09/23/2019

«Սյունյաց երկիր» ամսագիրը հատուկ համար է նվիրել Մորուս Հասրաթյանի գործունեությանը. կայացավ ամսագրի շնորհանդեսը (լուսանկարներ) tert.am

«Սյունյաց երկիր» ամսագիրը հատուկ համար է նվիրել Մորուս Հասրաթյանի գործունեությանը. կայացավ ամսագրի շնորհանդեսը (լուսանկարներ) tert.am

«Սյունյաց երկիր» ամսագրի հատուկ թողարկման շնորհանդեսը, որ կայացավ այսօր, նվիրված էր պատմաբան, բանասեր, հնագետ, սայաթնովայագետ Մորուս Հասրաթյանին:

Ամսագրի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը նշեց, որ թերթը 16 տարեկան է, լույս է տեսնում 10-օրյա պարբերականությամբ և ժամանակ առ ժամանակ էլ տալիս է բացառիկ համարներ: «16 տարվա ընթացքում 20-ից ավելի հատուկ համարներ է թողարկել մեր թերթը, և, բնականաբար, չէինք կարող անտարբեր անցնել Մորուս Հասրաթյանի կողքով»,-ասաց նա:

Սամվել Ալեքսանյանը հիշեցրեց՝ Մորուս Հասրաթյանին առաջին անգամ անդրադարձել են 2016 թվականին: «Նա ազգային երևույթ է հատկապես հնագիտության և, մասնավորապես սայաթնովագիտության մեջ, բայց ես ուզում եմ ասել, որ նա սյունյաց միջավայրի ծնունդն է»,- ասաց ամսագրի գլխավոր խմբագիրը:

Վերջինիս խոսքով`այն, ինչ արել է Մորուս Հասրաթյանը, գիտության համար բացառիկ է և առայսօր որոշ հարցերում դեռևս չգերազանցված: «Թերթի այս հատուկ համարով մենք փորձել ենք այսօրվա սերնդին հաղորդակից դարձնել Մորուս Հասրաթյան երևույթին, փորձել մեր հարգանքի տուրքը մատուցել նրան: 2016 թվականին նրան անդրադարձած մեր թերթի համարը մեծ արձագանք գտավ, այնպիսի ընդունելության արժանացավ, որ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտխորհուրդը որոշեց հատուկ համարով գրքի տեսքով դա վերահրատարակել:

Ժամանակի ընթացքում հասկացվեց, որ ավելի ընդարձակ խոսք պետք է ասվի, և այս համարը հենց այդ նպատակն է հետապնդում»,-ասաց Ալեքսանյանը: Նա հավելեց, որ մեկ տարվա աշխատանք է պահանջվել համարը հրատարակելու համար:

Նշենք, որ ամսագրի` Մորուս Հասրաթյանին նվիրված հատուկ համարը լույս է տեսել Հասրաթյան-Մինասյան նորաստեղծ հիմնադրամի ջանքերով:

Ամսագրի շնորհանդեսին ներկա էին բազմաթիվ գիտնականներ, մշակութային գործիչներ, նախկին պատգամավորներ: Ներկա էր նաև Մորուս Հասրաթյանի որդին` Մուրադ Հասրաթյանը, որը ներկաներին և կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեց ամսագրի հատուկ համարի թողարկման, շնորհանդեսի և միջոցառման համար:

«Այս հատորը «Սյունյաց երկիր» ամսաթերթի՝ հորս նվիրված նախորդ հատորից տարբերվում է այն առանձնահատկությունով, որ այստեղ ներկայացված են նաև Հասրաթյան տոհմի մյուս գործիչները, որոնք նույնպես իրենց մեծ ավանդն են ունեցել հայ ժողովրդի մշակութային կյանքում, ՀՀ կյանքում, մայրաքաղաք Երևանի կյանքում»,- ասաց Մուրադ Հասրաթյանը:

«Սյունյաց երկիր» ամսաթերթի այս հատուկ համարում տեղ են գտել Մորուս Հասրաթյանի կենսագրության կարևոր էջերը, նրա լուսանկարները Մարտիրոս Սարյանի, Վազգեն Առաջին կաթողիկոսի, Համո Սահյանի հետ, ինչպես նաև, թե ովքեր էին հայագետի ուսուցիչները, ինչու էր Պարույր Սևակը շնորհակալ Հասրաթյանին և ինչու էր բանաստեղծը համարում, որ Հասրաթյանի շնորհիվ Սայաթ-Նովան միանգամայն նորացել է:

Այստեղ տեղ են գտել Հասրաթյանի նախկին ուսանողների հուշերը, որոնք պատմում են, թե ինչպես էր լսարան մտնում, ինչու անբավարար չէր նշանակում և ինչպես էր անցկացնում քննությունները: Համարում զետեղվել են նաև Մորուս Հասրաթյանի աշխատանքները, ժողովածուները, Սայաթ-Նովայի կենսագրության մանրամասները, վրացերեն ու թուրքերեն խաղերի թարգմանությունները, Հասրաթյանի հուշերը Չարենցի մասին, նա բացառիկ մանրամասներ է պատմում իր և Չարենցի հարաբերութունների մասին, ինչպես է նրա հետ լուսանկարվել Արփենիկի ծննդյան գիշերը, և ինչ են խոսել:

Այստեղ ընթերցողը կգտնի նաև Հասրաթյանի բանավիճային հոդվածները Խորենացու ծննդավայրի, Վարդան Մամիկոնյանի թաղված լինելու վայրի մասին և այլն: Իսկ ամսագրի վերջին էջերում արդեն Մուրադ Հասրաթյանն է բացառիկ մանրամասներ պատմում Ստալինյան բռնադատման օրերի մասին, թե ինչպես են մատնել Հասրաթյանին, ինչպես է փրկվել գնդակահարությունից, և աքրոստիկոս խոստովանական ցուցմունքը` որպես գաղտնազերծված ճշմարտություն:

Հավելենք, որ Մորուս Հասրաթյանի ժամանակակիցները նրան անվանել են «քայլող հանրագիտարան»:














 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: