09/23/2019

Սամվել Ալեքսանյանի ելույթը «Սյունյաց երկիր» թերթի՝ Մորուս Հասրաթյանին նվիրված հատուկ համարի շնորհանդեսում

Սամվել Ալեքսանյանի ելույթը «Սյունյաց երկիր» թերթի՝ Մորուս Հասրաթյանին նվիրված հատուկ համարի շնորհանդեսում

Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ:

 «Սյունյաց երկրի» հատուկ համարը՝ նվիրված Մորուս Հասրաթյանին, ընթերցողի սեղանին է, եւ կարող եք գնահատականներ տալ, դիտարկումներ անել:

Բայց ուզում եմ շնորհակալության, երախտագիտության խոսքով սկսել ասելիքս:

 Շնորհակալություն եւ երախտագիտություն նախեւառաջ համարի հովանավորին, ով համեստաբար չհամաձայնեց, որ իր մասին հիշատակում արվի համարում: 

Այդպես էլ վարվել ենք, բայց այսօր նրա անվան կողքով չենք կարող անտարբեր եւ լուռ անցնել ու հիացմունք չարտահայտել: 

Համարի հովանավորը Միքայել Մինասյանն է:

Ձեզ՝ պարոն Մինասյան, մեր խմբագրակազմի, մեր ընթերցողների, բազում սյունեցիների երախտագիտությունն ենք փոխանցում:

Դուք հավատացիք մեր խմբագրակազմի ստեղծագործական ներուժին, մտավոր կարողություններին եւ Մորուս Հասրաթյանին նվիրված հատուկ համար հրատարակելու պատասխանատու առաքելությունը վստահեցիք մեզ:

Մեր ազգային ու հոգեւոր արժեքների հանդեպ Ձեր նվիրական վերաբերմունքը հայ մարդուն վաղուց է հայտնի:Դրա վառ օրինակը եղան այն ջանքն ու հետեւողականությունը, որ դրսեւորեցիք Սուրբ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակելու, Վատիկանի այգիներում Գրիգոր Նարեկացու արձանը տեղադրելու գործերում:

Մորուս Հասրաթյանին նորովի ներկայացնելու նախաձեռնությունը մի նոր քայլ էր հոգեւոր-մշակութային ոլորտում Ձեր հայրենանվեր գործունեության մեջ:

Ձեզ՝ հետագա հաջողություններ:

Հարգելի բարեկամներ

«Սյունյաց երկիրը» մի քանի ամիս հետո կդառնա 16 տարեկան:

Անցած տարիներին թերթի մի շարք հատուկ համարների շնորհանդեսներ են կազմակերպվել Գորիսում, Կապանում, Սիսիանում:Եվ դրանց մասնակցել են ճանաչված շատ գիտնականներ՝ մայրաքաղաքից ժամանած, այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ նախագահը:

Պարոն Ռադիկ Մարտիրոսյանը մասնակցում էր Խաչատուր Աբովյանին նվիրված բացառիկ համարի շնորհանդեսին:

Սակայն այսօրվա շնորհանդեսն ինչ-որ առումով յուրահատուկ է եւ աննախադեպ:

Առաջին անգամ է մեր թերթի հատուկ համարի շնորհանդեսը կազմակերպվում մայրաքաղաքում, այն էլ՝ այսպես՝ հանրապետության գիտական համայնքի երեւելի շատ դեմքերի մասնակցությամբ:

Այդ իրողությունը մեզ ուրախացնում է, ոգեւորում, քաջալերում եւ, իհարկե, պարտավորեցնում:

Շնորհակալություն բոլորիդ եւ յուրաքանչյուրիդ, որ կարեւորում, գնահատում եք թողարկված համարը: 

Հավանաբար տեղյակ եք, որ 1996 թվականից մեզանում ձեւավորվեց պարբերական մամուլի եւ առհասարակ լրատվամիջոցների մի նոր միջավայր՝ մարզային լրատվամիջոցներ:

Սյունիքում նույնպես ծնվեցին մարզային թերթ, ռադիո, հեռուստատեսություն:

 Մարզային թերթը երկու անգամ փոխեց անունը եւ կարգավիճակը՝ գործող օրենքների պահանջներով պայմանավորված:

Եվ 2003-ին հիմնադրվեց «Սյունյաց երկիր» խորենացիական անվանումը կրող մարզային թերթը, որ երբեք դադար չի ունեցել այդ ժամանակաընթացքում եւ գործում է մինչեւ այսօր:

Տասնօրյա պարբերականությամբ լույս տեսնող «Սյունյաց երկիրը» ժամանակ առ ժամանակ, ի սկզբանե, թողարկում է հատուկ համարներ. դա մեր լրատվամիջոցի կարեւորագույն առանձնահատկություններից է:

Անցած տարիներին թողարկել ենք մոտ 20 հատուկ կամ բացառիկ համար:

Դրանք համարներ են՝ նվիրված Եղիշե Չարենցին, Ակսել Բակունցին, Խաչատուր Աբովյանին, Համո Սահյանին, Սերո Խանզադյանին, Գուսան Աշոտին, Սուրբ Գրիգոր Տաթեւացուն, Սուրբ Մովսես Խոտանանցի ամենայն հայոց կաթողիկոսին, Քաշաթաղի Մելիք Հայկազն երկրորդին, նշանավոր բյուզանդագետ Նիկողայոս Ադոնցին եւ ուրիշ մեծերի:

Դրանք համարներ են՝ նվիրված Տաթեւի տիեզերահռչակ վանքին, Աստծո կապանյան գլխավոր տաճարին՝ Վահանավանքին, Կապան, Գորիս, Քաջարան քաղաքներին, Լեռնային Ղարաբաղին, Հայաստանի անկախության 25-ամյա անցած ճանապարհին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին…

Այնպես որ՝ վաղուց էր հասունացել Սյունյաց աշխարհի նշանավոր զավակ, մեծահամբավ գիտնական Մորուս Հասրաթյանին հատուկ համար նվիրելու խնդիրը:

 Եվ 2016 թվականին հրապարակեցինք «Սյունյաց երկիր» թերթի հատուկ համար՝ նվիրված Մորուս Հասրաթյանին. 14 տպագրական մամուլ ծավալով, A3 չափսով:

Անշուշտ, հրաշալի գործ էր դա:

Պատահական չէ, որ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտխորհուրդը, հարգարժան Աշոտ Մելքոնյանի նախաձեռնությամբ, որոշեց «Սյունյաց երկրի» այդ համարը վերահրատարակել առանձին գրքույկով:

Դա նախադեպը չունեցող երեւույթ էր պարբերական մամուլի նորագույն շրջանի պատմության մեջ:

Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Մորուս Հասրաթյանի մասին ավելի ամբողջական ու ավելի բազմակողմանի խոսք ասելու անհրաժեշտություն կա: 

Այդ պահանջարկի բավարարման արտահայտությունն էլ եղավ մեր թերթի նոր թողարկումը:

Կա մի իրողություն, որի մասին նույնպես պետք է բարձրաձայնել:

Մեր բոլոր հատուկ համարները, մասնագետների կարծիքով, համապատասխանում են գիտական հանդեսներին ներկայացվող չափանիշներին:

Իսկ դա նշանակում է՝ չլիներ մեր գիտական հանրության երեւելի ներկայացուցիչների աջակցությունը, չէինք կարող այդ ոլորտում պատշաճ մակարդակով որեւէ քայլ կատարել, նման համարներ հրատարակել:

Եվ, բարեբախտաբար, միշտ էլ ստացել ենք այդ աջակցությունը:

Նման դեպքերում միշտ էլ մեր առաջ բաց են եղել գրեթե բոլոր գիտական հաստատությունների դռները՝ Մատենադարան, ԳԱԱ ինստիտուտներ, Պետական համալսարան, Մանկավարժական համալսարան, թանգարաններ, Ազգային արխիվ, Ազգային գրադարան…

Այդ առումով շատ գիտնականների անուն կարող էինք հիշեցնել եւ նրանց մեր անկեղծ հարգանքն ընծայել: Եվ դա տեղին կլիներ:

Բայց բավարարվենք միայն այն գիտնականներին հիշելով, ովքեր այս համարի նախապատրաստման ամբողջ ընթացքում մեզ հետ էին. բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյան, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյան, բանասիրական գիտություների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Բախչինյան, Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյան, Ազգային գրադարանի տնօրենի տեղակալ Հայկանուշ Ղազարյան, ուրիշներ:

Իսկապես, հպարտանալու տեղիք տվող իրողություն է. այդ մարդիկ անշահախնդիր ընդառաջել են մեզ, համբերատար, հետեւողական օգնել խմբագրությանը՝ թողարկվող համարին գիտական պատշաճ մակարդակ հաղորդելու համար:

 Մեր խմբագրակազմի շնորհակալությունն ենք հայտնում նրանց, նաեւ մեծ հայագետի որդուն՝ Մուրադ Հասրաթյանին, ում աջակցությունը զգացել ենք համարի նախապատրաստության ամբողջ ընթացքում:

Մեր առանձնահատուկ հարգանքը «Սյունյաց երկրի» վաղեմի բարեկամ, ճանաչված հեռուստալրագրող Արտակ Ալեքսանյանին. ինքն էր համակարգում կապը հովանավորի եւ խմբագրության միջեւ, արագ լուծումներ գտնում ծագող բոլոր հարցերի: 

Մոտ 40 տարի առաջ մահկանացուն կնքած Մորուս Հասրաթյանն այսօր էլ իր բնօրրանում՝ Սյունյաց աշխարհում, մեծ հեղինակություն է վայելում եւ հպարտանալու տեղիք տալիս երկրամասի բնակիչներիս:

Դրանում վերստին համոզվեցինք այն բանից հետո, երբ թերթի այդ համարը լույս տեսավ:

Առանց չափազանցության կարող ենք փաստել՝ վերջին մեկ ամսում մարզի մտավորականության, ընթերցող հասարակության քննարկումների, խոսակցությունների գլխավոր թեման Մորուս Հասրաթյանին նվիրված համարն է, նրա գիտական ժառանգությունը: 

Արձագանքները բազմաբնույթ են: 

Մարդիկ ոչ միայն գոհություն են հայտնում, այլեւ դիտարկումներ անում, նորանոր էջեր հայտնաբերում նրա կյանքին եւ գործունեությանն առնչվող: 

Ծիծեռնավանքում, Կորնիձորում, Անգեղակոթում, որտեղ եղանք մեկ շաբաթ առաջ, մարդիկ իրենց տարածքի պատմական հուշարձանների մասին պատկերացում են կազմում բացառապես ըստ Մորուս Հասրաթյանի:

Ախլաթյանում, Սիսիանում մարդիկ ցույց են տալիս, թե կոնկրետ որ դաշտամասում, որ ավերակում է Մորուս Հասրաթյանը պեղումներ կատարել:Պատմում են նրա մարդկային վեհ հատկանիշների մասին:

Ախլաթյանում մարդիկ հպարտությամբ են ցույց տալիս այն տունը, որ1931-ին, հայտնի երկրաշարժից հետո, կառուցել է Ստեփան դային՝ Մորուս Հասրաթյանի հայրը:

Դե իսկ նրա բանավիճային հոդվածներին՝ կապված Մովսես Խորենացու ծննդավայրի, Վարդան Մամիկոնյանի ենթադրյալ գերեզմանի մասին, տեղյակ են գրեթե բոլոր սյունեցիները:

Համարի նախապատրաստության ընթացքում եւս մեկ անգամ բախվեցինք իրողությանը, որ մինչեւ հիմա ըստ պատշաճի չի հավերժացվել ականավոր գիտանականի, մեծ սյունեցու հիշատակը:

Այդ հանգամանքի վրա եւս մեկ անգամ հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը:

Մինչեւ հիմա ընթերցողի սեղանին չի դրվել Մորուս Հասրաթյանի գիտական ամբողջ ժառանգությունը:

Իսկ նրա կողմից կազմված, խմբագրված, ծանոթագրված որոշ գրքեր հնարավոր չէ գտնել գրադարաններում:

Նկատի ունենք հատկապես Սայաթ-Նովայի հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն խաղերի ժողովածուն՝ հրապարակված 1963-ին:

Այդ հանգամանքի վրա նույնպես հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը:

Ուզում ենք տեղեկացնել նաեւ, որ «Սյունայց երկիրը» այսուհետ նույնպես, ընթացիկ համարներին զուգահեռ, շարունակելու է թեմատիկ համարների հրատարակումը:

Ներկայումս աշխատանքներ են տարվում Խնձորեսկ գյուղին նվիրված հատուկ համար թողարկելու ուղղությամբ:

Ծրագրված է առաջիկա տարում թողարկել հատուկ համարներ՝ նվիրված Սուրբ Հովհան Որոտնեցուն, Մեղրի քաղաքին, Բղենո Նորավանքին:

Իսկ մինչ այդ եւս մեկ անգամ խոնարհվենք բազմաշնորհ, ինքնատիպ ու լայնախոհ գիտնականի՝ Մորուս Հասրաթյան անընդգրկելի երեւույթի հիշատակի առջեւ ու գոհություն մատուցենք Բարձրյալին, որ Սյունյաց բարեբեր արգանդն այդպիսի անհատականություն է պարգեւել հայ ժողովրդին:

22 մարտի 2019թ.

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: