09/23/2019

«Որոշ նախկին պաշտոնյաներ Մեղրիի ազատ տնտեսական գոտու տարածքները սեփականաշնորհել են չնչին գումարներով». Սուրեն Պապիկյան

«Որոշ նախկին պաշտոնյաներ Մեղրիի ազատ տնտեսական գոտու տարածքները սեփականաշնորհել են չնչին գումարներով». Սուրեն Պապիկյան

Մեղրիի ազատ գոտու տարածքում մարդիկ հողեր են սեփականաշնորհել չնչին գումարով։ Հայաստանի իշխանությունը պատրաստվում է այդ տարածքները վերադարձնել պետությանը։

Որոշ պաշտոնյաներ, իմանալով, որ Մեղրիի տարածքը դառնալու է ազատ առևտրի գոտի, նախապես սեփականաշնորհել են դրանք։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով` խնդրի առնչությամբ դեռ պետք է ուսումնասիրություններ կատարվեն։

«Մեղրիի ազատ առևտրի գոտու տարածքում մարդիկ հողեր են սեփականաշնորհել չնչին գումարներով, լումաներով։ Հենց այդ տարածքների սեփականաշնորհումն էլ հետագայում կասեցրել է Մեղրիի` ազատ առևտրի գոտի դառնալուն։ Սա ազգային անվտանգության և պետական շահի խնդիր է։ Ինչպես հայտարարել է վարչապետը` այն ամենը, ինչը պատկանում է ՀՀ–ին և ՀՀ քաղաքացուն, պետք է հետ վերադարձվի։ Մենք մեր իրավասության շրջանակներում` կդիմենք համապատասխան ատյաններ, որպեսզի պետությանը պատկանող տարածքները հետ վերադարձվեն»,–ասաց նախարարը։

Նա հավելեց նաև, որ չի կարող անուններ հնչեցնել, քանի դեռ ուսումնասիրությունները չեն ավարտվել։

Նախարարի խոսքով` ավազի հանքերն էլ պաշտոնյաների` պաշտոնեական դիրքը չարաշահելու արդյունքում են սեփականաշնորհվել կամ էլ գուցե տարբեր կեղծ աճուրդների միջոցով։ Պապիկյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ առավել մանրամասն այս մասին կխոսի, երբ իրավապահ մարմինները կավարտեն ուսումնասիրությունները։

Հիշեցնենք` ոստիկանությունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ 2014թ. Սյունիքի մարզի Կարճևան համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու գործընթացի ժամանակ նույն համայնքի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց կողմից թույլ են տրվել չարաշահումներ:


armeniasputnik.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: