09/23/2019

«Հայագիտության համար ի վերուստ կոչվածը». Կայացավ «Սյունյաց երկիր» ամսաթերթի հատուկ համարի շնորհանդեսը, որը նվիրված էր Մորուս Հասրաթյանին blognews.am

«Հայագիտության համար ի վերուստ կոչվածը». Կայացավ «Սյունյաց երկիր» ամսաթերթի հատուկ համարի շնորհանդեսը, որը նվիրված էր Մորուս Հասրաթյանին  blognews.am

Նրան ժամանակակիցներն անվանում էին «քայլող հանրագիտարան», մարդ, ով կոչված էր հայագիտությունը բարձրացնելու նոր մակարդակի։ Երեկ կայացավ պատմաբան, բանասեր, հնագետ, սայաթնովայագետ Մորուս Հասրաթյանին նվիրված  «Սյունյաց երկիր» ամսագրի հատուկ թողարկման շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ գիտնականներ, մշակութային գործիչներ, նախկին պատգամավորներ: BlogNews.am-ը ևս ներկա է եղել երեկոյին։ 

«Սյունյաց երկիր» ամսաթերթի այս հատուկ համարում տեղ են գտել Մորուս Հասրաթյանի կենսագրության կարևոր էջերը, նրա լուսանկարները Մարտիրոս Սարյանի, Վազգեն Առաջին կաթողիկոսի, Համո Սահյանի հետ, ինչպես նաև տեղեկություններ, թե ովքեր էին հայագետի ուսուցիչները, ինչու էր Պարույր Սևակը շնորհակալ Հասրաթյանին, և ինչու էր բանաստեղծը համարում, որ Հասրաթյանի շնորհիվ Սայաթ-Նովան միանգամայն նորացել է: Համարում զետեղվել են Մորուս Հասրաթյանի աշխատանքները, ժողովածուները, Սայաթ-Նովայի կենսագրության մանրամասները, վրացերեն ու թուրքերեն խաղերի թարգմանությունները, Հասրաթյանի հուշերը  Չարենցի մասին և ոչ միայն։ _H2A0706 copy

«Սյունյաց երկիր» ամսագիրը լույս է տեսնում արդեն 16 տարի ու այդ ընթացքում հասցրել է լույս ընծայել 20-ից ավելի հատուկ համարներ։ Ամսագրի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը նշում է՝ չէին կարող անտարբեր անցնել Մորուս Հասրաթյանի կողքով։ «Նա ազգային երևույթ է հատկապես հնագիտության և մասնավորապես սայաթնովայագիտության մեջ, բայց ես ուզում եմ ասել, որ նա սյունյաց միջավայրի ծնունդն է»,- ասում է Սամվել Ալեքսանյանն ու ավելացնում, որ այն, ինչ արել է Մորուս Հասրաթյանը, գիտության համար բացառիկ է և առ այսօր որոշ հարցերում դեռևս չգերազանցված:

«Սյունյաց երկիր» ամսագիրն առաջին անգամ Մորուս Հասրաթյանին անդրադարձել է 2016 թվականին։ Խմբագրի խոսքով՝ մոտ մեկ տարվա աշխատանք է պահանջվել այս համարը հրատարակելու համար. «2016 թվականին նրան անդրադարձած մեր թերթի համարը մեծ արձագանք գտավ, այնպիսի ընդունելության արժանացավ, որ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտխորհուրդը որոշեց հատուկ համարով գրքի տեսքով դա վերահրատարակել»,- ասաց ամսագրի գլխավոր խմբագիրն ու հավելեց, որ թերթի այս հատուկ համարով փորձել են այսօրվա սերնդին հաղորդակից դարձնել Մորուս Հասրաթյան երևույթին ու փորձել իրենց հարգանքի տուրքը մատուցել նրան:

_H2A0714 copy

Շնորհանդեսի ներկաների շարքում էր նաև Մորուս Հասրաթյանի որդին` Մուրադ Հասրաթյանը, ով ներկաներին և կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեց ամսագրի հատուկ համարի թողարկման համար։ «Այս հատորը «Սյունյաց երկիր» ամսաթերթի՝ հորս նվիրված նախորդ հատորից տարբերվում է այն առանձնահատկությամբ, որ այստեղ ներկայացված են նաև Հասրաթյան տոհմի մյուս գործիչները, որոնք նույնպես իրենց մեծ ավանդն են ունեցել հայ ժողովրդի մշակութային կյանքում, ՀՀ կյանքում, մայրաքաղաք Երևանի կյանքում»,- ասաց Մուրադ Հասրաթյանը, ով ամսագրի վերջին էջերում բացառիկ մանրամասներ է պատմում ստալինյան բռնադատման օրերի մասին, թե ինչպես են մատնել Հասրաթյանին, ինչպես է փրկվել գնդակահարությունից, և աքրոստիկոս խոստովանական ցուցմունքը` որպես գաղտնազերծված ճշմարտություն:

Նշենք, որ Մորուս Հասրաթյանին նվիրված հատուկ համարը լույս է տեսել «Հասրաթյան-Մինասյան» նորաստեղծ հիմնադրամի ջանքերով: _H2A0762 copy_H2A0788 copy_H2A0800 copy_H2A0790 copy

_H2A0749 copy_H2A0748 copy_H2A0747 copy_H2A0742 copy_H2A0740 copy_H2A0736 copy_H2A0731 copy_H2A0767 copy_H2A0728 copy_H2A0726 copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Էլեն Գրիգորյանի
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: