03/19/2019

Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց․ այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է

Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց․ այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է

«Իզուր, հենց այնպես մարդուն պետք չէ նեղացնել, որովհետեվ դա շատ վտանգավոր է: Իսկ եթե հանկարծ նա Մոցա՞րտն է: Բացի այդ, դեռ չի հասցրել ոչինչ գրել, անգամ՝ «Թուրքական մարշըե: Դուք նրան կնեղացնեք, և նա, ընդհանրապես, ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, հետո՝ մյուսը, և աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, իսկ դա նշանակում է՝ և լավ մարդիկ:
     Իհարկե, ոմն մեկին կարելի է նեղացնել, չէ՞ որ բոլորը Մոցարտ չեն, բայց, այնուամենայնիվ, իսկ եթե հանկարծ…
     Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չէ:
     Դուք այնպիսին եք, ինչպիսին՝ նա:
     Պահպանե՜ք միմյանց, մարդի՜կ»։

Լեոնիդ Ենգիբարյան

Այսօր հայ մեծ ծաղրածու, դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 82-ամյակն է:
     «Ես այնպիսին չեմ, ինչպիսին բոլորը: Ախր ծաղրածուն չի կարող լինել ինչպես բոլորը: Ծաղրածուն մասնագիտություն չէ, աշխարհայացք է: Ես ուզում եմ ստեղծել իմ թատրոնը, իմ կրկեսը, իմ կինոն: Ես ուզում եմ գրել մի քանի գիրք: Վախենում եմ բարեկեցությունից: Սիրում եմ ծովը, աշունը…Վինսենթ Վան Գոգին»,- ասել է Ենգիբարյանը:


     Տաղանդավոր դերասանը ծնվել է Մոսկվայում: Մինչև կրկեսին նվիրվելը Ենգիբարյանն ուժերը փորձել է մի քանի այլ մասնագիտություններում. ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ, ապա տեղափոխվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ:
     Այդ ժամանակ նա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր և մինչև 50-ականների կեսերը լավ արդյունքների էր հասել: Իսկ որպես ծաղրածու Լեոնիդն իր առաջին քայլերը սկսել է 1959-ին. եկել է Երևան և ընդունվել հայկական կրկեսախումբ։

 

«Համաձայն չեմ, որ մնջախաղը կոչվի «լռության արվեստ»: Ինձ թվում է, շարժումն ու դիմախաղը իրենց հնչողությունն ունեն, ինչպես գույնը: Մնջախաղը հրաշալի է նրանով, որ մարդուն ստիպում է մտածել, մնջախաղը վստահում է մարդուն և նրան բարձրացնում սեփական աչքերում: Մնջախաղը կենտրոնացնում է մարդու ուշադրությունը, և բորբոքում նրա երևակայությունը: Հետո էլ բեմ է դուրս գալիս ներկված դեմքով տարօրինակ ու զվարճալի մարդը, ծիծաղեցնում մեզ ու հաճախ ինքը արտասվելով հեռանում»,-ասել է Լեոնիդ Ենգիբարյանը:

 

Ենգիբարյանի մասին ասել են` հազարավորներ գալիս, շարունակ խոսում և ոչինչ չեն ասում: Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց:

Լեոնիդ Ենգիբարյանը մահացել է 1972 թվականի հուլիսի 25-ին։

 

mamul.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: