06/19/2019

Կապանը հրաժեշտ տվեց Կամո Արզումանյանին

Կապանը հրաժեշտ տվեց Կամո Արզումանյանին

Ապրիլի 15-ին մարզկենտրոնի բնակչությունը վերջին հրաժեշտը տվեց երկու օր առաջ մահկանացուն կնքած` Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանին։ Չորս տասնամյակից ավելի նրա կյանքը կապված էր թատրոնի հետ։ 1977-ին ընդունվել էր Կապանի պետթատրոն, հետո ռեժիսորի օգնական էր, ապա գլխավոր ադմինիստրատոր, 1991-ից մինչեւ կյանքի վերջին օրը թատրոնի տնօրենն էր։ Նրա թատերական գործունեության մեջ հիշարժան է 1995 թվականը, երբ Չարենցի «Կապկազ թամաշա» բեմադրության մեջ մարմնավորեց Թոփչիբաշեւի կերպարը։ Ներկայացումն արժանացավ ՀԼԿԵՄ կենտկոմի մրցանակին, նաեւ բեմադրվեց Ռուսաստանի մայրաքաղաքի Մայակովսկու անվան պետական ակադեմիական թատրոնի բեմում։ Կամո Արզումանյանը դերասանական գործունեության ընթացքում հանդիպել է Մհեր Մկրտչյանին, Արմեն Խոստիկյանին, Լեւոն Թուխիկյանին, Ազատ Գասպարյանին, հայ բեմարվեստի այլ նվիրյալներին` ստանալով նրանց օրհնությունը։ Կամո Արզումանյանը Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակի դափնեկիր էր, արժանացել էր «Մովսես Խորենացի» մեդալի։

Մեծ ջանքերի գնով կարողացավ պահել թատրոնը, որ չլռի բեմական խոսքը։ Նրա պաշտոնավարման օրոք թատրոնն իր շենքն ունեցավ, ասել է թե` մշտական հասցեն։ Հայ-ադրբեջանական հակամարտության օրերին եւ տարածաշրջանում հրադադար հաստատվելուց հետո տնօրենի նախաձեռնությամբ թատրոնի դերասանները հանդես են եկել առաջնագծում եւ զորամասերում։ Անպակաս էին բեմադրությունները մարզի կրթօջախներում` այդպիսով նպաստելով դեռահասների գեղագիտական դաստիարակությանը։

Առավոտվանից թատրոնը սգո հանդերձանքի մեջ էր։ Կեսօրին մոտ նրա դագաղի մոտ պատվո պահակ էին կանգնել նրա գործընկերները, արվեստի երկրպագուները, մտերիմները։ Ճանաչված տնօրենին եւ դերասանին վերջին հարգանքի տուրքը մատուցելու էին եկել թատերական աշխարհի ներկայացուցիչներ մայրաքաղաքից եւ մարզերից։ 

Տեղի ունեցավ սգո հանրահավաք։ Կամո Արզումանյան մարդու եւ դերասանի մասին խոսք ասաց Լեւոն Մարգարյանը։ Նրա կերպարն ամբողջացավ Սյունիքի մարզպետարանի քարտուղարի տեղակալ Գրիգոր Թադեւոսյանի, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ Հակոբ Ղազանչյանի, բանաստեղծ-թարգմանիչ Գագիկ Դավթյանի, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանի հիշատակի խոսքերում։

Ընթերցվեցին հանրապետության թատերական կոլեկտիվների ցավակցական հեռագրերը, որոնցում, մասնավորապես, նշված է, որ Կամո Արզումանյանի մահը կորուստ էր հայ թատերարվեստի համար։

Վերջում Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը հոգեհանգստյան պաշտոն կատարեց։ Ինչպես վայել է թատերարվեստի նվիրյալներին, Կամո Արզումանյանին վերջին հանգրվան ճանապարհեցին ծափերով։

Վահրամ Օրբելյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: