառուցել լրացուցիչ ենթակառուցվածքներ: Եղած հզորությունները կօգտագործվեն»,- ասաց Գարեգին Բաղրամյանը:

Վերջինս նշեց, որ գազի տարանցման ծավալները կապված են գազատարի թողունակությունից ու վրացական կողմի պահանջարկից: «Իրանից տարեկան 2,5 միլիարդ խորանարդ մետր գազ կարող ենք ներկրել ու այդքան էլ տարանցել: Եթե հասնենք նման ծավալների, հեղափոխական կլինի: Սա շատ մեծ եկամուտ կապահովի մեզ համար գազամատակարարման համակարգում, անդրադառնալու է սպառողների վրա»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Հարցին՝ կա՞ ռուսական կողմի համաձայնությունը տարանցման համար օգտագործել «Գազպրոմին» պատկանող գազամուղը, Բաղրամյանը պատասխանեց. «Գույքի սեփականատիրոջ համաձայնությունն այդքան էլ էական չէ, որովհետև դաշտը կարգավորված է: Կան ենթակառուցվածքների օգտագործման համար նախատեսված սակագներ, վճարելու դեպքում կարելի է օգտագործել դրանք: Լիցենզիայի պահանջն է՝ ենթակառուցվածքը տրամադրել ցանկացած տեխնիկական պահանջներին համապատասխանող ընկերության վճարի դիմաց»:

Նա ասաց, որ «Գազպրոմը» տարանցումից չի կորցնում, հակառակը՝ օգուտներ է ստանում: «Ռուսական կողմի հասույթներն ավելանում են, ոչ թե նվազում: Իրավական տեսանկյունից էլ խնդիր չկա, նրանք պարտավոր են ենթակառուցվածքը տրամադրել»,- նշեց Գարեգին Բաղրամյանը:

Խոսելով իրանական գազի ուղիղ գնման մասին՝ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ բանակցում են որոշ ընկերությունների հետ, բայց գնի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն չկա:

Հարցին՝ կա՞ն գնային այնպիսի առաջարկներ, որոնք ավելի էժան են, քան ռուսական գազը, նա պատասխանեց. «Իրանից գնվող գազն ավելի էժան պետք է լինի, քան ռուսականը: Ջերմատվությանն ենք նայում: Եթե մի փոքր էժան առաջարկեն, դա համարժեք չի լինի ռուսական գազին, որովհետև ջերմատվությունը ցածր է: Եղել են առաջարկներ, որոնք ավելի էժան են, քան՝ ռուսականը, բայց թե կդառնա՞ն առուվաճառքի պայմանագիր, որքանո՞վ են իրական առաջարկներ, բանակցություններից հետո պարզ կլինի»:

Իսկ այն հարցին, թե որքա՞ն ծավալի գազ ենք նախատեսում գնել Իրանից, նա պատասխանեց, որ ծավալները կախված կլինեն գնից: «Եթե ավելի էժան գին կառաջարկեն, մրցակցային խնդիր կլինի, պատրաստ ենք գնել»,- հավելեց Գարեգին Բաղրամյանը:

Հարցին՝ նվազեզվո՞ւմ է ռուսական գազից կախվածությունը, Գարեգին Բաղրամյանը պատասխանեց. «Այն փուլում, երբ մենք կառուցեցինք իրանական գազատարը, որոշակիորեն նվազեցվեց կախվածությունը: Մենք, համեմատած այլ երկրների, ռուսական գազն ավելի էժան ենք ստանում, մեզ համար կիրառված են մեծ զեղչեր, ինչը չի կարելի անտեսել: Եթե կլինի ավելի շահավետ, ավելի էժան առաջարկ, մենք պատրաստ ենք քննարկել: Քաղաքական խնդիր չկա, տնտեսական ավելի արդյունավետ գործարքների հարց է բարձրացվում»:

Նա ասաց, որ խնդիրը մրցակցության դաշտում է, եթե Իրանն ավելի էժան գնառաջարկ անի, կգտնենք Իրանից, եթե Ռուսաստանն առաջարկի, կգտնենք Ռուսաստանից: «Ռուսական կողմը կարող է տնտեսական այնպիսի առաջարկ անել, որ արդեն ձեռնտու չլինի իրանական գազի ներկրումը: Մենք մինչ այս իրանական գազի գնումը չենք դիտարկել, որովհետև գինը թանկ է եղել, իսկ այսօր Իրանն ասում է, որ պատրաստ են մատակարարել»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 
   tert.am
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: