09/23/2019

Համաներմամբ ազատվել է 628 անձ, որից 66-ն արդեն կատարել է 121 հանցագործություն. փոխոստիկանապետ

Համաներմամբ ազատվել է 628 անձ, որից 66-ն արդեն կատարել է 121 հանցագործություն. փոխոստիկանապետ

Կառավարության 2018թ-ի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն առաջին փոխոստիկանապետ Արման Սարգսյանից հետաքրքրվեց, 2018-ի համաներումից հետո հանցագործությունների թվի ինչքան աճ է գրանցվել։ 

Արման Սարգսյանն ի պատասխան նշեց, որ 628 անձ է համաներմամբ ազատվել, որից 66-ն արդեն կատարել է 121 հանցագործություն:

«Հիմա ընդամենը այս 66 կրկնահանցագործուններից, ովքեր ազատվել են, 16-ն են ՔԿՀ-ներում, 46-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը և այլն»,-ասաց նա: 

Ըստ նրա, այստեղ երկակի մոտեցում կա: «Եթե նայում ենք անվտանգության տեսանկյունից, ապա մարդիկ պետք է այնտեղ լինեն, բայց եթե մարդու իրավունքների, միջին ծանրության հանցագործությունների տեսանկյունից նայենք, ապա շատ հաճախ դրանք ոչ մեծ ծանրության են, նրանց նկատմամբ նույնիսկ խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություններ չեն ներկայացվում դատարաններ»,-ասաց նա:

Արման Սարգսյանը նաև նշեց, որ այս հանգամանքը որպես դրական տեղաշարժ է ներկայացվել, քանի որ ունենք քիչ ներկայացված միջնորդություններ, այսինքն՝ այս հանցատեսակներով չեն դիմել և չեն ծանրաբեռնել քրեակատարողական հիմնարկները։ Փոխարենը դիմել են, երբ ունեցել են հստակ, փաստարկված տվյալներ:

Որպես ասվածի օրինակ նա մատնանշեց այն փաստը, որ 1200 հանցագործություն կատարած անձանց նկատմամբ 2018-ին կալանքի միջոց ընտրված չէ: «Բայց թե քանիսն են ազատության մեջ լավ վարք դրսևորում, դա բարդ է ասել»,-ասաց նա:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: