09/23/2019

Մեկ օրում Հայաստանում 6 աղբանոց և 447 աղբակույտ կփակեն. նախարարը կմասնակցի շաբաթօրյակին

Մեկ օրում Հայաստանում 6 աղբանոց և 447 աղբակույտ կփակեն. նախարարը կմասնակցի շաբաթօրյակին

Հայաստանում համապետական շաբաթօրյակ կկազմակերպվի, որի ժամանակ աղբանոցներ և աղբակույտեր կփակվեն, կմաքրվեն մի շարք տարածքներ:

Մարտի 23-ին Հայաստանում տեղի կունենա համապետական շաբաթօրյակ, որը կամաց-կամաց կդառնա ամենամսյա: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ համապետական այս շաբաթօրյակը պետք է սկիզբ դնի նոր մշակույթի, այն է՝ մեր տներից դուրս գտնվող տարածքը նույնպես պետք է մեր խնամքի ներքո լինի:

«Համապետական շաբաթօրյակի ժամանակ 6 աղբանոցներ և 447 աղբակույտեր կփակվեն, կմաքրվեն մի շարք տարածքներ: Շաբաթօրյակին ակնկալում ենք 125-150 000 քաղաքացու մասնակցություն, շուրջ 1700 միավոր տեխնիկա կգործի։ Հայաստանում կա 339 աղբանոց, որոնցից ոչ մեկը չի համապատասխանում միջազգային չափանիշներին»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` շրջակա միջավայրը չաղտոտելու օրենքից ու տուգանքներից բացի, հանրային մտածողության խնդիր կա, և առաջին հերթին հենց այն պետք է փոխել:

«Եթե ես և դուք պատասխանատու չենք մեր բակի մաքրության համար, մեղավոր ենք հենց մենք: Հիմա պատրաստվում ենք վարչապետի, բոլոր համայնքների ղեկավարների հետ պարբերաբար քայլել բոլոր միջպետական ճանապարհներով ու հավաքել աղբը, որպեսզի ՀՀ քաղաքացու մոտ բարձրանա իրավագիտակցությունը, ու հասկանանք՝ Հայաստանի ամեն անկյունը մերն է։ Յուրաքանչյուր համայնք գնալով` ես կարծիք եմ կազմում այդ համայնքի մասին` դրա մաքրությունը տեսնելով»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով` պետք է քայլեր իրականացնեն` փակ աղբավայրեր ունենալու ուղղությամբ։ Պապիկյանը տեղեկացրեց, որ կառավարությունն ուսումնասիրություն է սկսել, որը կատարելու է բրիտանական մի ընկերություն։ «Ընկերությունը կիրականացնի աղբի մորֆոլոգիական և քանակի հետ կապված ուսումնասիրություն, թե տարեկան ինչքան աղբ է կուտակվում Հայաստանում ։ Սրանից հետո միայն կարող ենք աղբահանության ոլորտում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող մեր գործընկերներին ներկայացնել իրական պատկերը»,–ասաց նախարարը։

Նա տեղեկացրեց նաև, որ աշխատում են փակ աղբավայրեր կառուցելու ուղղությամբ:

Ի դեպ, մարտի 23-ին կայանալիք շաբաթօրյակին Պապիկյանն էլ կմասնակցի, իսկ թե հատկապես որ տարածքում կլինի՝ վերջինս չմանրամասնեց:



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: